Փոխարժեքներ
29 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.36 |
EUR | ⚊ | € 418.44 |
RUB | ⚊ | ₽ 4.1077 |
GBP | ⚊ | £ 497.67 |
GEL | ⚊ | ₾ 138.8 |
Օրենսդրության թերությունների պատճառով Հայաստանում գրեթե անպատժելի են ընտանեկան բռնությունն ու երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունները:
«Երկիր»-ի հետ զրույցում Կանանց ռեսուրսային կենտրոնի սեռական բռնությունների դեմ պայքարի ծրագրի համակարգող Տաթևիկ Աղաբեկյանն օրինակ բերեց ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածը, ըստ որի անչափահասի հանդեպ սեռական ոտնձգություն կատարած անձը պատժվում է ուղղիչ աշխատանքներով` առավելագույնը երկու տարի ժամկետով կամ երկու տարվա ազատազրկմամբ:
Չի խոսվում նաև հանցանքի կրկնակիության դեպքում պատժի մասին: Այսինքն` տարբերություն չկա` մարդը մեկ, թե հինգ երեխայի հանդեպ է բռնություն գործադրել:
Նման դեպքի են առնչվել Նուբարաշենի 11-րդ գիշերօթիկ դպրոցում տեղի ունեցած դեպքերի հետ կապված, երբ բռնության ենթարկված հինգ վկա է եղել, այնինչ` սեռական ոտնձգություններ կատարած Լևոն Ավագյանը միայն երեք տարվա ազատազրկման ենթարկվեց, ինչը սպառնում էր նրան միայն մեկ զոհի դեպքում էլ:
Իսկ ընտանեկան բռնության վերաբերյալ ընդհանրապես որևէ օրենք չկա: Ընտանեկան բռնության զոհ է Մասիս քաղաքի բնակիչ քսանամյա Զարուհի Պետրոսյանը, ով հոկտեմբերի 1-ին մահացել է դաժան ծեծի և կտտանքների պատճառով:
Այս դեպքի կապակցությամբ մի քանի հասարակական կազմակերպություններ միավորվել և ստեղծել են «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա, որը հետամուտ է լինելու գործի արդար քննությանը:
Կոալիցիան կոչ է անում ողջ հասարակությանը նոյեմբերի 25-ին, ժամը՝ 15.30-ին միանալ ընտանեկան բռնության զոհերի հիշատակին նվիրված բողոքի երթին, որը կսկսվի Կասկադից:
Երթի մասնակիցները բաց նամակ են ուղարկելու ՀՀ նախագահին, կառավարությանը և Ազգային Ժողովին:
Նաև կազմակերպվելու է ստորագրահավաք, որպեսզի ստեղծվեն կանանց և երեխաների նկատմամբ բռնությունը կանխարգելող և պատժող օրենքներ, և դրանք կիրառելի դարձնելու համար ներդրվեն համապատասխան մեխանիզմներ:
Երթի ընթացքում կազմակերպվելու է նաև դրամահավաք` Զարուհու 1.5 տարեկան դստեր համար: