կարևոր
8854 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-14 15:39
Հասարակություն

Արարատի պետական բժշկական քոլեջը տոնում է իր 30-ամյակը

Արարատի պետական բժշկական քոլեջը տոնում  է  իր 30-ամյակը

Մարտի 12-ին Արարատի պետական բժշկական քոլեջը (ԱՊԲՔ) Արարատի մշակույթի և արվեստի կենտրոնի մեծ դահլիճում մեծ շուքով և հանդիսավորությամբ տոնեց իր կազմավորման հոբելյանական 30-ամյակը:

Միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍՆ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ Կ. Մանուկյանը, Արարատի մարզի մարզպետ Ս. Թևոնյանը, Արարատ խոշորացված համայնքի ղեկավար Ա. Ավետիսյանը, Երևանի հենակետային բժշկական քոլեջի տնօրեն Ն. Ներսիսյանը, փոխտնօրեն Մ. Սարգսյանը, Արարատի բժշկական կենտրոնի տնօրեն Ա. Սարդարյանը, փոխտնօրեն Ս. Սմբատյանը, բժիշկներ, բուժքույրեր, Արարատ քաղաքի մշակույթի տան տնօրեն Ա. Մխիթարյանը, քոլեջի ներկա և նախկին աշխատակիցները, ուսանողները, Ներքին գործերի նախարարության փրկարարական ծառայության ներկայացուցիչները (ՆԳՆ ՓԾ), Արարատի մարզային փրկարարական վարչության (ՄՓՎ) Արարատի հրշեջ փրկակարկան ջոկատը և այլոք:

Միջոցառման  ընթացքում ներկայացվեց քոլեջի պատմությունը, 30 տարվա գործունեությունը, շրջանավարտների և ներկայիս ուսանողների ձեռքբերումները և այլ տեղեկություններ քոլեջի վերաբերյալ համեմված հիշարժան ու զվարճալի պատմություններով: Միջոցառման մասնակիցները հենց քոլեջի ուսանողներն էին:

Ուսանողները միջոցառման ընթացքում անդրադարձ կատարեցին նաև Պարույր Սևակի 100-ամյակին, Համո Սահյանի 110-ամյակին, Շառլ Ազնավուրին:

«Բոլորը մեկ տեղում... Մեծագույն հաճույք էր ներկա գտնվել նման միջոցառմանը»,- ասում էր շրջանավարտներից Հռիփսիմե Խաչատրյանը:

Միջոցառումն իրենց կատարումներով ամբողջացրին Արարատ քաղաքի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի «Թամարա» նվագախմբի սաները։ ՆԳՆ ՓԾ  Արարատի ՄՓՎ Արարատի հրշեջ փրկակարկան ջոկատը  պատվոգիր հանձնեց նաև ԱՊԲՔ տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին:

«Երջանիկ է նա, ով իր կյանքը նվիրում է հասարակությանը, լույսի մի շող է թողնում յուրաքանչյուրի հոգում, կարողանում է ամբողջովին նվիրվել իր գործին, սիրել մարդկանց և վայելել բոլորի սերն ու վստահությունը: Հիրավի, մենք մի ընտանիք ենք, և մարտի 7-ին լրացավ մեր այդ ընտանիքի կազմավորման 30-ամյակը: Այսօր մենք հպարտությամբ կարող ենք ասել, որ մեր շրջանավարտները աշխատում են ոչ միայն Արարատի մարզի, ՀՀ-ի, այլև արտասահմանյան տարբեր երկրների բուժհաստատություններում»,- ասաց քոլեջի տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը:

 

 Նատալի Մինասյան