կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-04 03:52
Հասարակություն

Լեռնաձորում հանքանյութ է արդյունահանվում, կարող է և ուրան լինել

Լեռնաձորում հանքանյութ է արդյունահանվում, կարող է և ուրան լինել

«Մարդիկ, միավորվեք, հակառակ դեպքում մենք կկորցնենք Զանգեզուրը»,- հայտարարում են հասարակական կազմակերպությունները, ակտիվիստները: «Փրկեք Զանգեզուրը, փրկեք ինքներդ ձեզ» կոչը տարածվում է սոցիալական ցանցերով, մամուլում:

 

Չնայած հասարակական բողոքին` Հայաստանում ուրանի ծրագիրն իրականացնողները, միևնույնն է, անցել են ուրանի հետախուզման  հորատաման աշխատանքներին և սկսել են Լեռնաձոր գյուղի վերևում 140 մ խորությամբ հորատանցքեր փորել: Դա նշանակում է, որ արդեն մակերես են հանվում հանքանյութի նմուշներ, որոնք կարող են ուրան պարունակել: Բայց հորատման աշխատանքների ընթացքում գոյություն ունի ավելի մեծ վտանգ: Ինչպես նշում է երկրաբանական հետախուզման ոլորտում հայտնի մասնագետ, երկրաբանական-հանքաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը, հարկավոր է մեծ զգուշությամբ վերաբերվել շրջապտույտ կատարող ջրին, որի օգնությամբ իրականացվում են հորատման աշխատանքները:

 

«Եթե նմուշը ռադիացիոն նյութ է պարունակում, ապա այդ նմուշը ծայրահեղ դեպքում կարելի է մեկուսացնել շրջակա միջավայրից և զետեղել կապարե արկղում: Սակայն շրջապտույտ կատարող ջուրը արկղում չես թաքցնի: Եթե հետախուզությունը հաջող է ընթանում, և երկրաբանները ուրան հայտնաբերեն, ապա խորը ուսումնասիրության դեպքում շրջապտույտ կատարող ջուրը կարող է ռադիացիայի նորանոր չափաբաժիններ կուտակել: Հետախուզությունն ավարտված է, ի՞նչ պետք է արվի այդ ռադիոակտիվ ջուրը: Պետք է նկատի ունենալ, որ ուրանի դեպքում, եթե միայն հետախուզական աշխատանքներ են անցկացվում, անվտանգությունը պետք է ամենաբարձր մակարդակի վրա լինի: Իսկ մեր դեպքում ձեռնարկվու՞մ են անվտանգության այդ միջոցառումները, այ, թե ի՞նչն է հարցը»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասել է Յադոյանը:

 
Հիշեցնենք, որ մինչ այդ աշխատանքները ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը պնդում էր, որ որոնողական բոլոր աշխատանքներն անվտանգ են, քանի որ նմուշները վերցվելու են 15սմ-ից ոչ ալելի խորությունից: