կարևոր
4198 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-25 19:16
Հասարակություն

Ագրարայինի և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի մաթեմատիկան կամ ինչպես կարելի է 61 դիմորդներից ընդունել 89-ին

Ագրարայինի և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի մաթեմատիկան կամ ինչպես կարելի է 61 դիմորդներից ընդունել 89-ին

ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն առաջարկում է վերանայել և ընդլայնել պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների ցանկը՝ ներառելով ագրարային ուղղվածության կրթական ծրագրեր, բացառությամբ տնտեսագիտական մասնագիտությունների:

Ինչ խոսք, սա կարևոր քայլ է մի քանի ուսանողներով Ագրարային համալսարանի վերջին 4 տարիների ընդունելության շատ վատ ցուցանիշները կարգավորելու ուղղությամբ, սակայն ներկայացնենք մի քանի մտահոգիչ դիտարկումներ նախագծի հետ կապված՝

1. Նախագիծը տարածվելու է 2024-2025 ուստարվա առաջին կուրսեցիների վրա և լավագույն դեպքում ընդունվելու է օգոստոս ամսին, այն դեպքում երբ հայտագրման գործընթացն ավարտվել է մայիսի 10-ին:

2. Որոշումը չի կարող մեծ ազդեցություն ունենալ դիմորդների համալրման առումով, որովհետև անցած տարի ևս հայտագրման ընթացքում ագրարային համալսարանը դիմորդների շրջանում տանում էր տեղեկատվական աշխատանքեր կրթաթոշակի տրամադրման վերաբերյալ: Արդյունքում այդ մասնագիտությունների գծով ընդունվեցին 18 դիմորդներ և նրանցից ոչ ոք չստացավ խոստացված կրթաթոշակը:

Կոմիտեն և ագրարային համալսարանը դիմորդների մոտիվացիան կապում են ֆինանսների հետ, սակայն դա ամենևին էլ այդպես չէ, որովհետև ագրարային մասնագիտությունների անվճար տեղերի ավելի քան 95 տոկոսը թափուր են մնում:

3. Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ աշխատաշուկայում ագրոպարենային ոլորտի մասնագետների մեծ պահանջարկի և ՀԱԱՀ կողմից այդ պահանջարկին համապատասխանող կադրեր պատրաստելու կարողության մասին է վկայում այն փաստը, որ աշխատանքային կիսամյակ մեկնած ՀԱԱՀ երրորդ կուրսի առկա համակարգում սովորող ուսանողների շուրջ 60 տոկոսը, դեռ դիպլոմ չստացած, արդեն հիմնական աշխատանքի են անցել աշխատանքային կիսամյակը ՀԱԱՀ հետ կազմակերպող գործատուների մոտ՝ բավականին մրցունակ աշխատավարձերով։

Երբ ուսումնասիրում ենք ագրարայինի ընդունելության թվերը, պարզվում է, որ օրինակ ագրարային ճարտարագիտության ֆակուլտետ 2020թ. ընդունվել են 2, 2021թ.՝ 8, 2022թ՝ 0, 2023թ.՝ 2 դիմորդներ:

Մնում է պարզել, թե նախագծում աշխատանք գտած ուսանողների թիվը ինչու է ներկայացվել տոկոսներով, և ոչ թե բացարձակ թվերով:

Անհասկանալի է նաև այն, թե ինչպես են առկա ուսուցման համակարգում սովորող ուսանողներն անցել հիմնական աշխատանքի և ինչպես են համատեղում առկա ուսուցումն ու հիմնական աշխատանքը:

4. Հիմնավորման մեջ նշվում է նաև, որ նախատեսվում է, որ 2024-2025 ուսումնական տարում բակալավրի կրթական ծրագրով ագրարային ոլորտի նշված մասնագիտություններով կրթաթոշակ ստացող ուսանողների թիվը կլինի 89: Թերևս համալսարանն ու կոմիտեն տիրապետում են այլ մաթեմատիկայի և կանխատեսում են, որ այս տարի համալսարան կընդունվի 89 դիմորդ:

Ագրարային համալսարան այս տարի դիմել է 139 դիմորդ, որից ագրարային մասնագիտություններ դիմած դիմորդները 61-ն են (78-ը դիմել են տնտեսագիտական մասնագիտություններ): Վերջին տարիներին ագրարային դիմած դիմորդների 80 տոկոսը չի հաղթահարում նվազագույն շեմը:

Կստացվի, որ այս տարի կընդունվի 12 դիմորդ ( 61/100*20 %=12.2): Եթե հաջորդ երկու փուլերում ընդունվի առավելագույնը 8 դիմորդ, ապա արդյունքում այս տարի ընդհանուր հաշվարկով կընդունվի 20, այլ ոչ թե 89 դիմորդ: Ստացվում է, որ այս հաշվարկի արդյունքում պետական բյուջեն հատկացնելու է ավել շուրջ 58 միլիոն դրամ ( (89-20)ուսանող *70000 դրամ*12 ամիս=57960000 դրամ) գումար: