կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-28 23:04
Արցախ

Ամենաերկարակյաց նախարարը

Ամենաերկարակյաց նախարարը

Երեկ ասուլիսի ժամանակ լրագրողները հարցրել են ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանին, թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ նա երկար տարիներ զբաղեցնում է ֆինանսների նախարարի պաշտոնը:

 

Ի պատասխան` նախարարը նախ նշել է, որ, էթիկայի կանոններից ելնելով, հարցին չպիտի պատասխանի, բայց շարունակել է, որ թե՜ ներկայիս, թե՜ նախկին ղեկավարությունները նկատել ու գնահատել են իր աշխատաոճը, աշխատանքի նկատմամբ վերաբերմունքը եւ պրոֆեսիոնալիզմը, իսկ ինքն էլ համաձայնել է կատարել այդ աշխատանքը:

 

Սպարտակ Թեւոսյանը 1992-1998թթ. զբաղեցնում էր ԼՂՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարի պաշտոնը` կարճաժամկետ ընդմիջումով: 1999թ. նա կրկին նշանակվել է ֆինանսների նախարար եւ մինչեւ հիմա շարունակում է զբաղեցնել այդ պաշտոնը:

 

Փաստորեն, 17 տարուց ավելի է` Սպարտակ Թեւոսյանը Ղարաբաղի ֆինանսների նախարարն է: Ժամանակին Արցախում լույս տեսնող «Դեմո» հանրային թերթը նույնիսկ անեկդոտ էր տպագրել այդ կապակցությամբ: Անեկդոտը Ղարաբաղում շատերը գիտեն եւ հաճախ են պատմում: Ասում են՝ ղարաբաղցի մեծահարուստները (նոր ղարաբաղցիները) հանգստանում են Եգիպտոսում: Բուրգերից մեկում նրանք տեսնում են անտիկ ժամանակներից պահպանված սարկոֆագ եւ խնդրում բացել, որպեսզի մումիան տեսնեն: Տարակուսած եգիպտացիներին մերոնք ինչքան պետք է փող են տալիս եւ բացել տալիս սարկոֆագը: Հենց բացում են՝ մումիան կենդանության նշաններ է ցույց տալիս, ապա եւ նստում:

 

-Որտեղի՞ց եք,- հարցնում է նա:
-Ղարաբաղից:
-Ի՞նչ կա-չկա ձեզ մոտ: Էն Թեւոսյան Սպարտակը դեռ ֆինանսների նախարա՞ր է...