կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-02 15:55
Քաղաքական

Ադրբեջանը փորձում է անակնկալի բերել մեզ և նոր դիրքեր գրավել. քաղաքագետ

Ադրբեջանը փորձում է անակնկալի բերել մեզ և նոր դիրքեր գրավել. քաղաքագետ

Ադրբեջանը փորձում է անակնկալի բերել մեզ և նոր դիրքեր գրավել, բայց այս պարագայում կարևոր է դառնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հասցեական դիրքորոշումը. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Նրա խոսքով՝ մինչ այժմ ՄԽ համանախագահները ընդհանուր բնույթի կոչեր էին հնչեցնում:

«Եթե ՄԽ համանախագահների համար խաղաղությունը ԼՂ հարցում իսկապես կարևոր է, ապա նրանք պետք է պահանջեն ՄԽ համանախագահներից` սահմանային դեպքերի հետաքննության վերաբերյալ իրենց առաջարկները կյանքի կոչել: Այնինչ` այդ առաջարկներին դիմադրում է Ադրբեջանը: Հենց այդ դիմադրության մեջ բացահայտ երևում է, թե ով է ագրեսորը»,- ասաց Ալեքսանդր Մանասյանը:

Հարցին, թե ինչպե՞ս կարող է Ադրբեջանն ընդունել ՄԽ առաջարկները, եթե Ալիևը բացահայտ քննադատում է ՄԽ ձևաչափը` նրանց մեղադրելով անգամ սադրանքներ իրականացնելու մեջ, քաղաքագետը նշեց, որ Ալիևը իսկապես փորձում է վարկաբեկել ՄԽ ձևաչափը, և դա հասկանում են ՄԽ-ում, բայց հավասարակշռության քաղաքականությունը տալիս է հակառակ արդյունքը:

«ՄԽ-ն փորձում է ոչ ցավագին ձևով հանդարտեցնել, բայց դա բերում է հակառակ արդյունքի, որովհետև Ադրբեջանը լկտիանում է, վստահություն է ձեռք բերում իր անպատժելիության մեջ՝ գնալով ահա այսպիսի գործողությունների»,- ասաց Ալեքսանդր Մանասյանը:

Նա նաև չի ժխտում, որ հարձակման պահը հարմար են ընտրել այն առումով, որ ՀՀ նախագահը գտնվում է ԱՄՆ-ում: Կփորձեն այնտեղ ելույթ ունենալ ու Հայաստանին մեղադրել նախահարձակ լինելու մեջ: Քաղաքագետի խոսքով՝ Թուրքիան ու Ադրբեջանը  այդպես էլ արել են` մեծ համաժողովի լսարանի առաջ մեղադրելով Հայաստանին:

«ՀՀ նախագահը ելույթ է ունեցել՝ ասելով, որ պետք չէ ուշադրություն դարձնել այդ ելույթներին, բայց կարծում եմ` դրան կհաջորդեն ավելի խիստ արձագանքներ: Հիմա Ադրբեջանը թաքցնում է իրականությունը` փորձելով մեր կողմից իրականացվող գործողությունները օգտագործել իր օգտին: Այդ ամենը կփորձի ներկայացնել, թե իբր Հայաստանն է եղել նախահարձակը»,- ասաց քաղաքագետը: