կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-10 01:13
Մշակույթ

Արցախում դժգոհ են հանրային հեռուստատեսությունից

Արցախում դժգոհ են  հանրային հեռուստատեսությունից

Արցախում 2011թ. հունվարի 1-ից աշխատավարձերի բարձրացում է նախատեսվում պետբյուջեից ֆինանսավորվող լրատվամիջոցներում: Թե այդ լրատվամիջոցներում ինչ կփոխվի դրանից` դժվար է ասել, կփոխվի արդյոք լրատվամիջոցների որակը, կլուսաբանվեն արդյոք հասարակությանն առավել շատ մտահոգող խնդիրները` դա էլ հարց է:

 

Օրերս ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հաջորդ տարվա պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը պատգամավորներին զգուշացրեց, որ լրատվամիջոցների որակի մասին հարցեր չբարձրացնեն` դրանք թողելով հետոյի, ասենք մինչեւ Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաշվետվությանը, որը մեկ տարուց ավելի է չի ներկայացվում ԱԺ:

Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանը տեղեկացրեց, որ եկող տարվա բյուջեն զգալիորեն ավելացել է, որի շրջանակներում հեռուստատեսության եւ ռադիոյի աշխատողների աշխատավարձերը կբարձրանան 15 տոկոսով:

Պատգամավոր Վարդգես Բաղրյանի «Բյուջեի ավելացումը եթերաժամի ավելացում նշանակո՞ւմ է» հարցին ի պատասխան Նորեկ Գասպարյանը նշեց, որ հեռուստաեթերաժամը կմնա նույնը` 3 ժամ, իսկ ռադիոեթերը կավելացվի 1 ժամով: Ռադիոյի ծրագրերին կավելացվի եւս մեկը` երիտասարդական ծրագիրը, ինչը, ըստ նրա, հնարավորություն կտա նաեւ լուծել երիտասարդ կադրերի ապահովման հարցը: Իսկ ինչ վերաբերում է հեռուստաեթերաժամին, ապա այն երկարացնելու պայմանները չկան` շենքային պայմանները բավարար չեն, կա նաեւ ստուդիայի խնդիր: «Եթե ունենանք գոնե մեկ ստուդիա, ապա կարող ենք նաեւ կրկնապատկել եթերաժամը»,-հավաստիացրեց պարոն Գասպարյանը:

Այն, որ Արցախի հանրային հեռուստատեսության եթերից շատերն են դժգոհում, որ այն չի ներկայացնում Արցախի ողջ ներկապնակը` այդ մասին շատ է խոսվել: Եւ պատահական չէ, որ հեռուստառադիոընկերության խորհրդի յուրաքանչյուր հաշվետվության ներկայացման ժամանակ ԱԺ-ում էլ են հնչում տարբեր դժգոհություններ:

Ինչպես օրերս պարզվեց պատգամավորները դժգոհ են նաեւ հանրապետական «Ազատ Արցախ» թերթից, որում, ըստ նրանց, չի արտացոլվում հանրապետության շրջանների կյանքը: Իսկ պատճառը թերեւս այն է, որ խմբագրության միակ մեքենան հիմնականում ծառայում է խմբագրին, եւ թղթակիցները շրջաններ գնալուց խնդիրներ են ունենում: Քննարմանը ներկա թերթի գլխավոր խմբագրի տեղակալը հնչեցվածի հետ չհամաձայնեց, նշելով, որ թերթում պարբերաբար նյութեր լինում են շրջաններից` նույնիսկ երկէջեր:

Պատգամավորներից մեկն արտահայտեց նաեւ թերթի լրագրողների մեկ այլ բողոքը` կապված խմբագրության լրագրողների եւ ղեկավարների աշխատավարձերի զգալի տարբերության հետ: Խմբագրի տեղակալի ներկայացմամբ` շարքային լրագրողը ստանում է 90 հազար աշխատավարձ, իսկ խմբագրի տեղակալը` 190, խմբագիրը` 242 հազար: Տարբերությունը, ըստ նրա, զգալի չէ, քանի որ, իր հիմնավորմամբ`լրագրողները նորմալ հոնորար են ստանում: Պատգամավորներից մեկն էլ ի պատասխան հիշեցրեց, որ հոնորար ստանում են նաեւ խմագիրն ու իր տեղակալը: