կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-11 23:33
Առանց Կատեգորիա

ԵՐԿԻՐ. Գայլի գլխի համար` 100 հազար դրամ

ԵՐԿԻՐ. Գայլի գլխի համար` 100 հազար դրամ

Գայլերին ոչնչացնելու համար որսորդներն արդեն խթան ունեն. կառավարությունը երեկ կարգ հաստատեց. յուրաքանչյուր ոչնչացված գայլի դիմաց որսորդը կպարգեւատրվի 100 հազար դրամով: Այդ նպատակով բնապահպանության նախարարությանը հատկացվել է 10 միլիոն դրամ` 100 գայլի համար:

 

Ոչ վաղ անցյալում համանման մի որոշում էլ կայացվել էր Արցախում, ու քանի որ այդպես հաջողվել էր կանխել գայլերի թվաքանակի կտրուկ աճը, հայրենի կառավարությունը որոշեց հետևել Արցախի օրինակին:

 

Սակայն այլ կարծիքի են մեր բնապահպանները: Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը մեզ հետ զրույցում նշեց. «Երբ ինչ-որ թվաքանակ շատանում է, ուրեմն պետք է բնությանը: Քանի որ մեր կառավարությունը խրախուսում է անտառահատումները, արդյունքում, բնականաբար, կրճատվում են կենդանիների ապրելավայրերը, անտառներից դուրս են մղվում նաեւ գայլերի կեր հանդիսացող կենդանիները, եւ գայլն էլ սկսում է կեր հայթայթել մարդկանց բնակավայրերին մոտ»:

 

Բնապահպանի կարծիքով` սա բերում է ոչ թե գայլերի պոպուլյացիայի ավելացմանը, այլ նրանք պարզապես հայտնվում են մարդու տեսադաշտում: «Գայլերի որսը խրախուսելը պարզապես հանցագործություն է բնության դեմ ու անամոթ վերաբերմունք: Ո՞ւմ հետ են խորհրդակցել… Բնապահպանների՞ հետ: Տեղից մեր ժողովուրդը բնության հանդեպ հոգատար չէ, հիմա էլ պետք է հրացաններն առնեն` ընկնեն գայլերի ետեւի՞ց»:

 

Բնապահպանության նախարարությունից տեղեկացանք, որ գայլերի որսով կարող են զբաղվել հրազենի թույլտվություն եւ որսորդի վկայական ունեցողները՝ գրանցվելով հատուկ ստեղծված հանձնաժողովում: «Բայց ենթադրենք, գյուղացի է, ու գայլերը հարձակվել են, այդ դեպքում նա իրավունք ունի առանց համապատասխան փաստաթղթերի ոչնչացնել գայլերին»,- մեզ հետ զրույցում ասաց ԲՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյանը:

 

Հայաստանի անտառներում այսօր 300-350 գայլ է ապրում: Առայժմ այդքան:

 

Շուշան ՇԱՀՎԵՐԴՅԱՆ