կարևոր
511 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-19 20:15
Աշխարհ

Գազայում պատերազմի առաջին 15 ամիսներին 26 հազարով ավելի մարդ է զոհվել, քան համարվում էր

Գազայում պատերազմի առաջին 15 ամիսներին 26 հազարով ավելի մարդ է զոհվել, քան համարվում էր

 Գազայի հատվածում պատերազմի առաջին 15 ամիսների ընթացքում բռնի մահվան դեպքերի թիվը կազմել է 75,2 հազար, ինչը մոտ 26 հազարով ավելի է, քան ավելի վաղ հայտնել էին տեղական իշխանությունները: Այս մասին ասվում է «Lancet Global Health» բժշկական ամսագրի հրապարակման մեջ։

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հետազոտությունն անցկացրել է գիտնականների խումբը՝ Լոնդոնի «Ռոյալ Հոլոուեյ» համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Մայքլ Սպագատի գլխավորությամբ:

Գիտնականները հայտարարել են, որ աշխատանքը հիմնված է Գազայի 2 հազար ընտանիքների շրջանում ընտրանքային հետազոտության վրա, որն իրականացրել են Պաղեստինյան քաղաքական և սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի մասնագետները 2024 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2025 թվականի հունվարի 5-ը:

«2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև հունվարի 5-ը մենք հաշվել ենք բռնի մահվան 75 200 դեպք, ինչը կազմում է Գազայի հատվածի՝ մինչև հակամարտությունը եղած բնակչության մոտավորապես 3-4%-ը։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է նույն ժամանակահատվածում բռնի մահվան 49 090 դեպքի մասին», – ասվում է հետազոտության մեջ։

Գիտնականների տվյալներով՝ կանանց, երեխաներին և տարեցներին բաժին է ընկնում բռնի մահվան 45,2 հազար դեպք։

Բացի այդ, հետազոտողները տվյալ ժամանակահատվածում հաշվել են ոչ բռնի մահվան 16,3 հազար դեպք, որոնցից ավելի քան 8,5 հազարը մահացությունների հավելյալ թիվն է՝ համեմատած նախապատերազմյան շրջանում արված կանխատեսումների հետ:

Վերջին ժամանակներս, չնայած Գազայի հատվածում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի երկրորդ փուլին անցնելու հայտարարությանը, անկլավում պարբերաբար գրանցվում են բախումներ պաղեստինցիների և իսրայելական ուժերի միջև: