կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-18 04:55
Հասարակություն

Երեւանի քաղաքապետարանի կառուցվածքային նոր նախագիծ

Երեւանի քաղաքապետարանի կառուցվածքային նոր նախագիծ

Այսօր քաղապետարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարել էր Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը։ Մինչ օրակարգի հիմնական հարցերին անցնելը քաղաքապետը նախ նշել է, որ առաջիկա ուրբաթ օրը Երեւանի ավագանու դիտարկմանը կներկայացվի քաղաքապետարանի կառուցվածքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների նախագիծ։ Կարեւորովեց քաղաքապետարանի եւ վարչական շրջանների  աշխատակազմերի լիազորությունների կանոնակարգման հարցը, հանձնարարելով միջոցներ ձեռնարկել դրանց ապակենտրոնացման ուղղությամբ։

 

Անցնելով օրակարգային հարցերին, Երեւանի քաղաքապետը նախ անդրադարձավ մայրաքաղաքի կենտրոնում շինարարության ծավալներին՝ նշելով, որ դրանք էականորեն նվազելու են. «Բացի բակային տարածքների բարեկարգումից, Կենտրոնում որեւէ այլ շինթույլտվություն սկզբունքնորեն չի տրվելու, կանաչ տարածքի հաշվին որեւէ շինարարություն չի լինելու։ Ինքնակամ եւ ապօրինի շինարարության դեմ կոշտ քաղաքականություն ենք իրականացնելու»։ Հսկողությունը շարունակական է լինելու նաեւ ապօրինի առեւտրի կանխարգելման ուղղությամբ։

 

Տրանսպորտի վարչությանը հանձնարարվեց գույքագրել ավտոկայանտեղիները եւ դրանք բերել օրինական դաշտ։ Հասարակական տրանսպորտի աշխատանքի արդյունավետության եւ ուղեւորահոսքը կառավարելի դարձնելու նկատառումով առաջարկվեց տրանսպարտային նոր հայեցակարգ մշակել, այդ նպատակով մայրաքաղաքի բանուկ հատվածներում տեղադրել տեսախցիկներ։

 

Կարեն Կարապետյանը անդրադարձավ նաեւ կրթական ոլորտի կառավարմանը եւ շեշտադրեց, որ դպրոցների տնօրենների թափուր պաշտոնների համար հայտարարվող մրցույթներին ապահովվի  առնվազն երկու թեկնածուի  մասնակցություն. «Տարիներ շարունակ ձեւավորվել է արատավոր համակարգ, երբ վերապատրաստման դասընթացների գնում եւ հավաստագրեր ստանում են միայն գործող տնօրենները, արդյունքում չկա մրցակցություն եւ անընդհատ վերարտադրում ենք նույն համակարգը, ինչն անթույլտրելի է»,- նկատեց քաղաքապետը։

 

Համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ տրվեցին նաեւ, բյուջետային ապառքների հավաքագրումն ավելի արդյունավետ կազմակերպելու եւ քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում աշխատանքները կանաոնակարգելու վերաբերյալ։


Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: