Միասին կարող ենք
կարևոր
613 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-27 18:13
Հասարակություն

Արմավիրի մարզպետի հայտարարագրերի վերլուծությունը՝ ֆինանսական հարցերի տեղիք և ԿԿՀ֊ի կողմից ուսումնասիրման նյութ

Արմավիրի մարզպետի հայտարարագրերի վերլուծությունը՝ ֆինանսական հարցերի տեղիք և ԿԿՀ֊ի կողմից ուսումնասիրման նյութ

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի եկամուտների և գույքի հայտարարագրերի վերլուծությունը ցույց է տալիս մի շարք հանգամանքներ, որոնք կարող են առաջացնել հարցեր ֆինանսական թափանցիկության վերաբերյալ։

Ըստ հրապարակված հայտարարագրերի՝ 2021–2024 թվականներին Խաչատրյանի պաշտոնական եկամուտները կազմել են ընդհանուր առմամբ մոտ 42 միլիոն դրամ։ Տարեկան կտրվածքով դրանք եղել են՝

2021 թ․՝ 4.8 մլն դրամ

2022 թ․՝ 7.8 մլն դրամ

2023 թ․՝ 15.9 մլն դրամ

2024 թ․՝ 13.4 մլն դրամ

Միաժամանակ նույն ժամանակահատվածում հայտարարագրվել են զգալի չափի կանխիկ միջոցներ։ Մասնավորապես՝

2021 թ․՝ մոտ 50 մլն դրամ, ինչպես նաև 80 հազար եվրո և 40 հազար դոլար

2022 թ․՝ մոտ 91 մլն դրամ համարժեք

2023 թ․՝ մոտ 82 մլն դրամ

2024 թ․՝ մոտ 58 մլն դրամ

Այս տվյալները ցույց են տալիս, որ հայտարարագրված կանխիկ միջոցների ծավալը մի քանի անգամ գերազանցում է նույն տարիներին ստացված պաշտոնական եկամուտները, ինչը կարող է պահանջել լրացուցիչ պարզաբանումներ դրանց ծագման վերաբերյալ։

Բացի այդ, հայտարարագրերում նշված է, որ պաշտոնյան շարունակել է սպասարկել վարկային պարտավորություններ, որոնց մարումների ընդհանուր ծավալը մի քանի տարվա ընթացքում հասել է տասնյակ միլիոնավոր դրամների։ Սա ևս կարող է դիտարկվել եկամուտների և ծախսերի հարաբերակցության համատեքստում։

Հատուկ ուշադրության է արժանի նաև 2021 թվականի դեկտեմբերին կատարված գործարքը․ Մեծամորի համայնքի ղեկավար նշանակվելուց կարճ ժամանակ անց Խաչատրյանը ձեռք է բերել բնակարան գնելու իրավունք՝ շուրջ 50 միլիոն դրամ արժողությամբ «Սքայ Բիլդինգ» ՍՊԸ-ից։ Գործարքը հայտարարագրվել է «այլ» կատեգորիայով, և միջոցների աղբյուրը բացահայտված չէ։

Նույն հայտարարագրերում նշված են նաև թանկարժեք շարժական գույքեր՝ այդ թվում մոտ 33 հազար դոլար արժողությամբ ժամացույց և մոտ 20 միլիոն դրամ արժողությամբ ոսկյա զարդեր։ Սակայն հրապարակված տվյալներում չի հստակեցվում դրանց ստացման աղբյուրը։

Ընտանեկան ֆինանսական կապերի տեսանկյունից նշվում է, որ Խաչատրյանի կինը՝ Լուսինե Գևորգյանը, հանդիսանում է «Աշ ընդ Վի Ֆուդ» ՍՊԸ-ի սեփականատերը և տնօրենը։ Ըստ հայտարարագրերի՝ այդ ընկերությունը 2023 և 2024 թվականներին վարձավճարներ է վճարել Խաչատրյանին։

Վերոնշյալ փաստերը հիմք են հանդիսանում համապատասխան մարմինների, օրինակ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից լրացուցիչ ուսումնասիրության համար։