Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․««Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը, որը ստորագրվել է երկու երկրների կողմից»: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան հայտնել են Հայաստանում Եվրամիության դեսպանությունից:
«Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշում ստանալու համար դիմել էր ՀՀ-ում ԵՄ առաքելության գրասենյակ: Ապրիլի 5-ին ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսիին խնդրել էինք պատասխանել հետեւյալ հարցերին՝ թե ո՞ր թվականի քարտեզներն է միջազգային հանրությունը համարում լեգիտիմ եւ առաջարկում սահմանազատումն իրականացնել այդ քարտեզներով, ինչո՞ւ դեսպանը, որպես միջազգային հանրության կարկառուն ներկայացուցիչ, չի գործադրում ջանքեր, որպեսզի Ադրբեջանը, որ 2021 թվականից օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքները Սյունիքի, Գեղարքունիքի եւ Ջերմուկի հատվածներում, հետ քաշվի: Եթե գործադրում է ջանքեր, ապա ինչո՞ւ չկա հաջողություն: ՀՀ վարչապետը մարտի 18-ին՝ Տավուշի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել էր, որ եթե 1 շաբաթվա ընթացքում սահմանազատման գործընթացը չսկսվի, այսինքն՝ տարածքները չհանձնվեն, ապա պատերազմ է սկսվելու:
Դեսպանն ի՞նչ տեղեկություն ունի. արդյո՞ք պատերազմը անխուսափելի է, եւ եթե հարձակում լինի ՀՀ-ի վրա, ինչպե՞ս կարձագանքի դրան միջազգային հանրությունը:
Մեր այս հարցերին ի պատասխան ՀՀ-ում ԵՄ դեսպանությունից տվել են հետեւյալ պատասխանը. «Հայաստանն ու Ադրբեջանը հանդիսանում են 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի ստորագրող կողմեր, որով 11 Խորհրդային Հանրապետությունները հայտարարել են, որ նրանց վարչական սահմանները կարող են լինել եւ նրանց միջազգային սահմանները: Այս հանձնառությունը վերահաստատվել է վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Ալիեւի կողմից 2022 թվականին Պրահայում: Սա նաեւ հիմքն է ԵՄ-ի կողմից այս երկրներից յուրաքանչյուրի ճանաչման համար։
Վարչական սահմանը երբեք միջազգային սահման չի հանդիսացել. ուստի, անհրաժեշտ է այն սահմանազատել ու սահմանագծել պատշաճ կերպով, բայց մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը, որը ստորագրվել է երկու երկրների կողմից:
Ինչպես գիտեք՝ ԵՄ-ն ակտիվորեն ներգրավված է խաղաղության կարգավորման գործընթացում, նախ՝ նախագահ Միշելի մակարդակով հրավիրվող առաջնորդների հանդիպումների միջոցով, ինչպես նաեւ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կողմից կողմերի հետ իրականացվող ամենօրյա աշխատանքի միջոցով, իսկ ինչ վերաբերում է սահմանազատմանը, ապա հստակ է, որ դա արվում է երկկողմ մակարդակում, եւ մենք աջակցում ենք միջազգային իրավունքի դրույթներին եւ Ալմաթիի հռչակագրին համահունչ լուծումներին:
Այս գործընթացում, բնականաբար, պետք է քննարկվեն բոլոր տարածքները, ներառյալ նրանք, որտեղ ադրբեջանական ստորաբաժանումները գտնվում են, եւ որոնք եղել են Հայկական ԽՍՀ-ի կազմում, ինչպես նաեւ այն տարածքները, որտեղ հայկական ստորաբաժանումները գտնվում են, եւ որոնք եղել են Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում եղած տարածքում։
ԵՄ-ն մշտապես ընդգծել է ցանկացած սպառնալիքից զերծ մնալու, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի կողմից չլուծված բոլոր խնդիրները բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։ Վերջերս այդ մասին ԵՄ-ի անունից ընդգծել է նաեւ Փիթեր Ստանոն»: