կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-07 13:07
Քաղաքական

Արդյունք կլինի, եթե Սերժ Սարգսյանն անձամբ ստանձնի լոկոմոտիվի դերը. Վիգեն Խաչատրյան

Արդյունք կլինի, եթե Սերժ Սարգսյանն անձամբ ստանձնի լոկոմոտիվի դերը. Վիգեն Խաչատրյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը և ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Վիգեն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձան կառավարության կազմում տեղի ունեցած վերջին փոփոխություններին:

Ըստ Մինասյանի` փոփոխություններն արդյունավետ են դարձնելու մեր երկրի տնտեսությունը, հոգևոր, մշակութային կյանքը, արդարության, հավատի, հույսի ընդլայնում են ապահովելու:  

«Փոփոխությունները պարտադիր են:  Կառավարությունն իր առջև դրել է մոտակա և հեռակա ծրագրեր, որոնք իրականացնելու համար անհրաժեշտ են նորովի մտածող մարդիկ, ովքեր հանրության մեջ որևէ բացասական արձագանք չունեն»,- ասաց նա` հավելելով, որ հանրապետության նախագահը և կառավարության ղեկավարը նույնպես մանրամասն ուսումնասիրել են թեկնածուների հնարավորությունները, որպեսզի հասնեն արդյունքի:

Մյուս բանախոսը` Վիգեն Խաչատրյանը, նշեց, որ մինչև հիմա ինքը լսել է միայն գեղեցիկ խոսքեր, և դրանք բավարար չեն:

«Շատ սիրուն խոսում են, բայց ես հիմա միայն տեսնում եմ, որ պաշտոնյաների փոփոխությունները տեղի են ունենում անձին նվիրվածության սկզբունքով, տվյալ դեպքում` վարչապետին կամ նախագահին նվիրված անձինք են պաշտոններ ստանում: Այլ տրամաբանություն չկա»,- ասաց նա:

Ըստ Խաչատրյանի` օրենքի առջև բոլորը պետք է հավասար լինեն, որպեսզի տնտեսությունն էլ զարգացում ապրի: Նա նաև նշեց, թե գոհ է, որ Սուրիկ Խաչատրյանին ազատել են Սյունիքի մարզպետի պաշտոնից, բայց նաև կարևորում է այն, թե ում են Սուրիկ Խաչատրյանի փոխարեն նշանակել:

«Մամուլում գրում են և շատ ճիշտ են գրում` Սյունիքն ազատվեց Սուրեն Խաչատրյանից, իսկ կոմբինատը` Վահե Հակոբյանից»,- նշեց նա:

Մինասյանը համաձայնեց հնչեցված մտքի հետ, թե օրենքի առաջ բոլորն էլ հավասար պետք է լինեն: «Որոշումները հրապարակային քննարկումների արդյունքում պետք է կայացվեն` առավել արժանահավատ ընկալվելու համար: Տարբեր շահագրգիռ խմբերի հետ հանդիպումներ եւ քննարկումներ են լինում, որոնց արդյունքում էլ որոշումներ են կայացվում: Կառավարությունն իր ծրագրով կներկայանա, և կիմանանք, թե ինչ պիտի անել և ինչպես պիտի անել»,- ասաց նա: 

Խաչատրյանի կարծիքով` այս կառավարությունը չի կարող արդյունավետ աշխատել, քանի որ չունի հասարակության աջակցությունը: «Եթե նույնիսկ նոր կառավարության ներկայացրած ծրագիրը իդեալական լինի, այն չի կարող արդյունավետ աշխատել, քանի որ չունի հասարակության աջակցությունը»,- շեշտեց նա:

Ըստ Խաչատրյանի` այս կառավարության վրա չպետք է դրվի իշխող ուժի հեղինակությունը բարձրացնելու դեր: «Այս կառավարության վրա երկրի տնտեսական իրավիճակի բարելավման խնդիր է դրված`արագ տեմպերով զարգացում, կառավարման համակարգի արդյունավետություն: Դա չի կարող քաղաքականության վրա անդրադարձ չունենալ, բայց մեր կառավարության առջև այլ խնդիր է դրված»,- նշեց նախկին պատգամավորը:

Խաչատրյանը հարց ուղղեց Մինասյանին. «Եթե չստացվի կառավարության մոտ լուրջ հաջողություններ գրանցել, ո՞վ է պատասխան կրելու դրա համար»: Մինասյանն արձագանքեց. «Ես համոզված եմ, որ անպայման կստացվի»: 

«Ես կասկածում եմ: Արդյունք կլինի, եթե Սերժ Սարգսյանն անձամբ ստանձնի լոկոմոտիվի դերը: Ատկատները, որոնց մասին խոսում էր Սերժ Սարգսյանը, չվերացան, գաղջ մթնոլորտը ևս չվերացավ: Քաղաքական վերնախավն իր վարքն ու բարքը պիտի փոխի, որ ներքևները փոխվեն: Ու եթե նման որոշում կա, դա շատ արագ կերևա»,- եզրափակեց Խաչատրյանը: