կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-21 22:39
Քաղաքական

ԱԶԳ. Վարչապետը լռում է

ԱԶԳ. Վարչապետը լռում է

Քաղաքապետի երդման արարողության ժամանակ, որին մասնակցում էր նաեւ հանրապետության նախագահը, «Նոր փոփոխություններ սպասվո՞ւմ են գործադիրում» հարցից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը լուրը չհաստատեց, սակայն չհերքեց էլ. ընդամենը դիվանագիտական պատասխան տվեց. «Ժամանակը կգա, եւ կառավարությունում կատարվելիք փոփոխությունների մասին կիմանաք»:

 

Կառավարությունում տեղի ունեցած փոփոխությունները արդարադատության նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանին ստիպել են այլեւս չզբաղվել իր սիրած գործով. չի կարողանա կնոջ հետ շրջել սուպերմարկետում եւ գնումներ կատարել. ժամանակը չի բավականացնում:

 

«Երեկ կնոջս հետ էի խոսում եւ ասում, որ այսուհետեւ ինքն է գնումներ կատարելու: Դա իմ սիրած գործն էր, տուն գալուց առաջ զանգում էի ու հարցնում` ինչ պետք է գնել այսօր»,- անկեղծացավ Հրայր Թովմասյանը:

 

«Ազգ»-ի հարցին` «Որն է լինելու առաջին քայլը, եւ ինչի՞ն է ուշադրություն դարձնելու», նախարարն ասաց, որ նախ պետք է համակարգին ծանոթանա: Գլխավոր նպատակներից է կաշառակերության դեմ պայքարը: Դրան կարելի է հասնել պետական չինովնիկի եւ քաղաքացու անմիջական շփումները նվազագույնի հասցնելով:

 

«Դա վերաբերում է նաեւ քրեակատարողական հիմնարկներինե, ասաց նախարարը: Թովմասյանը հավաստիացնում է, որ նախարար նշանակվելուց հետո իր մարդկային հատկանիշներն ու անձնական որակները չեն փոխվել:

 

«Ինչպես լինում է մարդ, այնպես էլ մնում է, ու անսկզբունքային մարդը չի կարող դառնալ հակառակը: 40 տարեկան դարձած անսկզբունքային մարդը չի կարող փոխվել կամ լավ մարդը չի կարող վատը լինել: Հետեւաբար նախարար դառնալուց հետո իմ անձնական որակները չեն փոխվի»:

 

Մինչ Հրայր Թովմասյանը նոր պաշտոնին է հարմարվում, գյուղատնտեսության նախարարը հերքում է իր պաշտոնանկության մասին լուրերը:

 

«Նման բան չկա, սուտ է, որ այդ խոսակցություններին հավատայինք, այժմ աշխատանքի չպետք է լինեինք»,- ասաց նա:

 

Պրն. Ալավերդյանը պաշտոնին հրաժեշտ տալու մասին խոսակցությունները «անլուրջ» է որակում` հավելելով, որ «Օրինաց երկիր» կուսակցությունում պաշտոնից հրաժարվելու կամ չհրաժարվելու մասին ոչ մի քննարկում չի եղել:

 

«Հրաժարականի մասին խոսակցություններն իրենց մեջ լրջության ոչ մի էլեմենտ չունեն»,- ասաց նա: