կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-26 01:29
Տնտեսական

Գնաճը սխալ կառավարման հետեւանք է

Գնաճը սխալ կառավարման հետեւանք է

Գնաճի խնդրի եւ դրա զսպման մեխանիզմների շուրջ «Հայելի» մամուլի ակումբում այսօր բանավիճել են սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը եւ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

 

«Իրականում մենք բավականին ամուր, զրկանքների սովոր ազգ ենք, եւ դա քարտ բլանշ է տալիս իշխանություններին` սղաճն ու գների բարձրացումը պահել որոշ մակարդակի վրա»,- նկատել է Ադիբեկյանը` հավելելով, որ եթե այսպես շարունակվի, լարվածությունն ինքնաբերաբար կմեծանա:

 

Սոցիոլոգը համոզված է, որ ո'չ շրջափակումը, ո'չ ռեսուրսների առկայությունը կամ բացակայությունը անմիջական պատճառ չեն աղքատության շեմի կանխորոշման համար: Ըստ նրա` ամեն ինչ կախված է նրանից, թե երկիրն ինչպես է կարողանում տնօրինել իր կարողությունները:

 

«Աղքատությունը որեւէ երկրում կախված է կառավարման համակարգից»,- ընդգծել է սոցիոլոգը եւ հավելել, որ «մենք թեթեւ քաշային ենք, պահուստային ռեսուրսներ չունենք, որ կարողանանք նման տատանումներին դիմակայել, հետեւաբար անմիջապես կախված ենք միջազգային շուկաներից. ցանկացած ալիք անմիջապես անդրադառնում է Հայաստանի վրա»: Ըստ նրա` այս ամենը վատ կառավարման հետեւանք է:

 

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի կարծիքով` երկիրը դեռ դուրս չի եկել ճգնաժամի ճիրաններից: Ըստ նրա` ճգնաժամի պաշտոնական ավարտից հետո ոսկու գնի պարբերաբար բարձրանալն արդեն իսկ ապացույց է, որ ճգնաժամը չի անցել: Փորձագետի կարծիքով` թե' ներսի, թե' դրսի կառավարիչները կառավարումից այնքան են հեռու, «ինչքան խոզը տուռնիկից»:

 

Նրա խոսքերով` մեզ մոտ գնաճը նույնպես չի կառավարվում: «Ինչո՞ւ են նման գործառույթ տալիս մի կառույցի, որը գների վրա կարող է մի գործիքով ազդել: Ուզում են գնաճը պահել` փողի քանակը քչացնում են, փոխարժեքը իջեցնում: Եթե չեն կարող պահել, ուրեմն փոխարժեքը բարձրանում է, գները նույնպես»,- ասել է Մեսրոբյանը` նշելով, որ գների հզոր զսպման մեխանիզմը պետական պաշարներն են, բոլոր իրենց հարգող պետություններն ունեն սննդի 6 ամսվա կամ 1 տարվա պետական պաշարներ, այնինչ մենք նման բան չունենք, հետեւաբար, հերիք է` թեկուզ երեք ամսում աշխարհում ինչ-որ մի ապրանքի գինը բարձրանա, երկու ժամից այն բարձրանում է նաեւ մեզ մոտ: Իսկ եթե պետությունն ունենա պաշարներ, փորձագետի համոզմամբ, ներկրող տնտեսվարող սուբյեկտները ժողովրդի գլխին նման խաղեր չեն խաղա:

 

Փորձագետը նաեւ կարծիք է հայտնել, որ մեզ մոտ ոչ միայն ընդհանրապես կառավարում չկա, այլեւ 2010 թվականից սկսվել է Հայաստանի պետական կառավարման համակարգի փլուզումը: Հետագա սխալներից խուսափելու համար Մեսրոբյանն առաջարկում է կիրառել գնաճի զսպման երեք մեխանիզմ` գների կարգավորման պետական ուղիղ մեխանիզմներ, մենաշնորհը «ջարդելու»`պետության կողմից պարտադրված քայլ, ինչպես նաեւ 1 տարվա կամ գոնե 6 ամսվա կտրվածքով պետական պաշարների ստեղծում: