«Հայաստան բռնագաղթված 3 փախստականներից 2-ը, այսինքն` բռնագաղթվածների ավելի քան 60 տոկոսը (շուրջ 220.000 մարդ), եղել են բաքվեբնակներ: Նրանց կորուստները հնարավորինս մեղմելու եւ անհետաձգելի կարիքները լուծելու համար 1990-ականներին Հայաստանի իշխանություններն ամեն ինչ արել են` չգնալու հարեւան Ադրբեջանի ճանապարհով, ստեղծվել են ոչ թե ժամանակավոր ճամբարներ, այլ փախստականների տրամադրության տակ են դրվել հանրային բոլոր ռեսուրսները»,-այսօրվա մամուլի ասուլիսում հայտարարել է Պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Սակայն բնակարանային ապահովությունը փախստականների բազում խնդիրների շարքում այսօր էլ շարունակում է առաջնային մնալ: Սկսած 1994-ից Ադրբեջանից բռնագաղթված փախստականների համար Հայաստանում կառուցվել է 4.485 քոթեջ ու բնակարան: 2004-ից ՀՀ կառավարությունն իրականացնում է առավել կարիքավոր փախստական ընտանիքների բնակարանային ապահովության ծրագիրը, որի շրջանակներում անցած տարիներին 1.065 ընտանիք ստացել է բնակարանների ձեռք բերման վկայագրեր, իսկ 2010թ. Երեւանում շահագործման հանձնվեց բազմաբնակարան շենք, որտեղ մշտական օթեւան ստացավ 61 ընտանիք: Ծրագրում ընդգրկված 1.169 ընտանիք դեռեւս սպասում է բաղձալի օրվան: Ծրագրի այս մասի արժեքը, Գագիկ Եգանյանի փոխանցմամբ, կազմում է 45 մլն դոլար: Հայաստանի իշխանությունները հույսը կապում են մայիսին կայանալիք ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ համատեղ կազմակերպվող միջազգային դոնոր համաժողովի հետ, որի ընթացքում հիմնախնդրի կարեւորությունը կներկայացվի տարբեր երկրների միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին` ակնկալելով նրանց աջակցությունը: