կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-17 13:53
Հասարակություն

Ընտանեկան բռնության զոհ դարձած հայրն էլ կարող է երեխայի հետ ապաստարանում հայտնվել

Ընտանեկան բռնության զոհ դարձած հայրն էլ կարող է երեխայի հետ ապաստարանում հայտնվել

ԱԺ-ում «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախնական նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հարցադրում հնչեց ընտանեկան բռնության ենթարկված անձանց ապաստարանում տեղավորելու վերաբերյալ:

Քննարկման մասնակիցներից մեկը հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված ապաստարանների գաղտնիությունը:

«Նախ` պետք է գիտակցենք, որ ապաստարանում մնալը, իրոք, ծայրահեղ միջոց է այն անձանց համար, ովքեր ընտանեկան բռնությունից փրկվելու համար դուրս են գալիս տանից և մնալու ուրիշ տեղ չունեն: Դրանով է պայմանավորված գաղտնիության ապահովումը: Նպատակն ակնհայտ է` որպեսզի բռնարարը հնարավորություն չունենա գալու այդտեղ և շարունակելու իր գործը»,-ասաց նա:

Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ երաշխիքներ կան, որ երեխան ապաստարանում չի ենթարկվի բռնության, փոխնախարարն ասաց. «Օրենքի նախագիծը չի նախատեսում, որ ապաստարանում կարող են առանց ծնողներից որևէ մեկի երեխաներ հանգրվանել»:

Նա նշեց, որ սահմանված չէ նաև, թե երեխան խնամողներից ում հետ պետք է լինի: «Կարող են լինել իրավիճակներ, երբ երեխաները ժամանակավորապես հանգրվանեն նաև հոր հետ»,- ասաց Քոչարյանը:

Քննարկման ընթացքում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ընտանեկան բռնության կանխարգելման խորհուրդը գործելու է վարչապետին կից: Պատգամավորի խոսքով` վարչապետին կից երկու տասնյակ խորհուրդներ են գործում, որոնք հազվադեպ են նիստեր անում: Ըստ նրա` լավատեսություն չի ներշնչում, որ այս օրենքով նախատեսված խորհուրդը կարդարացնի իրեն:

Վիգեն Քոչարյանը հավաստիացրեց, որ պետք է լավատես լինել, քանի որ ամրագրված է, թե ինչ ժամկետով և ընթացակարգով կանցկացվեն նիստերը: