Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ներկայացնում ենք Աբրահամ Շիրակյանի բանաստեղծությունը․
Կգանք և մենք
Ինչպես որ անցել է աղխը Հայկի՝
երկնամերձ այս լեռներում թողած
օջախն իր, որ կոչվում է Հայկյան,
ինչպես անցել է և Հայկն ինքը՝
պրկված մատների մեջ՝ լայնալիճը,
որ գծեց ծիրը մեր ընթացքի,
կանցնենք և մենք:
Ինչպես որ անցել է առաջնորդը
մեր մեծ երթի՝ աշխարհակալ արքան,
որի տեգը սահմանեց մեր տեղը
տիեզերական ազգերի կարգում,
որ ընտրյալ են համարում իրենց
և հավատում ասքին այդ մոգական,
կանցնենք և մենք:
Ինչպես որ անցել են բազում այրեր՝
մեծահանճար և կորովով ոգու,
որոնց միտքը անծիր տիեզերքում
անդուլ որոնում էր նոր սահմաններ,
և անհաղթ բազուկներից նրանց
կամք էր հորդում, ինչպես վարար գետը,
կանցնենք և մենք:
Բայց եկել են նաև թույլ ու անկամ,
իմաստազուրկ այրեր, հոգով տկար,
այրե՛ր, որ եղել են շուն-վաշխառու,
դողացել են իրենց մորթու վրա,
ստրկության քշել արու և էգ,
պատվի և ճորտության շուկաներում
սակարկել են նրանք հայրենիքը
և հավաքել ոսկու անտակ պարկեր:
Մոլեգնել է, սակայն, մի խելագար,
հանկարծահաս մրրիկ, մեկեն զարկել,
տարել ոսկին անտակ,
տարել կին ու աղջիկ ՝
իրենց հարեմներին իբրև հարճեր,
որ նրանցից ծնվեն սուլթան համիդ-բճեր,
նորից սրի քաշեն իմ հայրենիքն:
Նրանք էլ են անցել՝
ժառանգներին թողած անհուն նզովք,
ո՛չ մի օրհնանք:
... Ազատությա՛ն սերունդ,
սերունդ ասպետակա՛ն,
այդ քո արյան վրա մոխիրներից հառնեց
հայրենիքն իմ նվաստ, խեղճ ու անկյալ,
ինչպես որ Դավիթը՝ քառասուն գազ հորից
ու Մելիքին գոռոզ մահվան վճիռ կարդաց:
Այդպես դու բարձրացար՝
փշուր-փշուր արած հազար ջաղացքարեր,
ազատեցիր Շուշին ու շղթայված Արցախն:
Եվ թվում է՝ արդեն դու էլ անցար՝
քո անունը դաջած փառքի մատյաններում,
որ նոր պիտի գրվեն:
Քեզ հետ
կանցնենք և մենք:
Բայց եկել է, ահա, մանկուրդների մի խումբ,
թշվառների ոհմակ անհայրենիք,
և արյունդ կրկին հանել շուկա,
շղթաներ է զարկել հոգիներին
ու մտքերը գամել ստրկության գամով,
կարծես լինեն ճորտերն իր կրքերի:
Եվ նրանց մեջ մեկը, մի մոլագար,
առաջնորդն այդ անդարձ խեղվածների,
ողջ երկիրը դարձրած Զարեհավան՝
շռայլում է «գոհարն» իր մտքերի,
թե իրենից առաջ և շա՜տ առաջ
արդեն անտուն էինք, անհայրենիք:
Զառանցում է մտքեր ցնորական,
սեր է խոստովանում անցորդներին,
սակայն մահ է սփռում իր շուրջը նա
ու խարույկներ վառում խրախճանքի:
Այս խորշակն էլ կանցնի,
կանցնենք և մենք:
Դու կլինես, սակայն, ի՛մ հայրենիք:
Դեռ գալու են նրանք՝ քո խենթ զավակները,
որ օրհասիդ ժամին մարտիրոսվեն,
քեզ լուսարձակ դառնա նրանց սերը:
Դեռ գալու են նրանք,
գծելու են թանձր մի հետագիծ,
և նրանց մեջ, այո՛,
կգանք և մենք: