կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-22 00:39
Հասարակություն

Ի՞նչ արժե Ամանորի սեղանը

Ի՞նչ արժե Ամանորի սեղանը

Միայն այն չի վաճառվում է,
Որ ոչ կանգնում է, ոչ ընկնում,
Որ ոչ լողում է, ոչ թռչում,
Միայն այդ չի վաճառվում:
Մնացածը վաճառվում է
Անաստված այս աշխարհում...

 

Արթուր Մեսչյանի երգը երգելով` մտա գումի շուկա:

 

-Բարեւ ձեզ: Ամանորի պատրաստի սեղանն ի՞նչ արժե:

 

-Նայած` որը, քուր ջան:

 

-Դե, միջին որակի:

 

-200.000 դրամ:

 

-Վերջին գի՞նն է:

 

-Հա, չնայած` եթե մրգերը թեթեւացնենք, նենց մի 180.000-ով կբարիշենք:

 

-Լավ, այդ դեպքում ինձ մյուս սեղանների գներին էլ ծանոթացրեք` տեսնեմ տարբերությունը որն է:

 

-Քյասիբ սեղան`100.000, հարուստոտ` 300.000-ից սկսած: Ո՞րն է ձեռք տալիս:

 

-Կապրենք կտեսնենք:

 

Նախկինում Ամանորին հայերի տուն հյուր էր գալիս Կաղանդ կամ Աղանդ պապիկը, ասել է, թե` քաղցր պապիկը, իսկ այժմ Ձմեռ պապը, որն իր հետ բերում է խոզի չալաղաջաշատ բուդ, բլինչիկ, իշլի քյուֆթա, քաբաբ, աղցաններ` տեսակ-տեսակ, պանրի եւ երշիկեղենի բազմագույն տեսականի, եւ մի քիչ աղանդ` խմորեղեն, «չարազի» տեսքով:

 

Ամանորյա սեղանի առատությունը տեսնելով` չեմ կարող չհիշել Նարեկ Դուրյանի «Մորաքույրը Փարիզից» ներկայացումը, որտեղ դերասանը մանրակրկտորեն ցույց էր տալիս, թե ինչպիսի բութ վիճակում են հայտնվում հայկական սեղանից «օգտվողները»:

 

Ամանորյա եռաշերտ սեղան գցողների մեծամասնությունը հունվարի առաջին աշխատանքային օրը զարմանքով կանգնում է փաստի առաջ. տոնը վերջացավ, փող չկա, բայց կան պարտքեր ու դեռ մեկ ամբողջ ամիս` աշխատավարձ ստանալու համար:

 

Բոլորն անվերջ բողոքում են կերակրաշատ Նոր տարուց, բայց արդեն խցանումներ են սկսվել շուկաներում, տոնավաճառներում, գեղեցկության սրահներում, առհասարակ, այնտեղ, որ ինչ-որ բան է վաճառվում, իսկ մեզ մոտ վաճառվում է ամեն ինչ եւ «Ամենն է վաճառվում»: