կարևոր
4756 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-22 21:05
Հասարակություն

Մինչ այս պահը Ցեղասպանության միջոցառումների կազմակերպման հանձնաժողով չի ձևավորվել

Մինչ այս պահը Ցեղասպանության միջոցառումների կազմակերպման հանձնաժողով չի ձևավորվել

Ապրիլի 24-ին լրանում է Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցը: Մինչ օրս չի ստեղծվել միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով: Մինչև 2019 թվականն այդ հանձնաժողովը ստեղծվում էր 2-3 ամիս առաջ, հանրային հեռուստատեսությունը միջազգային եթերաժամանակ էր տրամադրում՝ այլ երկրներում Ծիծեռնակաբերդից ուղիղ հեռարձակման համար: Հրավերներ էին ուղարկվում տարբեր դեսպանությունների, պատվիրակություններ էին հրավիրվում՝ մասնակցելու ապրիլի 24-ի արարողակարգին: Ամեն տարի մի քանի երկրի ղեկավար էր գալիս Հայաստան, որոնց այցը լուսաբանում էին մի քանի տասնյակ միջազգային լրատվամիջոցներ:

Հիմա, «խաղաղության նոր օրակարգի» ձևավորման պայմաններում, ՀՀ իշխանությունը փաստացի մոռացել է և մյուսներին էլ փորձում է պարտադրել մոռանալ ապրիլի 24 ամսաթիվը: Պետական որևէ կառույց, որևէ միջոցառման կազմակերպման մասին որևէ հաղորդագրություն չի տարածել: Միայն օրերս տված ասուլիսում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն ասաց, որ թանագարանի մուտքն ազատ կլինի այցելուների համար, բացի այդ, սովարականի նման կգործի հանրային անվճար երթուղի և վերջ: Որևէ պաշտոնական տեղեկություն չկա, թե որ երկրներին է հրավեր ուղարկվել, իսկ ԱԳՆ-ին զանգերն ու գրությունները մնում են անպատասխան: Սա հստակ տարվող քաղաքական գիծ է, որն ուղղված է հայի ինքնության ոչնչացմանը, սա մոռացության է մատնում 1,5 միլիոն հայերի անմահ հիշատակը:

Եթե չենք կարողանում, պետություն լինելով, 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը տարվա մեջ մեկ անգամ հարգել հավուր պատշաճի, ապա միջազգային հանրությունից ի՞նչ ենք պահանջում 44 օրյա պատերազմի զոհերի վերաբերյալ։ Արդյո՞ք նրանք պիտի հարգեն և պաշտպանեն հայ գերիների և խաղաղ բնակչության շահերը։ Իշխանությունը մեր պատմությունն ու ինքնությունը դնում է զոհասեղանին՝ հայ-թուրքական սահմանի բացման դիմաց։ Սրանք նույնիսկ նույն նժարի վրա լինել չեն կարող։

Տնտեսական բաղադրիչը կարևորելն ուղղակի քոչվոր, առևատրական է դարձնում ողջ ազգին։ Եվ սա այն դեպքում, երբ տնտեսագետները վստահեցնում են՝ մենք ոչինչ չունենք վաճառելու, և էականն այստեղ կրկին թուրքական շահի և օրակարգի սպասարկումն է: Պարզապես այդ գործողությունն արվում է Թուրքիային և Արևմուտքին հաճոյանալու համար, որն էլ ինչ-որ ժամանակով երկարաձգելու է Փաշինյանի իշխանությունը:

Նկատենք, որ դեռ նախորդ տարի, ապրիլի 18-ին, ԱԺ իր ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ հայ ժողովուրդը հանուն խաղաղության պետք է պատրաստ լինի ցավոտ լուծումների: Սակայն չէր ասել, որ դրանք անվերջ են և մեկը մյուսից ցավալի՝ Արցախի հանձնումից, մինչև Տավուշ ու այդպիսի շղթայական շարունակություն: Այդ ցավոտ լուծումներից մեկն էլ՝ մոռանալ 100 ամյա վաղեմություն ունեցող

Ցեղասպանությունը և ձեռքը մեկնած խաղաղություն մուրալ՝ հույս ունենալով, որ մի օր Թուրքիան իր շահերից ելնելով կսեղմի այդ ձեռքը։

Աղբյուրը՝ 1or.am