|
Փոխարժեքներ
16 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.42 |
| EUR | ⚊ | € 441.46 |
| RUB | ⚊ | ₽ 4.8278 |
| GBP | ⚊ | £ 509.18 |
| GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ուկրաինան խոչընդոտ չէ Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմի ավարտի համար, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հունվարի 15-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հեռախոսազրույցից հետո հրապարակված տեսաուղերձում։ Այս մասին հաղորդագրություն է տարածվել Ուկրաինայի նախագահի կայքում։
«Քիչ առաջ խոսեցի Մարկ Ռյուտեի հետ, մասնավորապես՝ PURL (Ուկրաինայի կարիքների առաջնահերթ ցուցակ) նախաձեռնության և հակաօդային պաշտպանության համար հրթիռներ գնելու մեր կարողության վերաբերյալ», - նշել է Զելենսկին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ զրույցում նա նաև անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս արված հայտարարությունն այն մասին, թե խաղաղության հաստատմանը խոչընդոտում է ոչ թե Մոսկվան, այլ Կիևը։
«Մենք նաև խոսել ենք Ամերիկայի հետ դիվանագիտական աշխատանքի մասին. Ուկրաինան երբեք չի եղել և երբեք չի լինի խաղաղության խոչընդոտ», - ասել է Զելենսկին
Ըստ Ուկրաինայի ղեկավարի՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա շարունակական հարձակումները ցույց են տալիս, որ Մոսկվան խաղաղություն չի ցանկանում։
«Հենց ռուսական հրթիռները, ռուսական «Շահեդ»-ները (խմբ.՝ անօդաչու թռչող սարքեր) և Ռուսաստանի կողմից Ուկրաինան ոչնչացնելու փորձը հստակ ապացույց են այն բանի, որ Ռուսաստանը բոլորովին հետաքրքրված չէ համաձայնագրերով», - ասել է Վոլոդիմիր Զելենսկին։
Հունվարի 15-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը համաձայնել է Դոնալդ Թրամփի հայտարարությունների հետ։
«Կարելի է համաձայնել սրա հետ. սա իսկապես ճիշտ է», - ասել է Պեսկովը։
Reuters-ի հետ հարցազրույցում հարցին, թե ինչու ԱՄՆ-ի գլխավորած բանակցությունների արդյունքում չի հաջողվում կարգավորել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայի ամենամեծ ցամաքային հակամարտությունը, Թրամփը պատասխանել է. «Զելենսկի»։