կարևոր
1039 դիտում, 1 ամիս առաջ - 2024-12-16 11:01
Աշխարհ

Թուրքիան չի մասնակցել Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին․ Ֆիդան

Թուրքիան չի մասնակցել Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին․ Ֆիդան

Թուրքիան չի մասնակցել Սիրիայում զինված ընդդիմության գործողությանը, որը հանգեցրել է Բաշար ալ-Ասադի վարչակազմի տապալմանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հաքան Ֆիդանը։

««Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի (HTS) և այլ ընդդիմադիր խմբավորումների գործողությունների մեկնարկից հետո մենք ինտենսիվ ջանքեր գործադրեցինք՝ ապահովելու, որ այն իրականացվի ամենաանարյուն ձևով, բայց մենք մինչ այդ չենք միավորվել որեւէ երկրի կամ խմբի հետ, չենք մասնակցել նման պլանավորմանը», - նրա խոսքը փոխանցում է ТАСС-ը։

Ֆիդանը նաև ասել է, որ չի հանդիպել Սիրիայի նախկին նախագահի հետ՝ Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման հարցը քննարկելու համար, թեև նման փորձեր բազմիցս արվել են երրորդ երկրների միջնորդությամբ։

«Փորձ ենք արել գալ, ցանկացել ենք, մերժել են։ Մենք նույնիսկ որպես միջնորդ օգտագործել ենք տարածաշրջանի երկրները, մասնավորապես՝ Իրաքը։ Ասադը բացասական պատասխան է տվել բոլորին: Իսրայելը երբեք չի ցանկացել, որ Ասադը հեռանա: Ասադն ընդհանուր առմամբ օգտակար խաղացող էր նրա համար»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 27-ին «Ջեբհաթ ան Նուսրա»-ի զինյալները խախտել են հրադադարի մասին համաձայնագիրը և գրոհել Սիրիայի Հալեպ և Իդլիբ Նահանգների վրա: Սիրիական բանակին աջակցում են Ռուսաստանի օդատիեզերական ուժերը՝ հարվածներ հասցնելով ահաբեկիչների տեխնիկային, կառավարման կետերին, պահեստներին և հրետանային դիրքերին։ Նոյեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ թուրքամետ արմատական խմբավորումները գիշերվա ընթացքում գրեթե ամբողջությամբ գրավել են Սիրիայի Հալեպ քաղաքը, իսկ Հալեպի գլխավոր հյուպատոսությունն ու Հայկական մարդասիրական առաքելությունը տարհանվել են։ Դեկտեմբերի 5-ի երեկոյան հայտնի դարձավ, որ հակակառավարական ուժերը գրավել են Սիրիայի կենտրոնական Համա քաղաքը, դեկտեմբերի 7-ի երեկոյան՝ Հոմսը, իսկ դեկտեմբերի 8-ի առավոտյան՝ մայրաքաղաք Դամասկոսը: Դեկտեմբերի 9-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը լայնածավալ ռմբակոծություններ են իրականացրել Սիրիայում ռազմական և պաշտպանական օբյեկտների վրա։ Բանակը հատել է սահմանը և գրավել բուֆերային գոտին Գոլանի բարձունքներում։ Նեթանյահուն ասել է, որ Գոլանի բարձունքները հավերժ կմնան Իսրայելի «անբաժանելի մասը»: Գոլանի բարձունքները եղել են Սիրիայի կազմում մինչև 1967 թ.։ Վեցօրյա պատերազմի ժամանակ իսրայելական զորքերը գրավեցին այս տարածքը։ 1973 թվականի Յոմ Կիպուրի պատերազմից հետո կողմերը համաձայնություն կնքեցին զինադադարի և զորքերի բաժանման մասին։ 1974 թվականին Գոլանի բարձունքներում հայտնվեցին ՄԱԿ-ի խաղաղապահ հենակետերը։