կարևոր
3556 դիտում, 6 ամիս առաջ - 2024-03-12 13:18
Քաղաքական

Արտաքին շահագրգիռ ուժերի համար անթոյլատրելի շռայլութիւն է, որ Հայաստանում որոշիչ դերակատարութիւն ստանձնի Դաշնակցութիւնը․ Արտաշէս Շահբազեան

Արտաքին շահագրգիռ ուժերի համար անթոյլատրելի շռայլութիւն է, որ Հայաստանում որոշիչ դերակատարութիւն ստանձնի Դաշնակցութիւնը․ Արտաշէս Շահբազեան

ՀՅԴ Հայաստանեան կառոյցը Արցախեան պայքարի ծնունդ է։

«Ալիք» օրաթերթի հարցազրոյցը հրապարակախօս, «Դրօշակ» պաշտօնաթերթի գլխաւոր խմբագիր Արտաշէս Շահբազեանի հետ:

-Պարոն Շահբազեան պատմէք խնդրեմ ինչպէս վերստին Հայաստանում ձեւաւորւեց Դաշնակցութեան կառոյցը: Դրա ձեւաւորման սկզբնական օրերից դուք եւս մասնակից էք եղել գործընթացին, ի՞նչ պայմաններում եւ ինչպէ՞ս կեանքի կոչւեց այն, ինչպէ՞ս արդիւնաւորւեց ազգի սերուցքի համախմբումը ազգային նոր պայքարի համար:

-Երբ  արցախեան ազգային զարթօնքը 1988 թւականին ընթացք առաւ Խորհրդային Միութիւնը դեռ անսասան էր որպէս կենտրոնաձիգ կայսրութիւն: Ժողովրդի բարձրացրած յուժկու ալեկոծութիւնը, սակայն, ներքեւում, հասարակական մակարդակում սկսեց տեղ բացել ու ընդլայնել  ազգային ու մարդկային ազատութիւնների եւ իրաւունքների սահմանները:

Գաղտնիք չէ, որ նախորդող հարիւրամեակում հայ ժողովրդի ազատագրութեան ու անկախութեան պայքարը գլխաւորել էր  Դաշնակցութիւնը: Յետեղեռնեան շրջանի սփիւռքեան կեանքի յարաբերականօրէն խաղաղ տասնամեակներին էլ Դաշնակցութիւնը տէր էր եղել  աշխարհասփիւռ հայութեան կենսական խնդիրների լուծմանը՝ այդ թւում եւ  անվտանգութեան, ինքնապաշպանութեան ու ազգային դատի հետապնդման ուղղութիւններով: Բնական է, որ հայրենիքում սկիզբ առած ազատագրական ու անկախական պայքարը ոչ միայն հոգեհարազատ էր Դաշնակցութեանը,  այլեւ երկար սպասւած իրադարձութիւն էր, որի անխուսափելիութեան ու օրինաչափութեան մասին մեր կուսակցական գործիչներն ու պատասխանատուները տարբեր առիթներով, տարբեր ժամանակներում  արտայայտւել են: 1989 թւականին Դաշնակցութիւնը կազմակերպօրէն վերադարձաւ հայրենիք ու ընդյատակում սկսեց ձեւաւորւել կուսակցական կառոյցը:

Սկզբնական շրջանում այն նոյնիսկ հանդէս չէր գալիս իր իրական անւամբ, մի քանի այլ անւանումների ներքոյ ձեւաւորւում էին իրարից անկախ  կառոյցներ՝ յընթացս իւրացնելով Դաշնակցութեան գաղափարախօսութիւնն ու գործելակերպը: Մինչեւ Դաշնակցութեան հիմնական կանոնագրի որդեգրումը երկու ժամանակաւոր կանոնագրերով ենք գործել, որոնցում յատկապէս շեշտը դրւած էր գաղտնիութեան եւ առանձին միաւորների ապակենտրոն գործունէութեան սկզբունքի վրայ։ Մի երկրում, որը համաշխարհային իմպերիալիզմի կողքին տասնամեակներ շարունակ Դաշնակցութեանը համարել էր իր հիմնական հակառակորդներից մէկը ստիպւած պիտի լինէիր գոնէ վերընձիւղման եւ արմատաւորման փուլում  գործելու հնարաւորինս գաղտնաբար։ Երբ իշխանութիւններին յայտնի դարձաւ  Դաշնակցութեան ոչ բացայայտ ձեւաւորման մասին հէնց կուսակցութեան անունով միանգամից հրապարակ դուրս բերեցին 7-8 ինքնակոչ խմբակների։ Պէտք է ասել, որ գաղտնի ծառայութիւններին բնորոշ այս գործելակերպը  մի քանի տարի բաւականին շփոթ ստեղծեց հասարակութեան մօտ եւ վնասեց Դաշնակցութեան վարկին։

1989 թւականին մի քանի անձինք են ընդունւել Դաշնակցութեան շարքեր, իսկ 90 թւականի առաջին ամիսներին տեղի ունեցաւ նախապատրաստութեան երկար շրջան անցած հարիւրաւոր թեկնածուների   երդմնակալութիւնը, որոնց հիմքի վրայ էլ 90 թւականի նոյեմբերին տեղի ունեցաւ ՀՅԴ Հայաստանի առաջին շրջանային ժողովը: Հիմնադիր այս ժողովը լուծարւած համարեց տարբեր անուններով գործող կազմակերպական օղակները  եւ բոլորի անդամներին միաւորելով ձեւաւորեց ՀՅԴ Հայաստանի միասնական կազմակերպական շրջանը, որպէս կենտրոնական կոմիտէութիւն։ Ժողովի գումարման եւ Դաշնակցութեան կառոյցի ստեղծման լուրը, ինչպէս եւ նորաստեղծ կենտրոնական կոմիտէի երկու ներկայացուցիչների անունները հրապարակւեցին։

Ինչպէս նշեցի վերեւում մինչեւ ՀՅԴ Հայաստանի կենտրոնական կոմիտէութեան կազմումը թեկնածուների հիմքի վրայ, ըստ էութեան, կուսակցական կառոյցը ձեւաւորւել էր մի քանի հրապարակային գործող կազմակերպութիւնների տանիքի ներքոյ, որոնցից էին Հայաստանի Ազգային Անկախութիւն կուսակցութիւնը՝ ՀԱԱԿ, «Միացումը», «Երկաթէ շերեփը»:

Նախապատրաստական շրջանում  ընդյատակում ձեւաւորւած կառոյցները  հրապարակայնօրէն հանդէս գալով այլ անւանումներով տպագրում էին իրենց մամուլը, հանդէս էին գալիս այլեւայլ նախաձեռնութիւններով եւ, կարելի է ասել, որ հասցրել էին կայանալ ու ճանաչւել ազգային շարժման ալիքի վրայ Հայաստանում ստեղծւած տարբեր կազմակերպութիւնների շարքում։ Անշուշտ դրանց լուծարումն ու Հայաստանում որպէս Դաշնակցութեան մէկ-միասնական կառոյց հանդէս գալը եղել էր բոլորիս երազանքը:

Ազգային համաժողովրդական շարժում էր տեղի ունենում փողոցում, բայց Խորհրդային բռնատիրութիւը կարծես առանձնայատուկ սեւեռւած էր Դաշնակցութեան գործունէութեան դէմ:

Խորհրդային բռնատէրերի համար ամենավտանգաւորը հէնց Դաշնակցութիւնն էր, որովհետեւ վերջինը մարմնաւորում էր հայ ժողովրդի ազատագրական պայքարը եւ շարունակում էր մնալ հայութեան ամենակազմակերպւած ուժը։ Առիթից օգտւելով, աւելացնեմ, որ հակադաշնակցական  այդ պայքարը երբեք չի ընդհատւել եւ այսօր էլ շարունակւում է: Արտաքին շահագրգիռ ուժերի համար անթոյլատրելի շռայլութիւն է, որ Հայաստանի պէս փոքր երկրում  որոշիչ դերակատարութիւն ստանձնի ազգային պետականութեան ակունքներում կանգնած, համաշխարհային կառոյց ունեցող, աւելի քան մէկդարեայ փորձառութեամբ, ազգային-գաղափարական ուժը:

1990 թւականի աշնանը ՀՅԴ կառոյցը, արդէն իսկ կայացած մեծ ցանց էր ամբողջ Հայաստանում եւ Հայաստանից դուրս՝ հայաբնակ որոշ տարածքներում, ինչպէս օրինակ Արցախում: Անհրաժեշտ է արձանագրել, որ մինչեւ Հայաստանում ձեւաւորւելը այդ գործընթացը  շատ աւելի արագօրէն տեղի է ունեցել Արցախում: Հայութիւնը Երեւանի եւ Ստեփանակերտի հրապարակներում դեռ «Լենին պարտիա Գորբաչով», «Վերակառուցում ու հրապարակայնութիւն» էր գոռում, Խորհրդային Միութիւնից արդարութիւն ու օրինականութիւն էր պահանջում, այնինչ Սումգայիթում ու այլ վայրերում տեղի էին ունենում ջարդեր եւ տեղահանութիւններ, բռնութիւններ Արցախում եւ շրջակայքի հայաբնակ բնակավայրերում։ Դաշնակցութիւնը իր բնազդով ու կենսափորձով շատ շուտ էր հասկացել, որ պայքարը խաղաղ ճանապարհով չի ընթանալու, եւ  պատմական արդարութեան վերականգնման մեր ցանկութիւնն էլ  պահանջագրերով հնարաւոր չէ լուծել, տեղի ունեցողը յանգելու է մեծ բախման: Հետեւաբար եւ լուրջ նախապատրաստական աշխատանքներ էր իրականացնում գալիք փորձութիւններին դիմակայելու համար: Պատահական չէ, որ Արցախի կուսակցական ընկերների բացարձակ մեծամասնութիւնը դարձան ազգային ազատագրական պայքարի մարտիկներ:    

Պէտք է ասել, որ արցախեան պայքարի ընդերքից Երեւանում ծնւում էին, այլ պահանջներ, ինչպէս բնապահպանական, ցեղասպանութեան ճանաչման, ազգային ու քաղաքացիական այլեւայլ հիմնահարցերի հետ կապւած։ Արցախեան պահանջատիրութեան կողքին հէնց նրա ընդերքից ծնւեց ու բիւրեղացաւ, նաեւ Հայաստանի անկախ պետականութեան վերականգնման պահանջը։

 Դաշնակցութեան հայաստանեան կառոյցի մասին կարելի է ասել, որ վերջինս արցախեան պայքարի ծնունդ է, եւ այդ կնիքը հոգեբանօրէն կրում է ցայսօր։ Դաշնակցականները կռւել են բոլոր պատերազմների ժամանակ։ Հպարտութեամբ միշտ պէտք է յիշենք, որ ստանձնելով որեւէ կուսակցութեան համար շատ ծանր բեռ Դաշնակցութիւնը ձեւաւորել էր ՀՅԴ Շուշի առանձնակի գումարտակը, որը պատերազմի ամենադժւարին ճակատներում յաջողութեամբ կռիւ էր մղում Արցախի ինքնապաշտպանական ուժերի ընդհանուր հրամանատարութեան ներքոյ: Առաջին փուլում մեր ընկերներն ու առանձին ջոկատները կռւել են նաեւ Հայաստանի սահմանային ողջ բախման գօտում, իսկ ովքեր չէին կռւում հիմնականում զբաղւած էին ի աջակցութիւն Արցախեան պայքարի ու պայքարողների իրականացւող այլեւայլ աշխատանքներով։ Առանց չափազանցութեան կարող եմ ասել, որ այն ինչ այս օրերին տեղի ունեցաւ Արցախի հետ Հայաստանի դաշնակցականները ընկալում են որպէս անձնական ողբերգութիւն։ Յատկապէս մեր ազգային պայքարի առաջին տարիներին Դաշնակցութեանն անդամագրւածներին սխալ չէ անւանելը Արցախեան պայքարի սերունդ:

Հեշտ չի եղել Դաշնակցութեան գործը, նրա պայքարի ընթացքը։ Անկախ Հայաստանի առաջին իշխանութիւնները ազգային աւանդական եւ պետականակերտ կուսակցութեան նկատմամբ որդեգրեցին այն նոյն վերաբերմունքը ինչ ունեցել էին խորհրդային իշխանութիւնները։ Ի դէպ սրանց քաղաքական ժառանգորդն էլ դարձաւ նիկոլական հակազգային իշխանութիւնը։ Ինչպէս վերեւում ակնարկեցի մշտապէս զգալի է եղել նաեւ Դաշնակցութեան հնարաւորութիւնները սահմանափակելու արտաքին ուժերի թելադրանքը։ Հալածանքներն ու  վարկաբեկումները,  ուղղւած են եղել նրան, որպէսզի թոյլ չտան, որ Դաշնակցութեան ազգային գաղափարները տարածւեն դառնան հայ ժողովրդի մտածումներն ու տենչերը։ Այդ ամենով հանդերձ Դաշնակցութիւնը ձեւաւորւել է, ոտքի է կանգնել, իր կառոյցներով դարձել է ամենաամուրը, ամենակազմակերպւածը եւ ամենագաղափարականը ու այդպիսին է մնում ցայսօր: Մեր կողքին Հայոց համազգային շարժումը իր մէջ ներառաւ հասարակութեան հսկայական հատւածի, սակայն իշխանութիւնը կորցնելուց յետոյ այդ աւազէ բուրգը փլուզւեց։ Նոյնը տեղի ունեցաւ Հանրապետական կուսակցութեան եւ փաստացի, անկախութեան առաջին տասնամեակին ասպարէզ իջած բոլոր մեծ ու փոքր կուսակցութիւնների հետ, բացառութեամբ  Դաշնակցութեան։ Ի դէպ կասկած չկայ, որ իշխանութիւնը կորցնելուց յետոյ այսօրւայ իշխող քաղաքական ուժից մնալու է միայն դառն ու ամօթալի յիշողութիւն:

Այսքանից յետոյ աւելացնեմ, որ այնպէս չէ, թէ մենք մեզանով հիացած ենք։ Բոլորիս աչքի առջեւ տեղի ունեցաւ Արցախեան ողբերգութիւնը եւ հիմա  Հայաստանի պետականութեան ապագան է մշուշւում՝ գլխաւորաբար բախտախնդիր իշխանութիւնների վարած քաղաքականութեան պատճառով։ Եթէ ցայսօր մեզ չի յաջողւել հայութեան գլխին կախւած առկայ սպառնալիքները չէզոքացնել նշանակում է դեռ մեծ առաքելութիւն կայ մեր ուսերին՝ ժողովրդի ճակատագիրը խաղաղ, ապահով ու արժանապատիւ մայրուղի դուրս բերելու հարցում: Եւ, առհասարակ, Դաշնակցութիւնն իրենից գոհ լինել չի կարող քանի դեռ չեն իրագործւել հայ ժողովրդի հաւաքական իղձերն ու նպատակները։

-Այդ տարիներին հասունացաւ Դաշնակցութեան գործունէութեան համար պարարտ հող, նման մթնոլորտի ձեւաւորման համար ի՞նչ նախադրեալներ կային եւ ինչպէ՞ս այդ միջավայրում մեծացաւ կուսակցութիւնը:

-Արցախի ազատագրութեան եւ հայոց պետականութեան վերականգնման նպատակներ՝ ահա այն գաղափարական պարարտ հողը, որի վրայ կուսակցութիւնը ցանեց իր սերմերը։ Դաշնակցութիւնը Հայաստան մտաւ թեւերը լայն բացած, իր բոլոր կառոյցներով, նաեւ իր ուղեկից միութիւններով, որովհետեւ դրա անհրաժեշտութիւնը կար: Ձեւաւորւեցին ՀՄԸՄ-ը,  ՀՕՄ-ը, «Համազգային» հայ կրթական եւ մշակութային միութիւնը: Ի դէպ իրենց բնագաւառում եւ ոչ կառավարական կազմակերպութիւնների թւում դրանք առաջատարները եղան Հայաստանում։

Հայաստանում մենք առաջին շրջանում բաւական լաւ քարոզչական ցանց էինք ստեղծել: Առաջին հաստատութիւններից մէկը, որ կուսակցութիւնը 1991 թւականին հիմնեց Երեւանում ՀՅԴ մամլոյ եւ տեղեկատւութեան գրասենեակն էր՝ առաջին անկախ լրատւական կենտրոնը  Հայաստանում: Նոյն թւականին հիմնադրւեցին ՀՅԴ Հայաստանի Կենտրոնական կոմիտէի օրգան «Երկիր» թերթը եւ ՀՅԴ Բիւրոյի հայաստանեան պաշտօնաթերթ «Ազատամարտ»-ը: Բաւական է ասել, որ «Երկիր» պաշտօնաթերթը տպագրւում էր 45000 տպաքանակով, իսկ «Ազատամարտը» հայերէն տարբերակով 20, եւ ռուսերէն տարբերակով 8 հազար տպաքանակով։ Այն ունէր իր գրական «Վարուժան», ռազմադաստիարակչական «Ասպար», տեսական-իմաստասիրական «Միտք», «Զանգակ»  մանկական յաւելւածները։ Մեր պաշտօնաթերթերի տպաքանակները աննախադէպ էին Հայաստանի համար։

-Այդ տարիներին հրատարակւած «Ազատամարտ»-ի վերաբերեալ ինչ կասէք:

-«Ազատամարտ»-ը շատ հետաքրքիր թերթ էր, տպագրւում էր մաշտոցեան ուղղագրութեամբ, ինչպէս նշեցի ունէր նաեւ իր ռուսերէն տարբերակը: Խմբագրապետ էր նշանակւել Մուշեղ Միքայէլեանը, որը Հայաստանի առաջին դաշնակցականներից էր։ Նրան յաջողւել էր շատ լաւ խմբագրակազմ հաւաքել, խմբագիրների մեծ մասը կայացած անհատներ էին՝ դասախօսներ, մտաւորականներ, որոնք գլխաւորեցին թերթի տարբեր բաժինները՝ Քաղաքական, Տնտեսական, Հայ կեանք, Հասարակութիւն, Մշակոյթ, եւ այլն: Ինքս թերթ էի հրաւիրւել ՀՅԴ մամլոյ եւ տեղեկատու գրասենեակից եւ աշխատել եմ թերթում մինչեւ իր գոյութեան վերջին օրը՝ 1994 թւականի դեկտեմբերի 28-ը: Այդ գիշեր նախապատրաստում էինք  տարւայ ամփոփիչ համարի լոյս ընծայումը, երբ տեղի ունեցաւ ՀՀՇ-ական իշխանութիւնների կազմակերպած խայտառակութիւնը՝ Դաշնակցութեան գործունէութիւնը կասեցւեց, մի շարք ընկերներ ձերբակալւեցին, որոշները յայտարարւեցին անցանկալի անձեր, ջարդ ու փշուր արւեցին, թալանւեցին, կողոպւեցին եւ ոստիկանութեան հսկողութեան տակ առնւեցին  կուսակցութեան բոլոր գրասենեակներն ու խմբագրատները։ Ցաւօք այս անգամ էլ այսպիսի աւարտ ունեցաւ «Ազատամարտ»-ի «կենսագրութիւնը»։ Խմբագրապետ Մ. Միքայէլեանը յաճախ էր ասում. «Պէտք է վերականգնել հայ մամուլի աւանդոյթները»։ Չգիտեմ որքանով մեզ յաջողւեց, սակայն փորձում էինք կայացնել ազգային ոգի եւ շունչ ունեցող, գաղափարական, միաժամանակ ազատ, համարձակ թերթ, որը հաւատարիմ կը լինէր իր անւանն ու այն աւանդներին, որոնք ունեցել էր իր նախորդը՝ 1909 թւականից մինչեւ 1915 թւականի Ապրիլի 24-ի գիշերը Պոլսում հրատարակւած «Ազատամարտ»-ը (առաջինին գլխատեցին երիտթուրքերը, երկրորդին՝ Լեւոն Տէր-Պետրոսեանի վարչախումբը)։ Պէտք է նշել, որ «Ազատամարտ»-ը եւ մնացած մեր մամուլը մեծ դեր են խաղացել յետխորհրդային հասարակական մտքի, վերափոխման, ազգային մտածողութեան, գաղափարախօսութեան, Արցախեան պայքարի գաղափարական հիմնաւորման եւ արմատաւորման գործում: «Ազատամարտ»-ի մասին աւելացնեմ, որ շնորհիւ աշխատակիցների եւ թերթի շուրջ համախմբւած ազգային մտածողութեան տէր հիմնականում երիտասարդ մտաւորականութեան այն հայկական էութեամբ, ազատ-արհեստավարժ մամուլի օրինակ էր։ Վստահօրէն կարող եմ յայտարարել, որ 1990-ականների դաշնակցական մամուլը մեծ դեր ունեցաւ անկախացած Հայաստանում ազատ եւ ազգային մամուլի կայացման գործում, իսկ նրա գործունէութեան կասեցումից յետոյ մամուլը մեծ յետընթաց ապրեց, այն գլխաւորաբար վերածւեց քաղաքական ուժերի ձեռքին կոյր գործիքի, որի հիմանական անելիքը ցայսօր վարկաբեկումն է եւ ինտրիգայնութիւնը։ Դժբախտաբար այդ մամուլը  ամօթալի դեր ունեցաւ հասարակութեան բարոյազրկման, ապազգայնացման քարոզի, հասարակական-քաղաքական մթնոլորտի ապականման, ներհասարակական պառակտումների գործում: Պատահական չէ, որ հէնց այդ աւազանից դուրս եկաւ հայութեան գլխին պատուհաս դարձած երկրի այսօրւայ ղեկավարը:

-Այսօրւայ դրութեամբ, լինելով նաեւ «Դրօշակ» պաշտօնաթերթի խմբագիրը, ի՞նչ էք կարծում, մամուլը դերակատարութիւն ունի՞ հասարակութեանը ուղղորդելու, հասարակական մտքի ձեւաւորման գործում: Եթէ զուգահեռներ անցկացնենք, ապա դաշնակցական մամուլը այն ազդեցութիւնը, որն ունեցել է ժամանակին ինչպէս կարող է վերականգնել:

-Նախ ճշտենք, որ մամուլ ասելով  այսօր հասկանում ենք եւ տպագիր մամուլը, եւ էլեկտրոնայինը եւ, ըստ էութեան, այդպիսի գործառոյթ են իրականացնում հասարակական ցանցերը: Վերջինները, օրինակ, վերածւել են այնպիսի մամուլի միջոցի, որոնցով տեղեկատւութիւնը շատ աւելի արագօրէն է սփռւում՝ կարողանալով ինտերակտիւ կապ ստեղծել հանրային լայն շրջանակների միջավայրում: Այդ պատճառով էլ նրանք  աւելի մեծ չափով են ծառայում ամէն տեսակի «ֆէյքերի» տարածմանը՝ ընդորում հիմնականում կազմակերպւած ու համակարգւած՝ յաճախ հմտօրէն ղեկավարւող լայն քարոզչական ճակատի միջոցով։  Պատահական չէ, որ հէնց այդ գործիքի միջոցով  այսօրւայ Հայաստանի իշխանութիւնները կարողացան համապատասխան ներգործութիւն ունենալ զանգւածային գիտակցութեան վրայ եւ մտքի շփոթ գոյացնել սեփական ազգային շահերի դէմ։ Նմանօրինակ գործընթացները լաւ հասկանալու համար, որպէս օրինակ, յիշենք արաբական աշխարհը, որն աւելի ներփակ է, պահպանողական, արեւմուտքից տարբերւող միջավայր է, այլ հոգեկերտւածք ունի կրօնական եւ այլ հանգամանքներով պայմանաւորւած: Սակայն այս երկրներն անգամ հնարաւոր դարձաւ յեղաշրջել նոյն հասարակական-երիտասարդական դաշտում աշխատելու, ներքին խնդիրները շահարկելու ճանապարհով, փակ համակարգերը ճեղքելով համացանցի միջոցով եւ  ժողովուրդներին տանելով կեղծ եւ վտանգաւոր նպատակների յետեւից: Մեր իրականութեան օրինակով առկայ վիճակի ախտաճանաչումն անելով, սակայն, չենք կարող ձեռքներս ծալած նստել։ Կը թւայ ինքս իմ վերեւի մտքերին հակասում եմ եթէ ասեմ, որ բոլոր ժամանակներն էլ ունեն իրենց դժւարութիւններն ու առանձնայատկութիւնները եւ դու կամ մրցակցային ու յաղթող ես այդ միջավայրի մէջ  կամ մրցակցային չես եւ ենթակայ ես այս երեւոյթի բացասական հետեւանքներին։ Անհրաժեշտ է կատարել իրավիճակի անաչառ գնահատում բացերն ու թերութիւնները շտկելու համար։ Անհրաժեշտ է արդիականանալ թէ՛ աշխատանքային գործիքակազմերի, եւ թէ՛ մտքի զարգացման առումով։ Անհրաժեշտ է աւելի արհեստավարժ դառնալ, պէտք եղած պարագայում նաեւ  համակարգից դուրս փնտրելով եւ ներգրաւելով համապատասխան կարող ուժերի, մասնագէտների եւ այլն։ Ապացուցելու կարիք չկայ, որ համահայկական իրականութեան մէջ Դաշնակցութեան մամուլը շարունակում է մնալ ազգային քարոզչադաշտի հիմնական դերակատարներից մէկը եւ այնպէս չէ, որ մեր քարոզչութիւնը իր դերակատարութիւնը չունի հէնց հայաստանեան հանրային հարթակում։ Իրականութիւնն այն է, որ այսօր իշխանութիւնների ազդեցութեան տակ մնում է հասարակութեան չիրազեկւած, չկողմնորոշւող, դեռեւս մոլորութեան մէջ խարխափող փոքրամասնութիւնը, բայց հէնց նրա վրայ էլ յենւում է իշխող ռեժիմը, իսկ մեծամասնութեան հարցում դեռեւս չի յաջողւել յաղթահարել կասկածամտութիւնը, վարանումը, հաւատի պակասը հէնց սեփական ուժերի նկատմամբ։

-Այն, որ Հայաստանը պէտք է ոտքի կանգնի յստակ է, այդ հարցում մեր անելիքը ո՞րն է: Ինչպէս է հնարաւոր ելքեր գտնել հասարակութեանը յոյս ներշնչելու համար:

-Այսօրւայ մեր գլխաւոր խնդիրը պէտք է լինի ժողովրդին համոզելը, որ ոչ թէ Նիկոլին հեռացնելն է նպատակը, այլ ազգային մտածողութեանն ու ռազմավարութեանը,  ազգային արժէքներին եւ շահերին  վերադարձը։ Եթէ պայքարը չի տարւում գաղափարական-քաղաքական հակադիր մօտեցումները  ժողովրդին ըմբռնելի դարձնելու ուղղութեամբ, ապա տեղի ունեցողը  հասարակութեան զգալի մէկ հատւածի վրայ թողնում է պարզ աթոռակռւի տպաւորութիւն։    

Անհրաժեշտ է աշխատել ժողովրդի հետ ողջ երկրում։ Անհրաժեշտ է նրա մօտ գնալ եւ նրան հրապարակ հրաւիրել  ունենալով  յստակ ծրագիր, վերջնանպատակ եւ դրանց տանող ճանապարհային քարտէզ։ Իր գործի եւ յաղթանակի նկատմամբ կամք ու հաւատ ունեցողը միայն կարող է ուրիշին կամք ու հաւատ ներշնչել։          

Ժողովուրդին պէտք է ըմբռնելի եւ փաստարկւած բացատրել, որ Արցախը կորած չէ եւ առանց Արցախի ահա տեղի է ունենում Հայաստանի դանդաղ գրաւումը։ Պէտք է բացայայտել այն իրողութիւնը, որ  զիջելով ու ծնկի գալով միայն մեծացնում ես գալիք պատերազմների հաւանականութիւնը, իսկ նախանիկոլական մօտ 25 տարիներին գլխաւորաբար խաղաղութիւն է եղել, որովհետեւ այն պարտադրւել է թշնամուն: Ինչպէս եղաւ, որ 88-ին ոտքի ելած ժողովուրդը միմիայն յաղթանակներ էր տանում, իսկ Նիկոլի ղեկավարած երկիրը միայն պարտւում է: Ժողովրդի մէջ ոգի սերմանելու փոխարէն իշխանութիւնը միայն վախ ու դատապարտւածութիւն է ներարկում։ Ում է պէտք այդպիսի իշխանութիւնը, ում է պէտք  այն իշխանութիւնը, որը հայրենիքի մի մասը զիջում է իբրեւ թէ մնացածը փրկելու համար, սակայն յետոյ պարզւում է, որ դարձեալ պէտք է բաներ զիջի եւ, վստահաբար, սրան վերջ չկայ։ Ում է պէտք այնպիսի իշխանութիւնը, որը սեփական ժողովրդի հետ յոյսեր չի կապում եւ անվտանգութիւն է մուրում դրսում, մուրում է նրանցից ովքեր շահագրգռւած են եղել եւ լուռ հետեւել են, թէ ինքն ինչպէս է պարտւում եւ ինչպէս է զիջում։ Թւում է այս ամէնը շատ պարզ է, բայց  այդ դէպքում ինչո՞ւ ժողովրդի մի զգալի զանգւած շարունակում է մնալ անտարբեր։ Այս ամէնը թելադրում է  համապատասխան անելիքներ՝ այդ թւում քարոզչական ոլորտում։

Լուրջ եւ համակարգւած քարոզչական աշխատանքի բաց կայ, որը հիմնական դեր պէտք է խաղայ հասարակութեանը կրաւորական դիտողից ակտիւ գործողի վերածելու համար։

-Նշում էք, որ ազգային համակարգւած համընդհանուր ազատագրական պայքար է անհրաժեշտ, ինչպիսի՞ ձեւակերպում պէտք է ունենայ այդ պայքարը, եւ քարոզչութեան առումով «Դրօշակը» ի՞նչ դեր է կատարում այս դաշտում։

-«Դրօշակ»-ը եղել է ազգային ազատագրական պայքարի դրօշակակիր, այսօրւայ «Դրօշակ»-ը եթէ թերթէք, կը տեսնէք, որ հիմնական թեման Արցախն է, վտանգւած Հայաստանը եւ մեր պայքարը ազգային կենսական խնդիրների լուծման համար: Որքան էլ, որ հասարակական ցանցերը յաջող գործիք են քաղաքական իրադարձութիւններ հրահրելու, դրանց վրայ ազդելու առումով ես հաւատացած եմ, որ երբեք անցած չէ լուրջ, գաղափարա-քաղաքական մամուլի ժամանակը։ Մարդկանց կարելի է հրահրել, սադրել համացանցի միջոցով, սակայն գաղափարապէս զինել, կրթել, վերափոխել ու վերադաստիարակել հնարաւոր է միայն լուրջ ու հիմնաւոր խօսքի միջոցով։ «Դրօշակ»-ը շարունակում է մնալ այս ճակատի զինւորը, իսկ թէ ինչքանով է արդիւնաւէտ նրա գործունէութիւնը ես չէ, որ պէտք է գնահատեմ։ Յամենայնդէպս յիշում եմ, որ անցած դարի 90-ականների նոյնանման իրողութիւնների պայմաններում մեր քարոզչութեանը յաջողւեց կաթիլ-կաթիլ ազդելով մտքերի շփոթի վրայ, ապազգային գաղափարախօսութեան ժայռը ճեղքել։ Ես հիմա էլ հաւատում եմ այդ գործի անհրաժեշտութեանը եւ արդիւնաւէտութեանը։ Անհրաժեշտ է գեներացնել ազգային առողջ միտքը, մղել նրան ակտիւութեան։ Անհրաժեշտ է քարոզել Հայրենիք-Սփիւռք միասնական ռազմավարութեան որդեգրման անհրաժեշտութիւնը։ Անցնող  35 տարիներին այդ բանը չարւեց, թէեւ Սփիւռքն ու Հայրենիքը միաւորւել են հոգեպէս: Դրա վկայութիւնն այն է, որ ամէն օր սփիւռքահայն արթնանում է իր հեռաւոր բնակավայրում այն մտահոգութեամբ, թէ տեսնես ինչ է տեղի ունենում հայրենիքում եւ հայաստանցին էլ իր կողքին այսօր սիրով տեղ է տալիս  սփիւռքահային չնայած, որ օրւայ իշխանութիւնը, իրեն դաստիարակող առաջին իշխանութեան օրինակով, զբաղւած է վարկաբեկելով ու պառակտելով արցախցիներին, սփիւռքահայերին, ինչպէս եւ հէնց հայաստանցիներին։

Սա նշանակում է, որ գաղափարական աշխատանքը մշտական գործընթաց է, նշանակում է, որ մեր պայքարն ու նպատակները նոյնն են հետեւաբար եւ միասնական պէտք է լինի հայութիւնը՝ ներքին ու արտաքին չարիքի դէմ։  Համակարգւած ու միասնական պայքար պէտք է տարւի  ապազգային հոսանքի դէմ, ընդդէմ արտաքին ու ներքին պարտւողական եւ նահանջողական քարոզչութեան: Անհրաժեշտ է աշխատել երիտասարդութեան հետ՝ արմատներին հաւատարիմ սերնդին փոխանցել պայքարի եւ հայութեան ապագայի վառւող ջահը։

-Շնորհակալութիւն:

Հարցազրոյցը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ