կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-15 04:26
Քաղաքական

ՀՅԴ-ն չի մասնակցելու

ՀՅԴ-ն չի մասնակցելու

Մարտի 10-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հրավեր է ստացել է «Վիլտոն Պարկից» (Wilton Park)` մասնակցելու մարտի 24-27-ը Ստամբուլում կայանալիք «Ժամանակակից աշխարհում ներգրավվելու` Թուրքիայի քաղաքականությունը» թեմայով համաժողովին։

 

Սա «Վիլտոն Պարկի» կողմից Թուրքիայում կազմակերպված երրորդ համաժողովն է, այն անցկացվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ։ Բացումը կատարելու է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։

 

Վահան Հովհաննիսյանը մարտի 11-ին նամակով պատասխանել է հրավերին. «Ցավոք, ստիպված եմ մերժել հրավերը, որովհետեւ մենք չենք մասնակցելու Թուրքիայի կառավարության կամ նրա համագործակցությամբ կազմակերպվող, եւ կամ թուրք պաշտոնյաների մասնակցությամբ ժողովներին, քանի որ Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը եւ մերժում է ընդունել պատասխանատվություն դրա համար։ Համոզված եմ, որ Թուրքիայի արտաքին գործոց նախարարը բարձր կգնահատի այս սկզբունքային դիրքորոշումը»։

 

Վ. Հովհաննիսյանն իր նամակում ասում է. «Մենք կողմ ենք երկխոսությանը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Սակայն ականատես եղանք, թե ինչպես Թուրքիան չարաշահեց Հայաստանի կողմից անկեղծ բարյացակամության քայլը. Թուրքիան մերժում է վերջ տալ Հայաստանի միակողմանի եւ անօրինական շրջափակմանը եւ շարունակում է իր կողմնակալ վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրների նկատմամբ։ Հետեւաբար, մենք չենք ցանկանում Թուրքիային տրամադրել նոր լծակներ՝ իր մեքենայությունների ու նենգ վարքագծի համար»։

 

ՀՅԴ Բյուրոյի անդամը նամակն ավարտում է շնորհակալական խոսքով եւ ցանկություն հայտնում «մասնակցել «Վիլտոն Պարկի» այլ համաժողովների կամ նախաձեռնությունների, որտեղ կլինեն նաեւ իսկական քաղաքացիական հասարակության մասնակիցներ»։

 

Ի դեպ, վերջին շրջանում Դավութօղլուն չի մասնակցում միջազգային հավաքների, որոնց մասնակցում են նաեւ Իսրայելի պաշտոնյաները: Դավութօղլուն իր մերժումը հիմնավորում է նրանով, որ Իսրայելը չի ցանկանում ներողություն խնդրել 2010 թ. մայիսի 31-ին թուրքական նավի վրա հարձակման համար։

 

Հրավերի առիթով Վ. Հովհաննիսյանը «Երկիր»-ին ասաց. «Այս հրավերը մաս է կազմում Թուրքիայի` վերջին շրջանում հրապարակած քաղաքականությանը, որի նպատակն է մի կողմից` Արեւմուտքին ցույց տալ, թե իբր ինքը երկխոսության մեջ է Հայաստանի եւ հայության հետ, մյուս կողմից՝ պառակտել հայկական կողմը՝ կեղծ երկխոսության փորձեր անելով հայ հասարակության առանձին շրջանակների հետ՝ Հայաստանում կամ Սփյուռքում։ Դաշնակցությունը լավ ծանոթ է Թուրքիայի այս վարքագծին եւ մերժում է ընթացք տալ նրա սադրանքներին, հատկապես այս օրերին, երբ Թուրքիան շարունակում է Հայաստանի նկատմամբ իր թշնամական քաղաքականությունը եւ Թուրքիայում դատում է հայ-թուրքական իսկական մերձեցման կողմնակիցներին։ Բոլորս պետք է զգոն լինենք եւ միասնական կեցվածքով ձախողենք Թուրքիայի այս քաղաքականությունը»։