կարևոր
2626 դիտում, 1 ամիս առաջ - 2024-07-26 15:47
Հասարակություն

Մեր նպատակն է ամեն ջանք գործադրել, որպեսզի արցախցին մնա Հայաստանում. Մարո Քեշիշյան

Մեր նպատակն է ամեն ջանք գործադրել, որպեսզի արցախցին մնա Հայաստանում. Մարո Քեշիշյան

ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի Մարո Քեշիշյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում խոսել է Արցախի բռնի տեղահանությունից հետո ՀՕՄ-ի կողմից իրականացված արցախցիների օժանդակության ծրագրերի մասին։

Նրա խոսքով՝ արցախցիների տեղահանությունից հետո, ՀՕՄ-ի Հայաստանի միավորը՝ ՀՕՄ-ի Արցախի մեկուսի մասնաճյուղի հետ միասին, աշխարհասփյուռ ՀՕՄ-ի կառույցների հովանավորությամբ, ամբողջ ուժով նվիրվել է օժանդակության գործին և հիմնական կենտրոնացումն արցախցիների վրա էր։ Հայաստանի մասնաճյուղերն էլ իրենց հերթին ակտիվորեն մասնակցել են արցախահայության աջակցության ծրագրերին։

«Առաջին հերթին սնունդով և հիգիենայի պարագաներով փորձեցինք օգնել։ 11 հազար ընտանիքի այս կամ այն ձևով օգտակար եղանք։ Դրանից բացի, վերջին պատերազմում զոհված, Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի հետևանքով մահացած կամ անհետ կորած, սոցիալապես անապահով 827 ընտանիքի 40 հազար դրամի չափով սնունդ գնելու քարտեր տրամադրեցինք, հետո այդ քարտերից ստացան նաև հաշմանդամ երեխա ունեցող 127 ընտանիքներ»,- նշել է Մարո Քեշիշյանը։ Այժմ բազմազավակ ընտանիքների տվյալներ են հավաքագրում, որպեսզի նման  ծրագրերով օժանդակություն տրամադրեն։

Տեղահանությունից հետո ՀՕՄ-ի Հայաստանի միավորի կենտրոնին են դիմում բազմաթիվ արցախցիներ՝ տարբեր խնդիրներով ու հնարավորինս ՀՕՄ-ը փորձում է օգտակար լինել հագուստով, սննդով կամ այլ միջոցներով։

Միավորը նաև հասցեատերերին է ուղղում տարբեր բարերարների ուղարկած նվերները, նյութական միջոցները։ «Գորիսում ապրող 53 ընտանիքի նյութական օժանդակություն է տրամադրվել, որը փոխանցել էր ՀՕՄ-ի Արևմտյան ԱՄՆ-ի շրջանը։ Նույն շրջանի կողմից տրամադրված կենցաղային իրերը ևս բաժանել ենք Շիրակի մարզի Ախուրյան և Գյումրի համայնքներում ապրող արցախցիներին։ Ինչ նվիրատվություն ստանում ենք, փորձում ենք հասցնել արցախահայությանը, մեր դռները միշտ բաց են նրանց համար»,- ասում է ՀՕՄ-ի Հայաստանի միավորի ատենապետուհին։  

Նախքան կենցաղային տեխնիկա հատկացնելը ՀՕՄ-ի Ախուրյանի մասնաճյուղի անդամներն այցելել են արցախահայ կարիքավոր ընտանիքներին, գնահատել նրանց կարիքները, ապա տրամադրել համապատասխան օժանդակությունը. սառնարան, լվացքի մեքենա և այլ կենցաղային իրեր։

Մարո Քեշիշյանը նաև հայտնել է, որ Բըրբենքի ՀՄԸՄ-ի տրամադրած նվիրատվությամբ  եռօրյա սեմինար է ՀՕՄ-ը  կազմակերպել Ջերմուկում՝ ՀՅԴ ՀԵՄ-ի և ԱԵՄ-ի ընկերների համար։ «Նաև երկու ճամբար ենք նախատեսում կազմակերպել օգոստոս ամսվա ընթացքում Տավուշի մարզի Իջևան և Սյունիքի  մարզի Կապան համայնքներում, հիմնականում արցախցի երեխաների համար։ Նախատեսում ենք նաև Շիրակի մարզում կազմակերպել»,- հայտնել է Մարո Քեշիշյանը։

Խոսելով երկարաժամկետ ծրագրերի մասին՝ նա առանձնացրել է ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության «Հույսի օջախներ» ծրագիրը։ «Գյուղերում տներ ենք գնում, բարեկարգում և հանձնում արցախցի ընտանիքների։ Գործնական ընթացք ստացած այս ծրագրի առաջին տունը արդեն իսկ պատրաստ է Շիրակի մարզի Ախուրիկ գյուղում, որը շուտով կհանձնվի Արցախի Ճարտար քաղաքից բռնագաղթած բազմանդամ ընտանիքի։ Ուզում ենք մինչև տարեվերջ  10 ընտանիքի տուն տրամադրել»,- մանրամասնել է նա,- տվյալ ընտանիքը պետք է 10 տարի ապրի այնտեղ, որից հետո տունը արդեն իր սեփականը կդառնա։ Մեր նպատակն է՝ ամեն ջանք գործադրել, որպեսզի արցախցին Հայաստանում մնա, չհեռանա այստեղից»,- հավելել է Մարո Քեշիշյանը։