կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-02 00:24
Հասարակություն

«Օրենքասեր» «Երևան-Ջուրը»...

«Օրենքասեր» «Երևան-Ջուրը»...

6 տարի շարունակ բնակիչը ամսեկան մոտ 5000-6000 դրամ ջրի գումար է վճարել: Օրերից մի օր, հայտնվել են «Երևան-Ջուր» ընկերության աշխատակիցները և ջրաչափի վրա արտաքին միջամտություն հայտնաբերել և բնակիչին տուգանել 30.000 դրամ: Բնակիչը հայտնել է, որ եթե նույնիսկ հաշվիչի վրա կա միջամտություն, ապա դա միգուցե նախկին սեփականտիրոջ կողմից է կատարվել: Ինքն օրենքի սահմաններում, ինչպես պահանջում է կարգը, «Երևան-Ջուր» ընկերությունում դիմում է գրել՝ անվանափոխության համար: Անվանափոխությունը կատարվել է` առանց ջրաչափը ստուգելու:

 

«Կառավարության 130-րդ որոշման 25-րդ կետում բաժանորդի մեղքով միտումնավոր ջրի ծավալը նվազեցնելու համար սահմանված է տուգանք»,- այս դեպքի առնչությամբ ԵՐԿԻՐ-ի թղթակցին ասաց «Երևան-Ջուր» ընկերության հաճախորդների հետ փոխհարաբերությունների գծով տնօրեն Գագիկ Մարգարյանը: Նա բացատրեց, որ ջրաչափի վրա միջամտության փաստն այսօր են իրենք հայտնաբերել, այսօր են խնդրի մասին բարձրաձայնում, իսկ թե իրականում, ե՞րբ է վնասվել ջրաչափը, իրենց հետաքրքիր չէ: «Մենք ունենք նորմատիվային և ենթանորմատիվային ակտեր, որոնցով առաջնորդվում ենք, և Ձեր նշած դեպքը մենք չենք կարող այլ կերպ մեկնաբանել»,- ասաց Մարգարյանը` չգիտես ինչու նաև ակնարկելով. «Լինում են դեպքեր, երբ համաձայնության ենք գալիս հաճախորդի հետ»:

 

Գագիկ Մարգարյանի պատասխանից կարելի է կռահել, որ բնակիչը պետք է մի քանի օր «Երևան-Ջուր» ընկերության պատերի տակ անցկացնի, բանակցի, խնդրի, որ համաձայնության գան, կամ էլ հարց է` կգա՞ն համաձայնության, թե՞ ոչ և ի՞նչ է նշանակում՝ «համաձայնության գալ»: