Փոխարժեքներ
27 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Պարտադիր զինվորական ծառայության համատարած լինելու առավելությունն այն է, որ քաղաքացիական ու ռազմական մասնագիտությունները մշակութապես իրար հետ են սերտաճում, ինչը քաղաքացիական մասնագիտություններին մեծ առավելություն է տալիս։
Նորարարությունները գալիս են տարբեր տեսակետներից, գիտելիքից ու փորձից։ 24 տարեկան երիտասարդը, ով հասցրել է ծառայել, հետո համալսարան ավարտել, շատ ավելի հասուն է իր փորձով ու գիտելիքներով, քան իր չծառայած հասակակիցները։ Առավել ևս՝ եթե իրական ծառայություն է անցել կամ ռազմական գործողությունների է մասնակցել։
Հետազոտություններ կան, որ ԱՄՆ-ում երիտասարդների արդյունավետությունը գործարարությունում կամ այլ ոլորտներում անկում ապրեց, երբ Վիետնամական պատերազմից հետո վերացվեց պարտադիր զինվորական ծառայությունը։ Ի տարբերություն Իսրայելի, որտեղ միշտ եղել է պարտադիր զինվորական ծառայություն, այն էլ՝ երեք տարով։
Ուսումնասիրություններ կան, որ հենց պարտադիր զինվորական ծառայությունն է իսրայելցի երիտասարդներին առավելություն տալիս իրենց հասակակից այլազգի ստարտափերների, գործարարների կամ տեխնոլոգիական ոլորտի աշխատողների հետ համեմատած։ Քանի որ աշխարհում ոչ մի այլ երկրում տեխնոլոգիական ոլորտի աշխատակիցներն այդքան խորը ռազմական փորձ չունեն։
Բայց առավելությունն այստեղ միայն կազմակերպվածության, կարգապահության կամ հրամանատարություն-կատարում հմտությունների մասին չէ։ Բանակում նաև դասակարգային, սոցիալական, աշխարհայացքային տարբեր խմբեր իրար հետ են շփվում։ Այդ շփումը ձևավորում է կայուն ցանցային կապեր, որոնք հետագայում կարևոր են բիզնեսում, թիմային աշխատանքի և տարբեր մասնագիտական նախագծերի իրականացման համար։
Պարտադիր զինվորական ծառայությունը մեծ առավելություն կարող է տալ հայ երիտասարդներին՝ մասնագիտական զարգացման մրցակցության հարցում։ Ուղղակի բանակում բարեփոխումներ են պետք, որ ռազմական ծառայությունը լինի փորձի, գիտելիքի ու դիսցիպլինա ստանալու վայր, ոչ թե գողական ենթամշակույթի ազդեցության տակ հայտնվելու հարթակ կամ լարված անձնական փոխհարաբերությունների անցկացնելու տեղ։
Մի քանի օր առաջ ամերիկաբնակ մի ընկերոջ հետ էի զրուցում, ով պատմում էր, որ ամերիկյան բանակում ծառայության երեք տարիների ընթացքում ընդամենը երկու բանավեճ է ունեցել ծառայակիցների հետ, որոնք բանավեճով էլ ավարտվել են, իսկ ծառայության ամբողջ ընթացքը անցել է նոր գիտելիքների ու փորձ ստանալով։
Մեր բանակում էլ պետք է հնարավորինս շուտ հրաժարվենք խորհրդային բանակի ավանդույթներից ու կիրառենք աշխարհի ժամանակակից լավագույն բանակների փորձը, ինչը նաև անվտանգ ու ուժեղ կառույցի կվերածի մեր բանակը, իսկ պարտադիր զինվորական ծառայությունը կդառնա անձնական աճի ու հասունության կարևոր դարբնոց։
Հա հասկանում եմ, որ բանակի բարեփոխումներն ավելի դժվար է, քան ուղղակի պարտադիր զինվորական ծառայությունը հանելը, բայց ո՞վ է մեզ խոստացել, որ պետություն պահելը հեշտ է լինելու։ Եթե հեշտություն ենք փնտրում, եկեք բոլորով գնանք Գլենդել ապրենք, պետությունն ու պարտադիր զիվորական ծառայությունն ի՞նչ ենք անում։
Վահրամ Միրաքյան
«Մանթաշյանց» գործարարների ակումբի նախագահ