|
Փոխարժեքներ
31 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը, որը Փենսիլվանիայում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է, վերանվանվել է 2023 թվականին՝ աջակցելու նրանց, որոնք գտնվում են ցեղասպանության և զանգվածային այլ ոճրագործությունների զոհ դառնալու վտանգի առաջ:
Ինստիտուտը կոչվել է լեհ-հրեական ծագում ունեցող, Հոլոքոստը վերապրած իրավաբան Ռաֆայել Լեմկինի (1900-1959) անունով: Նա 1944 թվականին ստեղծել է ցեղասպանություն եզրութը՝ նկարագրելու համար այն, ինչը մինչ այդ անվանում էին հայկական ջարդեր: 1948 թվականին, անխոնջ ջանքերի շնորհիվ, նրան հաջողվել է հասնել Միավորված ազգերի կազմակերպության կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունմանը՝ ցեղասպանությունը դարձնելով միջազգային հանցագործություն:
Ինստիտուտը, որը բացառապես կամավորական կազմակերպություն է և չունի վարձատրվող անձնակազմ, նպատակ ունի արժևորելու Լեմկինի աշխատանքը՝ փորձելով պաշտպանել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող վտանգված համայնքներին, այդ թվում՝ արցախահայությանը: 2023 թվականի սեպտեմբերի 5-ին Լեմկինի ինստիտուտը հրապարակեց 127-էջանոց զեկույց, որում նշվում էր արցախահայերի դեմ զանգվածային վայրագությունների, մասնավորապես՝ ցեղասպանության վտանգի աճի մասին:
2025 թվականին Ռաֆայել Լեմկինի ազգական, իրավաբան Ջոզեֆ Լեմկինը դեմ արտահայտվեց Լեմկինի անվան օգտագործմանն այդ ինստիտուտի կողմից՝ Գազայում Իսրայելի կողմից պաղեստինցիների սպանությունները որպես ցեղասպանություն որակելու պատճառով: Ըստ The Times of Israel-ի՝ Ջոզեֆ Լեմկինը սիոնիստ է և Իսրայելի աջակից, որի հայրը եղել է Ռաֆայել Լեմկինի զարմիկը:
«Նրանք աղավաղում են նրա [Ռաֆայելի] ժառանգությունը և յուրացնում նրա անունը՝ առաջ մղելու ցեղասպանության այնպիսի սահմանում, որն անհամատեղելի է նրա կյանքի գործի վերաբերյալ մեր պատկերացումների հետ», ասել է 57-ամյա Ջոզեֆ Լեմկինը: «Ինձ համար սա նրա հիշատակի արատավորում է՝ նրա անվան հետ կապելով մեղադրանքներ, որոնք արժեզրկում են ցեղասպանության բուն էությունը»: Ջոզեֆ Լեմկինն սպառնացել է դատի տալ Լեմկինի ինստիտուտին՝ անվան շուրջ ծագած վեճի պատճառով:
2026 թվականի ապրիլին Ջոզեֆ Լեմկինը և Եվրոպական հրեական ասոցիացիան (EJA) իրավական հուշագիր ներկայացրեցին Փենսիլվանիայի Կորպորացիաների և բարեգործական կազմակերպությունների բյուրո՝ առարկելով ինստիտուտի կողմից Լեմկինի անվան օգտագործման դեմ: «Որպես հաստատություն՝ նրանք կարող են հրապարակել այն, ինչ ցանկանում են: Բայց նրանք չեն կարող ներկայանալ Ռաֆայել Լեմկինի անունով և միևնույն ժամանակ աղավաղել նրա ժառանգությունը, ինչն ամբողջովին հակասում էր նման համոզմունքներին», նշել է EJA-ի նախագահ և հիմնադիր ռաբբի Մենախեմ Մարգոլինը: «Նրանց արածն ամբողջությամբ անօրինական է, ուստի մենք Փենսիլվանիայի իշխանությունների հետ արշավ ենք սկսել՝ նրանց գործունեությունը դադարեցնելու կամ առնվազն անվանումը փոխելու համար»։
EJA-ի փաստաբանները նամակներ են ուղարկել Փենսիլվանիայի տարբեր պաշտոնյաների՝ խնդրելով հետաքննել Լեմկինի ինստիտուտի՝ որպես 501(c)(3) հոդվածով հարկերից ազատված բարեգործական կազմակերպության կարգավիճակը: Խումբը նաև դիմել է Իսրայելի սփյուռքի և հակասեմիտիզմի դեմ պայքարի ծայրահեղական նախարար Ամիխայ Չիկլիի աջակցությանը, որը նամակ է գրել Փենսիլվանիայի նահանգապետ Ջոշ Շապիրոյին՝ կոչ անելով այս հետաքննությունը դարձնել առաջնահերթություն: Ջոզեֆ Լեմկինին ներկայացնող իրավաբանական ընկերություններից մեկը մեղադրել է Լեմկինի ինստիտուտին Համասին պաշտպանելու, Հեզբոլլահին աջակցելու և Միացյալ Նահանգներին թիրախավորելու մեջ․ մեղադրանքներ, որոնք ինստիտուտը համարում է կեղծ և զրպարտչական:
Լեմկինի ինստիտուտի տնօրեն Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորջին էլեկտրոնային նամակում պարզաբանել է. «Լեմկինների ընտանիքի մի քանի անդամներ աջակցում են մեր գործունեությանը և ընդունում են, թե ինչպես ենք մենք կիրառում Ռաֆայել Լեմկինի ուսումնասիրություններն ու վերլուծությունները կանխարգելման մեր սեփական մեխանիզմներում»։
Լեմկինի ինստիտուտը 2025 թվականի հոկտեմբերի 14-ին հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Մեր կողքին են Լեմկինի ընտանիքի անդամներ, որոնք կապ են հաստատել 2023 թվականի հոկտեմբերի 7-ից [Համասի հարձակումը] հետո։ Պիտեր Լեմկինը, ում մանկության տուն հաճախ այցելում էր Ռաֆայել Լեմկինը, հատկապես մեծ աջակցություն է ցուցաբերել՝ քաջալերելով, կիսվելով Լեմկինի աշխատանքի վերաբերյալ իր պատկերացումներով և տեղեկացնելով պետությունների կողմից Ցեղասպանության կոնվենցիայի վավերացման ջանքերում իր ընտանիքի սերտ համագործակցության մասին …․ Միայն Իսրայելի վերաբերյալ մեր աշխատանքն է հանգեցրել համակարգված զրպարտչական արշավի Միացյալ Նահանգներում վտանգավոր և նախադեպ ստեղծող հետևանքներով»: Չեխիայում բնակվող Պիտեր Լեմկինը միացել է Լեմկինի ինստիտուտի խորհրդին:
Լեմկինի ինստիտուտի կողմից Ռաֆայել Լեմկինի անվան օգտագործման շուրջ ծագած վեճն իրականում քաղաքական բնույթ է կրում և ոչ թե իրավական։
Ռաֆայել Լեմկինի ազգականները որևէ վերահսկողություն չունեն նրա անվան օգտագործման նկատմամբ, եթե միայն հատուկ չեն ժառանգել նրա անվան օգտագործման օրինական իրավունքները: Հայտնի չեն փաստաթղթեր, որոնք վկայում են, որ Ռաֆայել Լեմկինը նման իրավունքներ է կտակել իր ազգականներից որևէ մեկին: Քանի որ Ռաֆայելը մահացել է ծայրահեղ աղքատության մեջ, նրա ազգականներից ոչ մեկը որևէ ժառանգություն չի ստացել:
Նույնիսկ եթե լինեին նման ժառանգության ապացույցներ, Փենսիլվանիայի օրենսդրությամբ անվան առևտրային օգտագործման համար կա 30 տարվա ժամկետ: Լեմկինը մահացել է 1959 թվականին: Այսպիսով, Փենսիլվանիայի օրենքով, այդ իրավունքի գործողության ժամկետը սպառված կլիներ 1989 թվականին: Ավելին, այդ օրենքը տարածվում է Փենսիլվանիա նահանգում մահացած անձանց վրա, մինչդեռ Ռաֆայելը մահացել է Նյու Յորքում:
Ինչ վերաբերում է քաղաքական բանավեճում ներգրավված Լեմկինի որոշ ազգականներին, որոնք Իսրայելի ջերմեռանդ աջակիցներ են, ապա կան այլ ազգականներ, որոնք դեմ չեն Գազայի պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի գործողությունների վերաբերյալ ինստիտուտի քննադատությանը: Ավելին, Ռաֆայելի ազգականներից մեկը որոշել է միանալ ինստիտուտի խորհրդին։
Հետևաբար, Լեմկինի այն ազգականները, որոնք դեմ են ինստիտուտի անվանմանը, չունեն ո՛չ իրավական, ո՛չ էլ քաղաքական լիազորություն՝ արգելելու դրա օգտագործումը: Մեծ է հավանականությունը, որ եթե այս հարցը հասնի դատարան, Լեմկինի ինստիտուտը կհաղթի:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com