կարևոր
2338 դիտում, 1 ամիս առաջ - 2024-04-15 22:32
Հասարակություն

Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում

Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում

«Հայտնի դեպքից հետո, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թքել է քաղաքացու վրա այն բանից հետո, երբ նրան հրապարակավ «դավաճան» են անվանել, քաղաքացիական հասարակության բազմաթիվ կազմակերպություններ իշխանություններից պահանջել են միջոցներ ձեռնարկել բարձրաստիճան պաշտոնյայի դեմ՝ ՔՊ-ին կոչ անելով էթիկայի հանձնաժողով ստեղծել, իսկ իրավապահ մարմիններին՝ խուլիգանություն հոդվածով գործ նախաձեռնել»,- տարեկան զեկույցում նշում է Freedom House միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը՝  շեշտելով, որ երկու պահանջներն էլ մերժվել են՝ առանց Ալեն Սիմոնյանի համար որևէ հետևանքի։

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև աղմկահարույց այլ իրադարձությունների։ Մասնավորապես՝ նշվում է․ «Մայիսին անկախ հետաքննությունը հաղորդել էր Pegasus-ի՝ իսրայելական լրտեսական ծրագրի միջոցով 12 մարդու, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, լրագրողների և նախկին պաշտոնյաների վրա հարձակման մասին, որը հայտնի է, որ վաճառվել է կառավարություններին: Չնայած փորձագետները կարծում են, որ այս դեպքերում մեղավորն Ադրբեջանն է եղել, սակայն տեղեկություններ կան, որ Հայաստանի կառավարությունը ներքին հսկողության համար օգտագործում է մեկ այլ լրտեսական ծրագիր՝ Predator-ը: Այդ ծրագիրը մշակվել է «Intellexa Consortium» հունական ընկերության կողմից, որը գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ»:

Քաղհասարակությանը վերաբերող հատվածում մյուս խնդիրը իրավապաշտպան կազմակերպությունը համարում է այն, որ Երևանի ավագանու ընտրություններին նախորդած քարոզարշավի ժամանակ Ավինյանը և կուսակցական ցուցակի մյուս թեկնածուները վերսկսել են բանավոր հարձակումները և ընտրությունների դիտորդական առաքելությունների նկատմամբ վստահությունը խաթարելու փորձերը՝ ի պատասխան ՔՊ-ի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հաղորդումներին։ Ավինյանը կասկածի տակ է դրել նաև ՔՀԿ-ների ֆինանսավորման աղբյուրները և նրանց մեղադրել ընտրությունները շահարկելու մեջ:

Հաջորդ անդրադարձը վերաբերում է Երևանում տարվա ընթացքում տեղի ունեցած բողոքի ակցիաներին և հատկապես Արցախի վրա Ադրբեջանի հարձակման և բռնագաղթի օրերին տեղի ունեցած բողոքի ակցիաներին և դրքանք ցրելու բիրտ մեթոդներին։ «2023 թվականի ցույցերը սովորական դարձան և կազմակերպվեցին քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից: Չնայած անվանականորեն դրանք նվիրված էին այլ / ներքին սոցիալական, քաղաքական կամ իրավական հարցերի, բողոքի ցույցերի օրակարգը հիմնականում թելադրված էր անվտանգության մշտական սպառնալիքներով և Ադրբեջանի հետ հակամարտությամբ: Հաղորդվում էր, որ ոստիկանությունը չափազանց մեծ ուժ է կիրառել ցուցարարների դեմ, հատկապես Ղարաբաղում էթնիկ զտումների հետևանքով առաջացած ցույցերի ժամանակ: Դաժանության դեպքերից մի քանիսը պատասխան էին ցուցարարների ագրեսիային, սակայն մյուս դեպքերը չհրահրված էին»։

Միջազգային զեկույցում նշվում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 2020թ․ փոփոխությունը, որը քրեականացնում է բռնության հրապարակային կոչերը և բռնության հրապարակային արդարացումը կամ քարոզչությունը, ընդունման պահից ի վեր օգտագործվել է հիմնականում ընդդիմադիրների դեմ, մինչդեռ իշխանամետ դերակատարների կողմից կատարված իրավախախտումներն անտեսվել են։

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։