ԿԱՊԻՏԱԼ. Ինչո՞վ են տարբերվում գրավատները վաշխառուներից
Հայաստանում գործող գրավատները, տրամադրելով բարձր տոկոսադրույքներով վարկեր, խախտում են ՀՀ քաղաքացիական եւ քրեական օրենսգրքերը։ Բայց այս հանգամանքը կարծես դուրս է մնացել Կենտրոնական բանկի ուշադրությունից, ինչի արդյունքում գրավատները ստանում են գերշահույթներ։ Գրավատների վարկերի տարեկան տոկոսադրույքը տատանվում է 48-84%-ի շրջանակում, այնինչ ներկա պայմաններում այն չի կարող գերազանցել 24%-ը։
Կենտրոնական բանկը վերջին շրջանում բավականին խստացրել է ֆինանսական շուկայում գործունեություն իրականացնող սուբյեկտների նկատմամբ ներկայացվող պահանջները, որոնք, ֆինանսական եւ դրամավարկային համակարգի կայունություն ու կանխատեսելիություն ապահովելուց զատ, ուղղված են եղել նաեւ ֆինանսական ծառայությունների սպառողների շահերի պաշտպանությանը, քաղաքակիրթ ծառայությունների ապահովմանը (տես, մասնավորապես, «Բանկի եւ ավանդատուի, կրեդիտավորողի եւ սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձեւերը եւ նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ը հաստատելու մասին ԿԲ խորհրդի 2009թ. հուլիսի 28-ի որոշումը):
Հայաստանում ներկայում գործում է 123 գրավատուն: Նախորդ տարվա դեկտեմբերին դրանց թիվը եղել է 117: Վերջին շրջանում նկատվում է գրավատնային գործունեության ծավալման, գրավատնային գործունեություն իրականացնող սուբյեկտների ակտիվացման միտում: Դրա մասին են վկայում լոմբարդային վարկեր տրամադրելու վերաբերյալ գովազդների ու հայտարարությունների էական աճը, գրավատների ու դրանց մասնաճյուղերի ավելացումը Երեւանի տարբեր մասերում, գրավատների մոտ նկատվող հերթերը, դրանց աշխատաժամանակի երկարաձգումը` երբեմն նույնիսկ շուրջօրյա ռեժիմով աշխատանքը: Կարծում ենք, որ նշված երեւույթներն ունեն նաեւ բնակչության կենսամակարդակով եւ աղքատությամբ պայմանավորված սոցիալական նախադրյալներ: