|
Փոխարժեքներ
26 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ArmLur.am-ը գրում է. «Դատավորներին՝ «պատերի տակ վնգստացող» անվանած Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչներին դատական անկախությունը, որը անգամ տեսականորեն կարող է որևէ դատարանի որևէ դահլիճում դրսևորվել, հանգիստ չի տալիս։
Օրերս խորհրդարանում քվեարկվելու է շատ վաղուց շրջանառվող՝ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով ակնհայտորեն սահմանափակվում են դատավորների անկախության երաշխիքները։
Մասնավորապես, նոր նախագծով առաջարկվում է դատավորների նկատմամբ վարույթ հարուցելու համար ընդամենը 4 կողմ ձայն՝ 11 անդամից։ Տեղեկացնենք, որ այս պահին հանձնաժողովը բաղկացած է 8 անդամից, որից 6-ը դատավոր են, 2-ը՝ ոչ դատավոր անդամներ, որոնք ընտրվում են Դատավորների ընդհանուր ժողովի կողմից։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ նոր նախագծով անդամների թիվը ավելացվում է՝ կազմված է լինելու 11 անդամից, որից 5-ը՝ ոչ դատավոր անդամ, 6-ը՝ դատավոր։
Մասնագետները համոզված են, որ նշվածը խոցելի է դարձնելու դատավորներին, քանի որ հասարակական սեկտորի ներկայացուցիչներով հանձնաժողովը փորձելու է հագեցնել, ճնշել և կարգապահական վարույթներ հարուցել դատավորների նկատմամբ, որովհետև ոչ դատավոր անդամներից 5-ից 4-ի կողմ քվեարկության պարագայում ցանկացած դատավորի նկատմամբ հարուցվելու է կարգապահական վարույթ։
Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել ենք փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Վարդիկյանի հետ։
Պարոն Վարդիկյան, Ձեր գնահատմամբ՝ արդյո՞ք դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու շեմի իջեցումը (11 անդամից ընդամենը 4 կողմ ձայն) համատեղելի է դատավորների անկախության սահմանադրական երաշխիքների հետ, հատկապես հաշվի առնելով, որ այդ ձայները կարող են ապահովվել ոչ դատավոր անդամների կողմից։
Կարճ պատասխանեմ՝ միանշանակ ոչ։ Սա ուղղակի միջամտություն է դատավորների անկախությանը։ Չի կարող 11 անդամ ունեցող հանձնաժողովում 4 անձը վարույթ հարուցելու որոշում կայացնել, այն էլ այն դեպքում, երբ 5 ոչ դատավոր անդամ է լինելու։ Վարույթի հարցի քննարկման ժամանակ անհրաժեշտ է առնվազն մեկ դատավորի կարծիք, հետևաբար պետք է հարուցվի ոչ պակաս, քան 6 ձայնով, իսկ ԲԴԽ ուղարկվի՝ ոչ պակաս, քան 8 ձայնով։
Տեղից էլ դատավորները շատ ծանրաբեռնված են և ուղղակի իրավունք չունենք իրենց ծանրաբեռնել նաև կարգապահականներով։
Արդյո՞ք Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմի փոփոխությունը՝ ոչ դատավոր անդամների թվի ավելացման հաշվին, չի ստեղծում գործադիր կամ քաղաքական ազդեցության ռիսկեր դատական իշխանության նկատմամբ, և ինչպե՞ս է սա համադրվում իշխանությունների բաժանման սկզբունքի հետ։
Միանշանակ այդ ռիսկը ստեղծվում է։ Ստացվում է, որ «դրսից» եկած մարդիկ, ովքեր շատ հաճախ որևէ պատկերացում չունեն այն ամենի հետ, ինչ կատարվում է «ներսում», չգիտեն, թե ինչ խնդիրներ կան, դրանցից որոնք են օբյեկտիվ, որոնք՝ սուբյեկտիվ, պետք է որոշում կայացնեն՝ առերևույթ առկա է դատավորի նկատմամբ վարույթ հարուցելու հիմք, թե՝ ոչ։
Դատավորի նկատմամբ վարույթ հարուցելը դարձնելու են «սովորական» երևույթ։
Կարո՞ղ է արդյոք հասարակական սեկտորի ներկայացուցիչների միջոցով իրականացվել անուղղակի ճնշում դատավորների վրա, եթե կարգապահական վարույթ հարուցելու համար բավարար է ոչ դատավոր անդամների գրեթե միաձայն դիրքորոշումը։
Իհարկե։ Ստացվում է, որ հասարակական որոշ ակտիվություն ունեցող անձինք կարող են «Ֆեյսբուք»-ում ստատուս գրել որևէ դատավորի մասով, իսկ դատավոր չհանդիսացող անդամներից 4-ը այդ ստատուսի հիման վրա վարույթ հարուցեն դատավորի նկատմամբ։
Նախագծով առաջարկվող այն դրույթը, ըստ որի՝ հանձնաժողովի ոչ դատավոր անդամը լիազորությունների ընթացքում չի կարող իրականացնել դատական ներկայացուցչություն, արդյո՞ք կարող է կիրառվել հետադարձ ուժով, ինչպես դա առաջարկվել է 14.01.2026 թ. պետաիրավական հանձնաժողովի նիստում։
Արդյո՞ք այս նորմին հետադարձ ուժ տալը չի հանդիսանում վատթարացնող իրավական կարգավորում, և արդյոք այն չի հակասում ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավական որոշակիության և վստահության սկզբունքներին։
Կրկին պատասխանս միանշանակ է։ Չի կարող լինել անձի իրավական վիճակը վատթարացնող փոփոխություն, որը կունենա հետադարձ ուժ։
Ակնհայտ է, որ այդ փոփոխությամբ վատթարանալու է հանձնաժողովի ոչ դատավոր անդամների իրավական վիճակը։
Եթե չեմ սխալվում, այդ աշխատանքը փոխհատուցվող աշխատանք է, այսինքն՝ անձը, ընտրվելով այդ պաշտոնում, ակնկալում է, որ 4 տարի շարունակ ստանալու է փոխհատուցում, այնինչ հակասահմանադրական փոփոխությամբ զրկվում է իր լեգիտիմ ակնկալիքից։
Բացի այդ, ընտրությունների ժամանակ չի եղել սահմանափակում, չնայած նրան, որ դեռ շատ վաղուց շրջանառվել և բացասական կարծիքի էր արժանացել այս նախագիծը, և այս փուլում դրան հետադարձություն տալը, այն էլ այն դեպքում, երբ այդ հետադարձությունը, որքան գիտեմ, վերաբերելու է միայն մեկ ոչ դատավոր անդամի, կարծում եմ՝ խիստ խնդրահարույց է և բացառված չէ նաև՝ թիրախային։
Արդյունքում տեղի է ունենալու նաև միջամտություն դատավորների ընտրական իրավունքի իրականացմանը։
Վստահ եմ, եթե այս փոփոխության մասով դիմեն Վենետիկյան հանձնաժողովին, միանշանակ ստանալու են բացասական կարծիք, ինչպես եղավ բավականին վերջերս նոր հանձնաժողով ստեղծելու հարցում, երբ շեմը կրկին սահմանվել էր այնպիսին, ինչը հնարավոր էր հաղթահարել առանց դատավոր անդամի քվեարկության»։