Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքի վրա իսրայելական հարձակման եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու առաջնորդների սպանության մասին լուրերի տարածման առաջին իսկ պահից ի վեր ի հայտ եկան ընդհանուր եւ մասնավոր բնույթի հարցեր, որոնց պատասխաններից կարելի է գոնե ուրվագծային հասկանալ, թե ինչ է կատարվում եւ ինչ սպասել Մերձավոր Արեւելքում:
Նախ ընդհանուրի մասին: Հորդանանցի փորձագետ Մահեր Աբու Թաիրը կարծում է՝ Դամասկոսում իրանական հյուպատոսության վրա իսրայելական հարձակումը հանգեցնում է տարածաշրջանային պատերազմի վերկենդանացման, քանի որ իսրայելական հարվածն առաջին անգամ ուղղվել է իրանական դիվանագիտական առաքելությանը (իրավաբանորեն՝ Իրանի տարածք), ինչը թույլ է տալիս խոսել Իսրայելի եւ Իրանի միջեւ էսկալացիան սկզբունքորեն նոր մակարդակի հասցնելու մասին: Նախկինում Իսրայելը տարբեր միջոցներով հարձակվում Էր Իրանի վրա՝ հարձկվելով Սիրիայում իրանական ռազմաբազաների վրա, հրկիզելով Իրանի ներսում որոշ արդյոոնաբերական օբյեկտներ, սպանելով միջուկային մասնագետներին եւ այլն: Այժմ իրավիճակը փոխվել է, եւ Իրանը կանգնած է ընտրության առաջ, թե ինչպես դրսեւորել իերն, եթե դա «ոչ թե իսրայելական նոր նախագծի վերին սահմանն է, այլ միայն դրա սկիզբը»: Այս կապակցությամբ լիբանանյան Lebanon24 թերթը փաստում է՝ «իրանցիները հայտնվել են «ռազմավարական համբերության» շեմին՝ հասկանալով, որ «վրեժխնդրության կատաղի հարվածը կարող է ընդլայնել պատերազմը՝ դրանով իսկ ծառայելով Բինյամին Նեթանյահուին, որը ձգտում է ընդլայնել եւ երկարացնել պատերազմը՝ իր կառավարոթյան կյանքը երկարացնելու համար»: Միեւնույն ժամանակ, Դամասկոսի համալսարանի Միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Բասսամ Աբու Աբդուլլան կարծում է՝ իսրայելական հարձակումն «անցել է շատ չասված կարմիր գծեր»՝ նկատի ունենալով ոչ միայն Իսրայելի եւ ԱՄՆ-ի, այլեւ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ որոշակի պայմանավորվածությունները Գազայում վեց ամիս տեւած պատերազմից հետո: Նրա խոսքով՝ «ամերիկացիների ճնշման ներքո Նեթանյահուն այլեւս բավարար ժամանակ չունի Գազայում պատերազմը շարունակելու համար, դրա փոխարեն նա դիմել է հարձակումների Լիբանանում եւ Սիրիայում՝ Իրանի արձագանքի ակնկալիքով եւ ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմում ներգրավելու նպատակով»:
Իսրայելն Իրանին համարում է «տարածաշրջանի գլխավոր խաղացող» եւ «ռազմավարական հարվածներ է հասցնում «Թեհրանի կուլիսներում գլխավորած այսպես կոչված» դիմադրության առանցքին»: Իսրայելի բանակի ներկայացուցիչ Դանիել Հագարին նույն համատեքստում պնդում է․ CNN-ին տված հարցազրույցում նա ասել է, որ վերջին վեց ամիսների ընթացքում Իրանը իբր «տարածաշրջանը ներքաշել է էսկալացիայի մեջ՝ օգտագործելով իր բանագնացներին Լիբանանի սահմաններից մինչեւ Կարմիր ծով»: Այսպես, փաստ է դառնում այն, որ Իսրայելի ղեկավարությունը սկսել է գլխավոր ռազմական շեշտադրումները Գազայից տեղափոխել Լիբանանի, ավելի ճիշտ՝ Հըզբոլլահի կողմը՝ Բեքաայի հովտի խորքը, որտեղ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ չհայտարարված պայմանավորվածության համաձայն «գոյություն ունի օպերատիվ սահմանափակումների համալիր, որոնք թույլ չեն տալիս Իրանին պատասխանել Իսրայելին, նույնիսկ եթե նա հնարավորություն ունի դա անել»:
Հիմա կարեւոր առանձնահատկությունների մասին: Դամասկոսում դեսպանատան օբյեկտների վրա Իսրայելի հարձակումից ընդամենը մի քանի ժամ անց The New York Times թերթը, վկայակոչելով իրանցի պաշտոնյաներին, հայտնել է՝ «արշավանքի նպատակը Դամասկոսում Իրանի դեսպանատան հարակից շենքում իրանական հետախուզության աշխատակիցների եւ պաղեստինյան «Ջիհադ» շարժման առաջնորդների միջեւ գաղտնի հանդիպումն էր»: Մյուս կողմից, NBC-ն նույնպես, վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին, հայտնել է՝ «Իսրայելը Վաշինգտոնին տեղեկացրել է Դամասկոսի վրա հարձակման մասին այն ժամանակ, երբ նրա կործանիչներն արդեն օդում էին՝ չհստակեցնելով նպատակը»: Պարբերականը ենթադրում է՝ Իսրայելը մտավախություն ուներ, որ ԱՄՆ-ն կհասցնի զգուշացնել Իրանին։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա Բլինկենը միայն հայտարարել է՝ «Վաշինգտոնը փորձում է փաստեր հաստատել Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա Իսրայելի հարձակման մասին», իսկ Իսրայելի Պաշտպանության բանակի շտաբի պետ Հերսի Հալեւին ասում է, որ Իսրայելը ենթադրում էր «նախապատրաստվող լայնամասշտաբ պատերազմ Հեզբոլլահի դեմ»:
Նա նույնիսկ նախազգուշացրել է հյուսիսում գտնվող տեղական իշխանություններին, որ «Լիբանանի հետ սահմանակից քաղաքներում դասընթացները չեն կազմակերպվի մինչեւ 2024ի ավարտը»: Մտահոգիչ էր նաեւ այն, որ Լիբանանում Իսրայելի հետ սահմանի երկայնքով սկսվել է բնակչության տարհանում։ Դա կնշանակեր, որ Լիբանանի եւ Գազայի ճակատները բաժանելու Վաշինգտոնի ծրագիրը ձախողվում է, իսկ Լիբանանին սպառնում է սիրիական սցենարով առաջ շարժվելու վտանգ՝ ռազմական գործողությունների աշխարհագրական տիրույթի ընդլայնմամբ: Այս կապակցությամբ լիբանանցի ռազմական փորձագետ Խալեդ Համադան կարծում է, որ Իսրայելը «սկսել է Լիբանանը ներքաշել պատերազմի էպիկենտրոն» եւ դրա հետ են կապված Լիբանանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների եւ Դամասկոսում իրանցի գեներալների դեմ ահաբեկչությունները»
Բայց որտեղի՞ց Իսրայելին հայտնի դարձավ Դամասկոսի հյուպատոսությունում հանդիպման ժամանակի եւ վայրի մասին։ Ալ Արաբիա հեռուստաալիքի արաբական լրատվական կայքը նշում է՝ «շատ բան կապված է Իրանի ներքաղաքական պայքարի հետ, ներքին ընդդիմության գործոն, որը ներկայացված է Ռեֆորմիստների ճակատով, որոնք մշտապես քննադատում են պահպանողական կառավարությանը»: Ավելին, կարծում է, որ Իսրայելին հաջողվել է պարզել Դամասկոսում Թեհրանի հյուպատոսության հանդիպման ժամն ու վայրը իրանական հետախուզության ներսում իր գործակալների միջոցով, ուստի նրա հարվածները հիմնականում ճշգրիտ են եղել: Իսկ այժմ «Իսրայելին պատասխանելու Թեհրանի կարողությունը կամ անկարողությունը որոշվելու է նրա ռազմական ինստիտուտների կայունությամբ»։ Իսրայելին պատասխանել ոչ թե ուղղակիորեն, այլ «իր զենքի միջոցով Իրաքում, Լիբանանում, Սիրիայում եւ Եմենում, բացի այն խմբերից, որոնք նա աջակցում է Գազայում եւ Պաղեստինում»: Եվ դա, իհարկե, չի նշանակում, որ Իսրայելին պետք է պատասխան տրվի:
Սակայն Իրանի պաշտոնական IRNA լրատվական գործակալությունը մեջբերել է արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի խոսքերը, որ իր նախարարությունը «կանչել է Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ որպես Իրանում ամերիկյան շահերի հովանավոր, եւ նրան կարեւոր ուղերձ է փոխանցել»։ Աբդուլլահիյանը չի հրապարակել նամակի մանրամասները, սակայն ասել է՝ շվեյցարացի դիվանագետին կանչելու նիստի ժամանակ «պարզաբանվել են ահաբեկչական հարձակման եւ իսրայելական կազմավորման հանցագործության մասշտաբները, ինչպես նաեւ ընդգծվել է ԱՄՆ վարչակազմի պատասխանատվությունը»:
Ինչպես ասում են՝ շրջանակը փակ է։ Ճեպազրույցի ժամանակ Պենտագոնի խոսնակ Սաբրինա Սինգհը հայտարարել է՝ «մենք մասնավոր խողովակներով Իրանին հստակ հասկացրել ենք, որ պատասխանատվություն չենք կրում Դամասկոսում տեղի ունեցած հարվածի համար»: ԱՄՆ-ը նաեւ հայտարարում է, որ «չի կարող կանխատեսել, թե ինչ կարող է անել Իրանը՝ ի պատասխան Դամասկոսում իր հյուպատոսության հարվածի»: Իր հերթին Իրանւ սպառնում է «վրեժխնդրության հարված»։ Ի՞նչ է հաջորդելու:
Տարասով
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի