կարևոր
3511 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-01 20:24
Աշխարհ

Մոսկվան Կանադայի 99 քաղաքացու արգելել է մուտք գործել Ռուսաստան. ԱԳՆ

Մոսկվան Կանադայի 99 քաղաքացու արգելել է մուտք գործել Ռուսաստան. ԱԳՆ

Մոսկվան հակընդդեմ միջոցներ է կիրառել Կանադայի 99 քաղաքացու նկատմամբ՝ արգելելով նրանց մուտքը Ռուսաստան՝ պաշտոնական Օտտավայի ռուսատյաց քաղաքականության մշակմանն ու իրականացմանը մասնակցելու պատճառով: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Ի պատասխան հակառուսական պատժամիջոցների հերթական ալիքի, որոնք (վարչապետ) Ջասթին Թրյուդոյի ռեժիմը կիրառում է Վաշինգտոնին հաճոյանալու և Կիևի ազգայնամոլ իշխանությանն աջակցելու համար, մենք մշտական հիմունքներով փակում ենք մուտքը Կանադայի 99 քաղաքացու համար, որոնք ակտիվորեն ներգրավված են Օտտավայի ռուսատյաց քաղաքականության մեջ», - նշված է նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

ԱԳՆ-ն ընդգծել է, որ Ռուսաստանը բարությամբ է վերաբերվում Կանադայի ժողովրդին՝ առանձնացնելով նրան ներկայիս քաղաքական վերնախավից, որն ատելություն է մշակում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր մարտահրավեր են նետում լիբերալ-գլոբալիստական աշխարհակարգին:

«Հետևաբար, ի պատասխան պատժամիջոցների, որոնցով Օտտավան նույնիսկ ավելի ջանասիրաբար, քան Վաշինգտոնը, պատժում է ոչ միայն Ռուսաստանի առաջնորդներին, գիտնականներին, նկարիչներին և մարզիկներին, այլև սովորական քաղաքացիներին, մենք մեր «կարճ ցուցակում» ներառել ենք թշնամանք հրահրող և Զելենսկու հանցավոր ռեժիմին աջակցող գործիչների»,- ընդգծել է ԱԳՆ-ն։

Նշենք, որ պատժամիջոցների ցուցակում են հայտնվել խորհրդարանականներ, պաշտոնյաներ, գործարարներ, ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների մենեջերներ, փորձագետներ և մեդիաների ղեկավարներ, որոնք, ըստ ՌԴ ԱԳՆ–ի, քարոզչական ծածկույթ են ապահովում Ջասթին Թրյուդոյի թիմի համար։