կարևոր
2209 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-02-13 23:27
Աշխարհ

Բաքուն պարտադրված հաշվի է նստելու իր «սեւ ցուցակում» ընդգրկված Գաբբարդիի հետ, որը նշանակվել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն

Բաքուն պարտադրված հաշվի է նստելու իր «սեւ ցուցակում» ընդգրկված Գաբբարդիի հետ, որը նշանակվել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն

Ադրբեջանական վայնասունը չտվեց իրենց ցանկալի արդյունքը,  Արցախ այցելած եւ Ադրբեջան  սև ցուցակում հայտնված ԱՄՆ նախկին կոնգրեսական Թուլսի Գաբբարդին  նշանակվել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում։

Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբն ակնկալում է, որ Գաբբարդին համապարփակ հետաքննություն կսկսի ԱՄՆ հետախուզության, քաղաքականության և արտաքին օգնության ձախողումների վերաբերյալ, որոնք նպաստել են Ադրբեջանի կողմից Արցախի բնիկ հայ բնակչության ցեղասպանական էթնիկ զտմանը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները, հատուկ հանձնարարությամբ, տեղեկատվական գրոհ էին  սկսել Թուլսի Գաբբարդիի դեմ՝ մեծ հրճվանքով լուսաբանելով այն, որ դեմոկրատ կոնգրեսականը  հարցաքննվել է Սենատի հետախուզության հանձնաժողովի կողմից։ Ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, թե նրան հարցեր են ուղղվել Ռուսաստանի մասին, քննարկել  նրա բացահայտ աջակցությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի դեմ նրա պատերազմին:

Նաեւ նեղսրտել էին՝ ամերիկացի սենատորները հարց չեն ուղղել նրան՝ կապված նրա Արցախ այցելության հետ՝ դա մեկնաբանելով, որ սենատորները «կամ չեն հիշել այդ մասին, կամ այս փուլում չի հետաքրքրել նրանց»։

Ադրբեջանական այս հիստերիայից հետո հայտնի դարձավ, որ Գաբբարդին ոչ միայն նշանակվել է, նաեւ Թրամփն է հեռախոսազրույց ունեցել Պուտինի հետ ու հիմա մնում է հասկանալ, թե ինչ  պետք է անի Բաքուն իր սեւ ցուցակի հետ՝ արգելելո՞ւ է ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրենին մուտք գործել Ադրբեջան, թե իրենք իրենց ձեռքով կպատռեն այն։

Լուսանկարում՝ Թուլսի Գաբբարդին Արցախի հանրապետության ԱԺ նախկին նախագահի հետ, Արցախում։