«Տարեցտարի պետբյուջեից ավելի շատ գումարներ են ուղղվում պետական պահուստի ձեւավորման աշխատանքներին, այս տարի պահուստ ունենալո՞ւ ենք, թե՞ չէե Երկիրի թղթակցի հարցին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը պատասխանել է, որ պետական պահուստ ունենալու համար անհրաժեշտ են միլիարդավոր գումարներ, իսկ կառավարությունը տարեցտարի միլիոններ է հատկացնում միայն, որոնք հիմնականում ուղղվում են պահեստների շինարարությանը:
Վարչապետի խոսքերով, 2011-ին ավարտին կհասցվի վառելիքի պահուստի համար համապատասխան շինության կառուցումը, որից հետո վառելիքի որոշակի պահուստ կունենա պետությունը: Ըստ նրա` առաջին հերթին այսօր անհրաժեշտ է վառելիքի կուտակումը, քանի որ այն ներկրվում է դրսից, ինչը անկանխատեսելի խնդիրների առաջ է մեկ մեկ կանգնեցնում ներկրող երկրներին: Վարչապետը հիշեցրեց Վրաստանում 2008-ի հնգօրյա պատերազմի հետեւանքով առաջացած խնդիրները, հավելելով, որ պետք է այնպես անել, որ հնարավոր լինի ինչ-որ չափով խուսափել նման խնդիրներից:
Նա շարունակելով թեման անդրադարձավ նաեւ պարենային որոշ ապրանքների կուտակմանը, որն, ըստ նրա, այսօր այդքան էլ առաջնահերթ չի, քանի որ բազմաթիվ քաղաքացիների մոտ անհրաժեշտ չափով ապրանք կա, որն անհրաժեշտության դեպքում կարող է օգտագործվել: Խոսքը ցորենի, մսի եւ այլ ապրանքների մասին է: