կարևոր
406 դիտում, 6 ժամ առաջ - 2025-01-13 15:16
Քաղաքական

Իրան-Հայաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ

Իրան-Հայաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ

Հայաստանը կարեւորում է բազմադարյա պատմություն ունեցող եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական ջերմ հարաբերությունները: Հայաստան-Իրան հարաբերությունները ռազմավարական մեծ նշանակություն ունեն. ողջունելով ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը՝ ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը:  Ընդգծելով խորհրդարանական տարբեր ձեւաչափերով համագործակցության անհրաժեշտությունը՝ Արմեն Խաչատրյանը նշել է, որ այն խթան կհանդիսանա միջխորհրդարանական համագործակցության հետագա ընդլայնման ու գալիք նախաձեռնությունների իրականացման համար, տեղեկանում ենք ՀՀ ԱԺ կայքից։

ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Իրանի արտաքին քաղաքականության  մեջ Հայաստանն իր առանձնահատուկ դիրքն ու կարեւորությունն ունի: «Ինչպես ընդգծել է Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդը, մենք աջակցում ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը եւ դեմ ենք սահմանների ու տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին»,- ասել է Արա Շահվերդյանը:

Արմեն Խաչատրյանն ընդգծել է տարածաշրջանային անվտանգության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության հարցերում Իրանի ցուցաբերած դիրքորոշման կարեւորությունը:

Երկկողմ օրակարգն առաջ մղելու հարցում նշվել է, որ համագործակցության բազմաթիվ ոլորտներ կան, որտեղ պետք է խորացնել փոխգործակցությունը:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 13-ին: