կարևոր
3139 դիտում, 7 ամիս առաջ - 2024-03-07 16:55
Քաղաքական

ՀՀ-ի դիրքորոշումը նույնն է․ ՀՀ-ն շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին․ Արարատ Միրզոյան

ՀՀ-ի դիրքորոշումը նույնն  է․ ՀՀ-ն շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը Կիպրոսի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին․

«Մեծարգո՛ նախարար, 

Իմ լավ բարեկամ Կոնստանտինոս, 

Պատվիրակության հարգելի’ անդամներ, ներկաներ, 

Ուրախ եմ այսօր ողջունել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Երևանում: Մեր երկրների միջև հարաբերությունները հիմնված են եղբայրության, ջերմ հարաբերությունների, փոխըմբռնման, համերաշխության և երկար պատմության վրա, նաև բարձր մակարդակի շփումները մեր տարբեր գործակալությունների, նախարարությունների միջև պարբերական շփումներն, անշուշտ, ավելի են ամրապնդում այդ կապերը, և պետք է ասել, որ մենք Կիպրոսի հետ ունենք բավականին հարուստ երկկողմ օրակարգ, մենք նաև համերաշխ և գործընկերային հարաբերություններ ենք վայելում միջազգային տարբեր ձևաչափերում և միջազգային հարթակներում: 

Հարգելի՛ ներկաներ,

Այսօր իմ գործընկերոջը երախտիք եմ հայտնել հայկական կողմի այն աջակցության համար, որը մենք ստացել ենք Կիպրոսից և շարունակաբար ստանում ենք գործադիր իշխանության, օրենսդիր իշխանության մակարդակով բոլոր զգայուն հարցերում՝ Հայաստանի տարածքային ամբողջականության հետ կապված, ինչպես նաև երախտիք եմ հայտնել Լեռնային Ղարաբաղից փախստականներին ցուցաբերված օգնության համար. ինչպես գիտեք, նրանից 30-ը հնարավարություն ունեցան նաև ապաքինվել Կիպրոսում, և ընդհանրապես այն աջակցության համար, որը մենք մշտապես ստանում ենք միջազգային հարթակներում Կիպրոսի կողմից: 

Ուրախությամբ կարող եմ ասել, որ մենք որոշում ունենք դիվանագիտական ներկայացուցչություն բացել Կիպրոսում հնարավոր ամենամոտ ապագայում. մեր կողմից ջանքեր չենք խնայի, որ դա արվի հենց այս տարի, վստահ եմ, որ ամենալուրջ դիվանագիտական ներկայությունը, պաշտոնական ներկայությունը՝ ներկայությունը մայրաքաղաքներում, միմիայն կկարողանա խրախուսել և նպաստել հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը: 

Ավելորդ չեմ համարում նշել, որ մենք հիանալի համագործակցություն ունենք ոչ միայն արտաքին գործերի նախարարությունների միջև և ընդհանուր առմամբ գործադիր իշխանությունների միջև, այլև խորհրդարանների մակարդակով:

Անշուշտ, աջակցությունը, որի մասին ես խոսեցի, զգալի է նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների հարթության վրա, ուզում եմ տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետությունը խորացնում է իր հարաբերությունները Եվրոպական միության հետ, մենք ունենք Համապարփակ համագործացկության  պայմանագիրը, բայց ինչպես գիտեք, ԵՄ հետ համատեղ մենք հիմա փորձում ենք տեսնել ինչ նոր գործիքներ և մեխանիզմներ կարող են ավելացվել մեր՝ Հայաստան-ԵՄ օրակարգում. մի քանի գործիքների մասին հրապարակավ առիթներ ունեցել ենք խոսելու, այդ թվում՝ օրինակ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին:      

Հարգելի՛ ներկաներ,

Բնականաբար ես գործընկերջոս ներկայացրել եմ Ադրբեջանի հետ բանակցությունների վերջին զարգացումները: Ուզում եմ միանգամից ասել՝ Հայաստանի դիրքորոշումը նույնն  է, և Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին: Եվ, ինչպես գիտեք, այստեղ կան մի շարք առանցքային հարցեր, բայց թերևս ամենաառանցքայինն ու կարևորը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն է և հետագա սահամանզատման գործընթացը՝ հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի և դրանով սահմանվող սկզբունքների վրա, ըստ այդմ՝ 1991 թվականի սահմանագծի. մի սկզբունք, որի շուրջ և՛ Հայաստանը և՛ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով մի քանի անգամ պայմանավորվածություն կրկին ձեռք են բերել, իրենց հավատարմությունն այս հռչակագրին վերահաստատել են, օրինակ՝ Պրահայում, Սոչիում, Բրյուսելում և այլուր: Մենք կարծում ենք, որ խաղաղության հաստատումը այս սկզբունքով մեր տարածաշրջանում ոչ միայն քաղաքական առումով նպաստավոր կլինի երկրների համար, այլև տնտեսական մեծ շահավետություն կներկայացնի իրենից: Հենց այս ըմբռնումով է, որ մենք հանդես եկանք «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, համաձայն որի տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքները կարող են ապաշրջափակվել՝ իհարկե գիտակցելով, որ Հայաստանի ենթակառուցվածքները պետք է մնան Հայաստանի Հանրապետության և, բնականաբար Ադրբեջանինը՝ Ադրբեջանի ինքնիշխանության ներքո, գործեն երկու երկրների իրավազորության ներքո, և, իհարկե, բոլոր պայմանավորվածությունները պետք է լինեն փոխադարձության և հավասարության սկզբունքի հիման վրա:

Ինչպես գիտեք, մենք այս թեմաներով շարունակում ենք աշխատել Ադրբեջանի հետ, և առաջընթացի դեպքում, իհարկե, բոլորդ էլ տեղյակ կլինեք:

Սիրելի՛ գործընկեր,

Շնորհակալություն եմ հայտնում ևս մեկ անգամ այցի համար: Գիտեմ Ձեր բազմազբաղ գրաֆիկը, գիտեմ նաև Ձեր տարածաշրջանում առկա լրջագույն մարտահրավերները, գիտեմ նոր մարտահրավերները, նախաձեռնությունները, որտեղ Կիպրոսը փորձում է օգտակար լինել տարածաշրջանում հանգուցալուծումների ուղղությամբ: Եվ այդ շրջանում ժամանակ եք գտել նաև կրկին Ձեր գործընկերներին և Ձեր ընկերներին այստեղ այցելել, ինչի համար շնորհակալ եմ: Բարի գալուստ»:     

Հիշեցնենք՝ ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանն ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայություն և ՌԴ-ի «աջակցության» կարիքը չունի։