կարևոր
454 դիտում, 5 ժամ առաջ - 2025-05-27 20:45
Քաղաքական

Այդ պաշտոնյան կամա, թե ակամա գտնվում է Ադրբեջանի ազդեցության ներքո. Հակոբ Բադալյան

Այդ պաշտոնյան կամա, թե ակամա գտնվում է Ադրբեջանի ազդեցության ներքո. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է.

«Հայաստանի ԱԺ նախագահը ասում է, թե՝ Արցախի ԱԺ-ն Հայաստանում նախագահ է ընտրում, Ալիեւն էլ «Արեւմտյան Ադրբեջան» է հայելայնորեն առաջ բերում:

Նախ, Ալիեւն «Արեւմտյան Ադրբեջան» առաջ է բերել շատ ավելի վաղուց: Երկրորդ, ինքնիշխանապաշտ պետության բարձրաստիճան որեւէ պաշտոնյա չի կարող իրեն թույլ տալ արդարացնել այդ պետության հանդեպ որեւէ այլ պետության հավակնություն: Եթե որեւէ բարձրաստիճան պաշտոնյա որեւէ ձեւակերպմամբ կամ տրամաբանությամբ արդարացնում է Հայաստանի հանդեպ Ադրբեջանի հավակնությունը, ապա դա նշանակում է, որ այդ պաշտոնյան կամա, թե ակամա գտնվում է Ադրբեջանի ազդեցության ներքո:

Իհարկե պետք է նկատել, որ դա առաջինն արեց Նիկոլ Փաշինյանը, երբ նախորդ տարի իր հարցազրույցներից մեկում նշում էր, թե՝ մենք Արեւմտյան Հայաստան ենք ասում, իրենք էլ՝ «Արեւմտյան Ադրբեջան»:

Երրրորդ: Թե Արցախը որեւէ կերպ համեմատելի չէ «Արեւմտյան Ադրբեջան» հորինվածքի հետ, թե նույնիսկ Արեւմտյան Հայաստան ձեւակերպումը: «Հավասարեցնել» այդ հասկացությունները, նշանակում է գործել Ադրբեջանի ռազմավարական նպատակի ծիրում, որովհետեւ Բաքվի համար նվազագույն խնդիրը հենց այդ հավասարությանը հասնելն է, որպես առաջին քայլ:

Հաջորդիվ, լինելու է իր օրակարգը առաջ մղելը:

Այս պատկերը՝ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների այդօրինակ հայտարարությունները, բացի կոնկրետ խնդրահարույց հանգամանքներից, ունի նաեւ մեկ այլ՝ ընդհանրական խնդիր:

Ընդհանրապես, խորհրդարանական ինստիտուտը, գործնականում բոլոր երկրներում աչքի է ընկնում քաղաքական հայտարարությունների առավել ազատությամբ եւ անկաշկանդությամբ, երբ քաղաքական գործիչը՝ խորհրդարանականը, ձեռնպահ է մնում գործադիր իշխանության ներկայացուցչին բնորոշ դիվանագիտական բծախնդրությունից:

Պարզ է, որ խոսքը «ռազմահայրենասիրական» պաթոսի մասին չէ, այլ պարզապես ավելի անկաշկանդ քաղաքական հռետորաբանության: Որովհետեւ, պետական քաղաքականության անմիջական իրականացումը գործադիրի առաքելությունն է եւ խորհրդարանը իր տարբերվող հայտարարություններով եւ վարքագծով կարող է նույնիսկ ճկունության հավելյալ տարածք ապահովել գործադիրի համար:

Բայց, դա իհարկե այն երկրներում, որտեղ խորհրդարանները քաղաքական ինստիտուտ են, այլ ոչ թե կառավարություններին կից կառույց:

Հայաստանը, ցավոք սրտի, այդ երկրների շարքում չէ»: