կարևոր
3550 դիտում, 3 ամիս առաջ - 2024-07-25 15:40
Քաղաքական

Հյուպատոսական շքերթ Կապանում. ինչի՞ են պատրաստում Զանգեզուրը

Հյուպատոսական շքերթ Կապանում. ինչի՞ են պատրաստում Զանգեզուրը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է՝ Մոսկվան Երեւանից քայլեր է ակնկալում Սյունիքի մարզի Կապանում (Զանգեզուր) գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ, եւ որ Ռուսաստանի տրամադրվածությունն այնտեղ լիաֆորմատ դիվանագիտական աշխատանքն արագ սկսելու հարցում փոփոխության չի ենթարկվել: Ավելի վաղ հաղորդվում էր՝ այն կարող է սկսել աշխատանքները 2024 թ-ից։

ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման առաջատար խումբը Կապան ժամանել էր 2023 թ-ի սեպտեմբերին, իսկ Հայաստանի կառավարույթունը համապատասխան համաձայնագիրը հաստատել էր դեռեւս 2022 թ-ի նոյեմբերին։ Սակայն, դատելով Զախարովայի հայտարարությունից, Զանգեզուրում հյուպատոսության բացումը հետաձգվում է։ Երեւանի իշխանությունները, որոնք ի սկզբանե համաձայնություն են տվել, փորձում են խոչընդոտել դրան, թեեւ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը հայտարարում էր՝ արդեն տարածք է հատկացրել դիվանագիտական ներկայացուցչության համար։ Միեւնույն ժամանակ, Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Sputnik Արմենիային տված հարցազրույցում նշել է՝ 2022 թ-ից Կապանում արդեն գործում է Իրանի գլխավոր հյուպատոսույթունը, որի հետ հաստատվել են աշխատանքային կապեր, այդ թվում՝ Մոսկվա-Երեւան-Թեհրան եռանկյունում փոխգործակցության զարգացման ուղղությամբ։ Սա առաջին։

Երկրորդ՝ նա նշում էր՝  Հայաստանում Ռուսաստանը մեկ գլխավոր հյուպատոսություն ունի Գյումրիում, այն դեպքում, երբ մեր երկրում գործում են Հայաստանի հյուպատոսական ներկայացուցչություններ Սանկտ Պետերբուրգում եւ Դոնի Ռոստովում՝ չհաշված Նովոսիբիրսկի եւ Վլադիկավկազի երկու գրասենյակները, ինչպես նաեւ վեց պատվավոր հյուպատոսներ՝ Վոլգոգրադում, Կալինինգրադում, Պերեսլավ-Զալեսկ, Նիժնի Նովգորոդում, Տյումենում, Եկատերինբուրգում։ Այո, այդ քաղաքներում նկատելի է հայկական սփյուռքը, մինչդեռ Սյունիքում ՌԴ քաղաքացիներ գրեթե չկան։ Նմանատիպ իրավիճակում է հայտնվում նաեւ Ֆրանսիան, որը նույնպես հայտարարել է Կապանում հյուպատոսություն բացելու ցանկության մասին, բայց դա բացատրում է «Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման» ձգտմամբ։ Ի դեպ, նման մոտիվացիա առկա է նաեւ Իրանի գործողություններում։ Ճիշտ է, Կապանում հյուպատոսության բացումը Թեհրանը կապում էր Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման եւ, որ Սյունիքի մարզը (Զանգեզուրը) «Հյուսիս — Հարավ միջանցքի կարեւորագույն հատվածներից մեկն է»։ Այդ իսկ պատճառով Հայաստանում ռուսական (եւ ոչ միայն) դիվանագիտական ներկայության ընդլայնման հետեւում հստակ նպատակ կա՝ ներկա լինել Կապանում, որը գնալով դառնում է զգայուն աշխարհաքաղաքական կենտրոն տարածաշրջանում։ Մյուս կողմից, բոլոր հատկանիշներով ենթադրվում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացումը, որը Հայաստանի տարածքով Ադրբեջանի արեւմտյան մասը միացնում է Նախիջեւանին եւ Թուրքիային։ Պատահական չէ՝ Ադրբեջանում վաղուց արագացված կերպով ընթանում են այդ երթուղու ենթակառուցվածքի կառուցման աշխատանքները։

Սակայն խնդիրն այստեղ այն է, որ Հայաստանին չի հաջողվում լիարժեքորեն խաղարկել աշխարհաքաղաքական ճգնաժամի խաղաքարտը, որն առաջացել է Ուկրաինայի հակամարտությամբ, երբ տեղի է ունենում ամբողջ Եվրասիայի տարանցման եւ լոգիստիկայի վերաձեւակերպման գործընթացը։ Ինչ էլ որ լինի, Անդրկովկասում առայժմ այդ փոփոխությունների առանցքային շահառուն դառնում է Ադրբեջանը, որն ունի լուծումների ընտրության լայն տարբերակներ՝ աշխարհագրական ընդգրկմամբ՝ Անդրկովկասից մինչեւ Միջին Ասիա եւ Մերձկասպյան տարածաշրջան՝ ամբողջությամբ։ Պատահական չէ՝ այստեղ ինտրիգը հետեւում է ինտրիգին։ Հիշեցնենք՝ 2020ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, որն ավարտել է ղարաբաղյան երկրորդ պատերազմը, արձանագրվել է ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերի տեղակայումը հաղորդակցթյուններին առնչվող տարածաշրջանային միջանցքների ապաշրջափակման գոտիներում, որոնք կապում են Բաքուն Նախիջեւանի հետ:

Փաշինյանն ու իր թիմն՝ Արեւմուտքի լիակատար աջակցությամբ, Մոսկվայի հետ այդ գրավոր պայմանավորվածությունները չեն կատարում։ Բացի այդ, սկսեցին Ռուսաստանին մեղադրել Հայաստանի ինքնիշխանության դեմ ոտնձգության մեջ։ Բայց տեղի ունեցավ անսպասելին։ Վերջերս տարածաշրջան այցելած ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել է՝ ԱՄՆ-ի համար կարեւոր է «Միջին միջանցքը» Սյունիքով (Զանգեզուր), քանի որ դրանով կարելի է արտահանել Միջին Ասիայի երկրների բնական հարստությունները՝ շրջանցելով Ռուսաստանը եւ «փակելով»  անգամ Չինաստանը։ Նոր շրջանցիկ միջանցքը կմիանա Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղուն (ՏՄ) եւ կանցնի Ղազախստանով, Ադրբեջանով, Թուրքիայով՝ հետագայում դեպի Եվրոպա: Բնական է՝ այստեղ եւս օպտիմալ տարբերակ է դառնում Զանգեզուրի միջանցքը։

Ուստի ԱՄՆ ձգտումների ֆոնին Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու անհրաժեշտության մասին Զախարովայի հայտարարությունը պատահական չի հնչել։ Առավել եւս, որ հայկական կողմի ցանկություններին համապատասխան՝ Ռուսաստանի կառվարության որոշմամբ նախատեսված էր պարզեցված սխեմայով գլխավոր հյուպատոսության բացում՝ առանց նոտաների փոխանակման միջոցով համաձայնագրի կնքման։ Իսկ հիմա Մոսկվան փորձում է արագացնել իրադարձություններն՝ ակնկալելով Անդրկովկասի, այդ թվում՝ Սյունիքում (Զանգեզուրում) արտաքին խաղացողների կողմից մշտապես տաքացվող կոնֆլիկտային ներուժի ավելացում։ Բացի այդ, Բաքուն եւ Երեւանը դեռ հեռու են խաղաղույթան պայմանագրի ստորագրումից, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքի բացման խնդիրների պատճառով։ Եվ դա տեղի է ունենում ԵՄ աշխարհաքաղաքական մարգինալացման ֆոնին, որը փորձում է միջնորդի դերում հանդես գալ կարգավորման գործընթացից Ռուսաստանին հետ մղելուց հետո, մինչդեռ նրան այդ միջանցքը ձեռնտու է, որովհետեւ երկիրը կապում է երկաթուղով, նախ՝ Թուրքիայի եւ երկրորդ՝ Հայաստանի հետ։ Իսկ Կապանում մեր դիվանագետների աշխատանքը պետք է նպաստի Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ԵԱՏՄ ձեւաչափով առեւտրատնտեսական կապերի զարգացմանը։

Բացի այդ, Սյունիքի մարզը (Զանգեզուրը) «դարպաս» է Հայաստանի եւ Իրանի հետ Եվրասիական միության առեւտրի համար։ Ի դեպ, թուրքական լրատվամիջոցները հայտնում են՝ Անկարան էլ կարող է հյուպատոսություն բացել Կապանում։ Իրադարձությունների այս ընթացքով շատ բան կառուցվում է այնտեղ արտաքին խաղացողների ներկայության գործողությունների հասկանալի տրամաբանության մեջ, որոնք պաշտպանում են ոչ միայն եւ նույնիսկ ոչ այնքան տարբեր փաստաթղթեր եւ ծառայություններ իրենց երկրի քաղաքացիներին մատուցելու համար։ Դա նշանակում է՝ տարածաշրջանը պատրաստվում է ինչ-որ կարեւոր իրադարձությունների։

 

Ստանիսլավ Տարասով

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի

Աղբյուրը՝ svpressa.ru