կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2010-11-25 00:06
Հասարակություն

Բռնության զոհ կարող է դառնալ ամեն մարդ

Բռնության զոհ կարող է դառնալ ամեն մարդ

Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

«Ծեծում է նա, ում ծեծել են»,- հակիրճ այսպես է բնութագրվում բռնարար անձը, ով իր գործողություններով փորձում է ինքնահաստատվել:

 

Նոյեմբերի 25-ը Բռնության դեմ պայքարի միջազգային օրն է:

 

Բռնությունը սոցիալ-մշակութային երեւույթ է եւ այն եղել է մարդկության պատմության ողջ ընթացքում: Բռնության տարբեր տիպեր կան՝ ֆիզիկական, բարոյահոգեբանական, սեռական:

 

Մարդը կարող է բռնության ենթարկվել աշխատավայրում, փողոցում, հասարակական վայրերում, ընտանիքում:

 

Ընտանեկան բռնության օրինակ է, երբ ամուսիններից մեկը խոչընդոտում է մյուսի կրթություն ստանալուն, արգելում է աշխատել: Սա այդ ընտանիքներում դիտվում է որպես հոգատարության դրսեւորում, բայց, ըստ հոգեբան Մարիամ Մեհրաբյանի՝ «հիմքում ընկած է սեփական անձը բարձրացնելու, դիմացինին ստորացնելու գիտակցված կամ չգիտակցված ձգտում»:

 

Կարծիք կա, թե հայրիշխանական հասարակություններում բռնարար է միայն տղամարդը: Սակայն իրականում բռնության զոհ կարող է դառնալ ամեն մարդ` անկախ իր կրթվածության մակարդակից, սեռից, տարիքից:

 

Ընտանեկան միջավայրում տղամարդիկ ենթարկվում են բարոյահոգեբանական բռնությունների, երբ կինը վիրավորում է, նսեմացնում ամուսնուն, անհիմն քննադատում, օրինակ, այն բանի համար, որ հարեւանի ամուսինն ավելի շատ է փող վաստակում, քան՝ ինքը:  

 

Երեխաների դեմ բռնություն է համարվում դիտավորյալ բարոյահոգեբանական աջակցություն չցուցաբերելը: Օրինակ, երբ երեխան քնելուց առաջ խնդրում է, որ իր համար հեքիաթ կարդան, իսկ ծնողները մերժում են:

 

Ֆիզիկական բռնությունը կարող է սկսել ծեծով՝ վերջանալ սպանությամբ: Իսկ երեխաների հանդեպ ֆիզիկական բռնություն է համարվում նաեւ նրանց հոգեմեդ, վտանագավոր դեղեր, ոգելից խմիչք տալը:

 

Սեռական բռնությունը ուրիշին սեռական ակտի մեջ ներքաշելն է` նրա կամքին հակառակ: Ավել շատ սեռական բռնության զոհեր դառնում են կանայք եւ երեխաները. նրանք ավելի թույլ օղակներ են համարվում, չեն կարողանում հակահարված տալ,  պաշտպանվել:

 

Իհարկե, չի ենթադրվում, թե տարվա մեջ մեկ անգամ բռնության դեմ պայքարելով, խնդիրը լուծվելու է, սակայն մարդիկ ավելի իրազեկ են դառնում խնդրին, ձգտում են կանխել բռնության դեպքերը, օգնել շրջապատողներին, չդառնալ բռնության զոհ