կարևոր
655 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-29 16:00
Քաղաքական

Իշխանության կողմից ոչ մի արժանի հիշատակում պատերազմի և տղաների սխրանքի մասին․ փոխարենը՝ զվարճանք․ ոչինչ չի՛ մոռացվելու․ Դանիելյան

Իշխանության կողմից ոչ մի արժանի հիշատակում պատերազմի և տղաների սխրանքի մասին․ փոխարենը՝ զվարճանք․ ոչինչ չի՛ մոռացվելու․ Դանիելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրում է․

«Այն, ինչ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի տարելիցին մեր հարկերից սնվող Հանրային հեռուստաընկերության եթերում, պարզապես սրբապղծություն էր։

Այն պահին, երբ մեր հերոս նահատակների հարազատները Եռաբլուրում սգում էին իրենց վիշտը, Հանրայինի եթերում ուրախ համերգ էր։

Հեռուստաալիքի էջերն ամիջապես ողողվեցին մեր հազարավոր գիտակից հայրենակիցների մեկնաբանություններով, ինչին հաջորդեց ներողությունը: Սակայն, ներողության տեքստի տոնից ու ձևակերպումներից ակնհայտ էր՝ պատասխանատուները ոչ միայն չեն գիտակցել կատարվածի ծանրությունը, այլև գործ ունենք ամենևին ոչ պատահական արարքի հետ։

Սա՛ է Նիկոլ Փաշինյանի երազած Հայաստանը, որի մասին նա անթաքույց գրել է իր գրքում․ մի Հայաստան, որտեղ զոհերի մայրերի, քույրերի ու կանանց ողբը պետք է խլանա աղմուկի մեջ։

Իշխանության ներկայացուցիչների կողմից ոչ մի արժանի հիշատակում պատերազմի և մեր տղաների սխրանքի մասին․ փոխարենը՝ զվարճանք, անարժանապատվություն և ուրացում։

Սա՛ է ՔՊ-ի իրական վերաբերմունքը մեր նահատակների հիշատակի նկատմամբ։

Բայց մի բան հուսադրող է․ մեր հայրենակիցները չեն հանդուրժում նման պղծությունները։

Պատասխանատուները պետք է ոչ թե պարզապես ներողություն խնդրեն, այլ պատժվեն՝ առնվազն աշխատանքից ազատվելով։

Ոչինչ չի՛ ներվելու, չի՛ մոռացվելու»։