Միասին կարող ենք
կարևոր
547 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-22 14:30
Հասարակություն

Թուրք և քուրդ մտավորականներն անդրադարձել են «Տժվժիկ»ստեղծագործության՝ թուրքերի կողմից յուրացման փորձերին

Թուրք և քուրդ մտավորականներն անդրադարձել են «Տժվժիկ»ստեղծագործության՝ թուրքերի կողմից յուրացման փորձերին

Մայիսի 20-ին «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամում տեղի ունեցավ հանդիպում քուրդ և թուրք մտավորականներ Մազլում Վեսեքի և Բուրչին Գերչեքի հետ, որի ընթացքում բանախոսները ներկայացրին արևմտահայ գրող Ատրպետի «Տժվժիկ» ստեղծագործության յուրացման փորձերը հայտնի թուրք հեղինակ Ֆաքիր Բայքուրթի կողմից։

Բանախոսների պնդմամբ՝ մշակութային այս գրագողությունը անհատական քայլ չէ, այլ անմիջականորեն կապված է Օսմանյան կայսրությունում հայերի հետքերը ջնջելու և Հայոց ցեղասպանության հիշողությունը վերացնելու քաղաքականության հետ։ Բուրչին Գերչեքն այդ գրագողության դեպքը ներկայացրեց որպես զույգ հիշողություններից ջնջելու փորձ։ Նա նշեց, որ Ատրպետի մասին հիշողությունը ջնջվել էր թե՛ իր ծննդավայրում և թե՛ Խորհրդային Հայաստանում՝ մինչև այդ ստեղծագործության՝ ֆիլմի վերածումը։

Միջոցառման ընթացքում Մազլում Վեսեքն անդրադարձավ նաև թուրք և հայ սոցիալիստ գրողներ Օրհան Քեմալի և Զավեն Բիբերյանի աքսորների պատմությանը․ երկու գրողներն էլ իրենց քաղաքական համոզմունքների պատճառով արժանացել են նույն ճակատագրին։

Մյուս բանախոսը՝ «Ֆրանս Պրես» գործակալության լրագրող և ցեղասպանագետ Բուրչին Գերչեքը, որը համագործակցել է կինոբեմադրիչ Սերժ Ավետիքյանի հետ վերջինիս վավերագրական ֆիլմերում, ունի մի գիրք՝ նվիրված 1915 թ․ Ցեղասպանության տարիներին հայերի սպանության հրամաններին ընդդիմացած պաշտոնյաներին։

Բանախոսների ելույթներից հետո միջոցառումը շարունակվեց հարցուպատասխանի ձևաչափով, որից հետո ներկաները հնարավորություն ունեցան ձեռք բերելու հեղինակների գրքերը՝ նրանց մակագրություններով։

Լաուրա Միքայելյան

Բրյուսովի պետական համալսարանի ՀՀԼ ամբիոնի 2-րդ կուրսի ուսանողուհի

www.akunq.net