կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-09 10:20
Քաղաքական

Ընտրողների ցուցակում ընդգրկված է 2 մլն 592 486 մարդ. Մուկուչյանը մանրամասներ ներկայացրեց

Ընտրողների ցուցակում ընդգրկված է 2 մլն 592 486 մարդ. Մուկուչյանը մանրամասներ ներկայացրեց

ԱԺ արտահերթ ընտրությունների ընտրողների ցուցակում ընդգրկված է 2 մլն 592 486 մարդ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նա տեղեկացրեց, որ ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Ընդհանուր առմամբ` ընդգրկված է 1444 թեկնածու:

«Կազմավորվել է 2010 ընտրական տեղամաս, որից 12-ը՝ քրեակատարողական հիմնարկներում, որոնք կբացվեն ավելի ուշ: Սահմանված կարգով և ժամկետներում բացվել են 1998 տեղամասային կենտրոնները, և ընտրատեղամաս այցելած առաջին ընտրողներն արդեն  կատարել են իրենց քվեարկությունը: Այսօր առավոտյան տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկված ընդհանուր թվով 20 099 քաղաքացիներից չեն ներկայացել 94-ը, տեղի է ունեցել 7 համալրում: Հիշեցնեմ, որ հանձնաժողովները կազմվում են 10 անդամից»,- ասաց Մուկուչյանը:

 Նա տեղեկացրեց, որ գրանցումը կիրականացվի տեխնիկական սարքավորումների կիրառմամբ. ընդհանուր առմամբ, 4000 տեխնիկական սարքավորում է հատկացվել: Ժամը 08:00-ի դրությամբ գործարկվել են բոլոր տեխնիկական սարքավորումները, և տեխնիկական սարքավորումների բոլոր մասնագետները ներկայացել են տեղամասային կենտրոններ:

«Այս պահի դրությամբ տեխնիկական սարքավորումների աշխատանքի հետ կապված տեղեկատվությունը հավաքագրվում է: 5 տեխնիկական սարքավորման պարագայում առաջացել են խնդիրներ»,- ասաց Մուկուչյանը:

Նա հայտնեց, որ ընտրությունների դիտորդական առաքելություն կիրականացնեն 8 միջազգային և օտարերկյա կազմակերպությունների 509 և 17 813 տեղական դիտորդներ:

Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է տեղական 70 զանգվածային լրատվամիջոց՝ 1200 ներկայացուցչով, 31 օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցից՝ 80 ներկայացուցիչ: