կարևոր
844 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-08 12:36
Հասարակություն

Բողոքի ակցիա Թբիլիսիում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու

Բողոքի ակցիա Թբիլիսիում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու

Փետրվարի 8-ին, ժամը՝ 13:00-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից պուրակում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու «SOS! ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻՆ ՎՏԱՆԳՎԱԾ Է» կարգախոսով: Այս մասին հայտնում է Վրաստանի Հայ Համայնք Հ/Կ-ն:

«Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ենթարկվում է նպատակային ճնշումների Հայաստանի գործող իշխանությունների կողմից։ Սա պարզապես կրոնական կառույցի դեմ գործողություն չէ․ սա հարված է հայ ինքնությանը, պատմական հիշողությանը, ազգային արժանապատվությանը և համահայկական միասնությանը։

Հայ Առաքելական Եկեղեցին դարեր ի վեր եղել է մեր ժողովրդի հոգևոր ողնաշարը, գոյատևման հիմքը և ազգային ինքնության պահապանը։ Այսօր, երբ հայ ժողովուրդը վերապրում է Արցախից տեղահանության հետևանքներ, Բաքվում անորինաբար բանտարկյալ ռազնագերիներ և քաղաքական գործիչներ, քաղաքական բանտարկյալների առկայություն, տարածքային կորուստներ, բարոյահոգեբանական ճգնաժամ, Եկեղեցուն թիրախավորելը նշանակում է խորացնել ազգային աղետը։

Երբ հոգևորականները բարձրաձայնում են ճշմարտությունը՝ նրանց պատասխանում են նվաստացմամբ և ձեռբակալմամբ։ Երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը միջազգային հարթակներում պաշտպանում է Արցախի մշակութային ժառանգությունը՝ նրան մեղադրում են։ Սա պատահականություն չէ։ Սա մտածված քաղաքականություն է՝ ուղղված հայ ժողովրդի հավաքական դիմադրության թուլացմանը և ազգային պետականության բովանդակության դատարկմանը։

Մենք հայտարարում ենք․

— Հայ Առաքելական Եկեղեցին եղել է, կա և կմնա մեր ինքնության ողնաշարը։

— Մենք կանգնած ենք մեր Մայր Եկեղեցու, հոգևոր հայրերի և ազգային արժեքների կողքին։

— Մենք չենք լռելու, երբ ոտնահարվում են մեր սրբությունները։

Սա մեկ հոգևորականի կամ մեկ քաղաքական ուժի հարց չէ։

Սա ամբողջ հայ ժողովրդի գոյության հարցն է։

Թիֆլիսը առաջինն է եղել, ով արձագանքել և իր բողոքի ձայնն է բարձրացրել ընդդեմ այս տիրադավների սկսած արշավի և այժմ շարունակում է աջակցել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։

Կոչ ենք անում բոլոր հայերին՝ Հայաստանում և Սփյուռքում, խոսքով ու գործով կանգնել Մեր Մայր Եկեղեցու կողքին։

Չլռել անարդարության դեմ և պահպանել մեր ինքնությունը։

Հայ Առաքելական Եկեղեցին մեր Մայրն է։

Պաշտպանելով Եկեղեցին՝ մենք պաշտպանում ենք Հայ ազգի ապագան»,- նշված է տարածած հայտարարության մեջ։