կարևոր
604 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-22 18:09
Հասարակություն

Պաշտոնական պատմագրության կաղապարներին չհամապատասխանող քարերը. Շապին Գարահիսարի Անկախության աղբյուրի ճարտարապետական դեմքը

Պաշտոնական պատմագրության կաղապարներին չհամապատասխանող քարերը. Շապին Գարահիսարի Անկախության աղբյուրի ճարտարապետական դեմքը

Աղբյուրը՝ akunq.net

Հերա Ցուրու

Գիրեսունի (Կեռասուն) Շապին Գարահիսար գավառում գտնվող Անկախության աղբյուրը թեպետ պաշտոնական արձանագրություններում ներկայացվում է, թե կառուցվել է 1927 թվականին և լիովին Հանրապետության շրջանում ստեղված կառույց է, սակայն նրա իոնական և դորիական տիպի անտիկ սյուները ցույց են տալիս, որ այն վերակառուցվել է 1915 թվականից հետո ավիրված հայկական Սուրբ Աստվածածին տաճարի ապամոնտաժված նյութերից։ Հետազոտող Կարեն Քազանչի՝ վերջերս լուսանկարած «աղբյուրն» ուշադրություն է գրավում որպես մի ողբերգական հիշողության հուշարձան՝ իր ռազմական մոտիվներ կրող եկեղեցական ավերակներով ու հետագայում ավելացված տանիքով։


Գիրեսունի Շապին Գարահիսար գավառում գտնվող Անկախության աղբյուրը թուրքական պաշտոնական արձանագրություններում ներկայացվում է որպես «մաքուր հանրապետական հուշարձան»։ Սակայն ճարտարապետական մանրամասները շշնջում են մեկ այլ իրողության մասին։ Այս աղբյուրը վերացված քաղաքակրթության քարերով կառուցված հուշարձան է, որը փորձում է ջնջել այդ հիշողությունը։
Շապին Գարահիսարի տեղական հաստատությունները և ճանաչողական ազդագրերը այս կառույցը միշտ ներկայացնում են նույն արտատպված տեքստով։ Ըստ պաշտոնական թեզի՝ աղբյուրը կառուցվել է 1927 թվականին, տեղի քաղաքապետ Հյուսնյու բեյի կողմից, իսկ կառուցած վարպետը եղել է Թորուլլու Սարը Մուստաֆան։ Տեղական լրատվամիջոցներն այդ պատմությունը բնակչությանը ներկայացնում են «Անհայտ գանձ» խորագրի տակ։ Սակայն գլխավոր թաքցված մեծ գանձը աղբյուրը կանգուն պահող քարե սյուների արմատներն են։


Աղբյուրի ուղղանկյուն հովանոցաձև մարմինը պահող ընդհանուր 6 հուշարձանային քարե սյուները ամբողջովին օտար են ավանդական թուրքական ճարտարապետությանը։ Դրանք կրում են դասական հելլենիստական ճարտարապետության 2 տարբեր դպրոցների հետքերը։ Աղբյուրի կենտրոնում զույգերով տեղադրված 4 նրբագեղ սյուները՝ իրենց ոլորապտույտ զարդանախշերով, պատկանում են իոնական օրդերին, իսկ արտաքին անկյունները պահող 2 հաստ սյուները՝ իրենց պարզ խոյակներով՝ դորիական օրդերին։


1927 թվականի տեղական և սահմանափակ հնարավորություններով անհնար էր այս նրբագեղ անտիկ և դասական խոյակները զրոյից քանդակել։ Արխիվային լուսանկարները փաստում են, որ այս սյուների իրական տերը 1915 թվականից հետո ավերակի վերածված հայկական Սուրբ Աստվածածին հսկայական վանքն է։ Անկախության աղբյուրի կենտրոնում գտնվող իոնական սյուները կառուցվել են վանքի զանգակատնից, իսկ արտաքին դորիական սյոները՝ եկեղեցու սրահավոր մուտքերից ապամոնտաժված և ձևափոխված նյութերով։


Պաշտոնապես ներկայացվում է, թե այս հուշարձանի հեղինակը վարպետ Թորուլլու Սարը Մուստաֆան է։ Այնինչ վերջինս ոչ թե ստեղծել է այն, այլ ընդամենը՝ ապամոնտաժել։ Աղբյուրի կենտրոնում դրված գլանաձև մարմինը համապատասխանում է ժամանակաշրջանի ռազմական քարոզչությանը։ Դրա վրա քանդակված են հրետանային պարկեր, փամփուշտի պատիճներ և դափնեպսակներ։


Այս կետում արվեստի և հավատքի մի մեծ հակասություն է ծնվում։ Վանքի ճարտարապետությանը գեղագիտություն և նրբագեղություն հաղորդելու նպատակով ստեղծված իոնական և դորիական սյուները վերածվել են մի վանդակի, որը շրջապատված է աղբյուրի մեջտեղում գտնվող ու պատերազմի, մահվան և բնաջնջման գործիք եղող հրետանային արկերով։
Հուշարձանն արդի ժամանակաշրջանում ևս շարունակել է ենթարկվել ճարտարապետական փոփոխությունների։ 1927 թվականին աղբյուրը բացօթյա գմբեթավոր կառույց էր։ 1985 թվականին, երբ հրապարակը բարեկարգվում էր, նրա տեղը փոխվել է, և վրան ավելացվել է ծածկ՝ յուրաքանչյուր ճակատին եռանկյունաձև ճակտոններ ներառող երկլանջ տանիքի համադրությամբ։ Ներքևի հատվածում գտնվող ծանր անտիկ քարերի բնույթին հակասող այդ տանիքի տակ բուսական մոտիվներով զարդանախշեր են։


Այսօր Գիրեսունի Շապին Գարահիսար գավառի Մյուֆթյու թաղամասում, քաղաքի կենտրոնական հրապարակում տեղադրված և Անկախության աղբյուր անվան տակ մատուցվող եկեղեցական սյուներով այս հուշարձանը ոչ թե սովորական հրապարակային աղբյուր է, այլ՝ մի կողոպտված տաճարի քարերով հունցված մի ողբերգական հիշողության հուշարձան։ Դա այնքան բացահայտ և հստակ է, որ չի կարող հարմարեցվել պաշտոնական պատումի կաղապարներին։
Թարգմանեց Մելինե Անումյանը
www.akunq.net/tr