կարևոր
301 դիտում, 12 րոպե առաջ - 2026-11-05 10:33
Քաղաքական

Ճոխ քարոզարշավ, բայց թույլ դիրքեր․ Վահրամ Գևորգյանը փորձում է գրավել Սևանը․ «Ժողովուրդ»

Ճոխ քարոզարշավ, բայց թույլ դիրքեր․ Վահրամ Գևորգյանը փորձում է գրավել Սևանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 29-ին Սևան համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ համայնքապետի թեկնածուներից մեկը՝ գործարար Վահրամ Գևորգյանը, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ, բավականին ճոխ և ծախսատար քարոզարշավ է կազմակերպել։

Հիշեցնենք՝ Գևորգյանը Ծովագյուղի նախկին համայնքապետն է, որը տարիներ շարունակ պայքարում էր Ծովագյուղը Սևանին միավորելու դեմ։ Սակայն համայնքների խոշորացումից հետո իրավիճակը փոխվել է, և այսօր Գևորգյանն արդեն հավակնում է ղեկավարել հենց Սևան խոշորացված համայնքը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գևորգյանը քարոզարշավն արդեն մեկնարկել է՝ ընտրողներին ներկայանալով բավականին մեծ ֆինանսական ներդրումներով։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ նրա քարոզարշավի պաստառների հետ կապված՝ մարդկանց համար հատուկ հագուստներ են ձեռք բերվել՝ հաշվի առնելով նաև քվեաթերթիկում նրա ընտրական համարը։ Քարոզարշավի ընթացքում էլ ակնհայտ է եղել, որ թեկնածուն մեծ գումարներ է ներդնում՝ ընտրողներին իր կողմը գրավելու համար։

Սակայն, որքան էլ Գևորգյանը ջանք ու գումար է ներդնում քարոզարշավի մեջ, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահին նրա դիրքերը դեռևս այնքան ամուր չեն, որքան գործող համայնքապետ Սարգիս Մուրադյանի դիրքերը։ Այսինքն՝ թեկնածուն, որը կարծես թե ամեն ինչ անում է Սևանի համայնքապետ դառնալու համար, դեռևս չի կարողացել իր ֆինանսական ներդրումները վերածել ակնհայտ ընտրական առավելության։

Սևանի ընտրությունները, փաստորեն, խոստանում են թեժ պայքար։ Մի կողմից՝ գործող համայնքապետ Սարգիս Մուրադյանն է, մյուս կողմից՝ նախկին համայնքապետ Վահրամ Գևորգյանը, որն իր ճոխ քարոզարշավով փորձում է գրավել ընտրողների վստահությունը։ Իսկ թե արդյոք մեծ ծախսերը կբավականացնեն հաղթանակի համար, պարզ կդառնա նոյեմբերի 29-ին»։