կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-14 13:01
Քաղաքական

Հովիկ Աբրահամյանը կոմպրոմիսների մարդ է, համերաշխություն սերմանող. Ալեքսանդր Արզումանյան

Հովիկ Աբրահամյանը կոմպրոմիսների մարդ է, համերաշխություն սերմանող. Ալեքսանդր Արզումանյան

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով` Հովիկ Աբրահամյանի նշանակումը վարչապետի պաշտոնում անակնկալ չէր, որովհետև դեռ առաջին օրվանից շոշափվում էր հենց նրա անունը:

 

Պատգամավորի խոսքով` դեռ պետք է սպասել ու տեսնել, թե ինչ է իրենից ներկայացնելու նոր կառավարությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ անձի փոփոխությամբ որևէ բան չի փոխվի, եթե չլինի վարչապետի կողմից համակարգային փոփոխությունների պատրաստակամություն, ուստի խնդիրը վարչապետի անձը չէ, այլ ծրագիրը, որով երկիրը պետք է դուրս գա ճգնաժամից, որից հետո հնարավոր կլինի գնահատականներ տալ վարչապետի գործունեությանը:

 

«Վեց տարվա ընթացքում Տիգրան Սարգսյանը որևէ առաջընթաց չի արձանագրել որևէ ոլորտում: Պահը գալու էր և նախագահը պետք է զոհաբերեր նրան»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը:

 

Հարցին` ի՞նչ էր նշանակում նոր վարչապետի նշանակման պահին երկրի նախագահի այն միտքը, թե առաջնահերթություն է այն, որ արգելվի կոռուպցիան, Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց, որ այդ հայտարարությունից ստացվում է, որ մինչև վերջերս որևէ մեկը նման բան չէր արգելել, ուրեմն` մինչ այս որևէ պաշտոնյա սխալ բան չի արել, իսկ հիմա պաշտոնապես արգելվում է:

 

Դիտարկմանը, թե նախագահն ու նոր վարչապետը իրենց ելույթներում խոստումներ էին տալիս, պատգամավորն արձագանքեց, որ քաղաքական անձի փեշակն է մեծ-մեծ խոստւմներ տալը, և քաղաքացու որոշումն է ընտրել խոստումներ տվողին կամ չհավատալ խոստումներին: «Ես չեմ տեսել որևէ նախագահի կամ վարչապետի, ով ասի` գալիս եմ գողություն անելու: Պարզ է, որ գեղեցիկ խոստումներով են գալիս»,- ասաց նա:

 

Քառյակի գործողությունների հետ կապված` պատգամավորը նշեց, որ, առհասարակ, քաղաքական ուժերի միջև միասնաբար հանդես գալու ցանկացած քննարկում կամ բանակցություն ողջունելի քայլ է: Նրա կարծիքով` քառյակը հիմա մտնում է մանևրելու շրջան` քառյակի մի մասը ուզում է մտնել կոալիցիա, մի մասը առևտրով է զբաղված, և դեռ պետք է ժամանակ կանցնի, որպեսզի հստակեցվի, թե որ ուժն ինչ է ուզում:

 

Իսկ կմտնե՞ն կոալիցիա, թե՞ ոչ, ըստ Ալեքսանդր Արզումանյանի, կախված է այդ ուժերի «փչանալու կամ վարկաբեկվելու» աստիճանից: «ԲՀԿ-ն իրեն այլըտրանք հռչակելու առաջին օրվանից թիրախ է ընտրել կառավարությանը և վարչապետին, և ակնհայտ է, որ Հովիկ Աբրահամյանը ընդունելի ֆիգուր է ԲՀԿ-ի համար: Ինքը նաև կոմպրոմիսների հակված անձնավորություն է, գուցե կուտակայինի հետ կապված կայացնի որոշում, որը ընդունելի կլինի բոլորի համար»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը:

 

Նա նաև նշեց, որ շատ լավ կարծիք ունի Հովիկ Աբրահամյան մարդու մասին, սակայն իրեն առավել հետաքրքրում է, թե կարո՞ղ է արդյոք Հովիկ Աբրահամյանը իրականացնել նորմալ ծրագիր: «Որպես անձ` շատ ընդունելի անձ է, նա միշտ կանխել է ԱԺ-ում որևէ պոռթկում, միշտ ցանկացել է համերաշխություն սերմանել, բայց կարևորը լավ ծրագիր իրականացնելն է»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը: