կարևոր
976 դիտում, 5 ժամ առաջ - 2025-04-25 10:17
Հասարակություն

Կեղծ ակտի տակ չի ստորագրել․ «Ժողովուրդ»

Կեղծ ակտի տակ չի ստորագրել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի եւ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանի հարաբերությունները բավականին լարված են եղել մինչև Նազինյանի հեռանալը:

Հիշեցնենք՝ Սուրեն Նազինյանը ապրիլի 21-ին հայտնեց, որ ՀՀ առողջապահության նախարարի գրության հիման վրա իր և ՀՀ առողջապահության նախարարության հետ 2020 թվականի մայիսի 4-ին կնքված պայմանագիրը լուծվում է 2025 թվականի մայիսի 4-ին։

«Ժողովուրդ» օրաթերթին առողջապահության նախարարությունից ոչ պաշտոնական խողովակներով լուրեր հասան, որ կենտրոնի տնօրենի և նախարար Ավանեսյանի միջև խոսակցությունն անգամ հասել է վիրավորանքների:
Պարզվում է՝ ներքին տարաձայնությունը սկսվել է այն բանից հետո, երբ նախարարը Նազինյանին հրահանգել է Բարսեղյան ազգանունով մեկի կազմած եզրակացության տակ ստորագրել, սակայն Նազինյանը պնդել է, որ կեղծ ակտի տակ չի ստորագրի:

Արդյունքում, այս թեման դարձել է ներքին կռիվների պատճառ, և Ավանեսյանը շունչը պահած սպասել է, թե երբ պետք է պայմանագրի ժամկետը Նազինյանի հետ ավարտվի ու նրան հրաժեշտ տա։ Այդ ընթացքում նախարարությունից «Ժողովուրդ»-ին շարունակ լուրեր էին հաղորդում, թե Նազինյանին Ավանեսյանը ցանկանում է հեռացնել աշխատանքից՝ գինարբուքների հաճախ մասնակցելու համար:

Ի դեպ, լուրեր կան, որ նախարար Ավանեսյանը դեռ Նազինյանին փոխարինող չի գտել եւ փնտրտուքների մեջ է»։