կարևոր
3151 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-03 18:10
Քաղաքական

Շրջափակման օրերին ՀՕՄ-ը շարունակում է հավատարիմ մնալ իր առաքելությանը

Շրջափակման օրերին ՀՕՄ-ը շարունակում է հավատարիմ մնալ իր առաքելությանը

Աշխարհի տարբեր ծագերում ապրող մեր հայրենակիցների հայացքն այժմ ուղղված է երկրաշարժի հետևանքով ծանր կացության մեջ հայտնված Սիրիայի հայկական համայնքին: Միանալով ՀՕՄ-ի աշխարհասփյուռ միավորներին և ողջ հայությանն ուղղված «Ձեռք ձեռքի մեր հայրենակիցների կողքին» կոչին՝ Հայ օգնության միության Արցախի միավորն իր զորակցությունն է հայտնում Սիրիայում ապրող մեր քույրերին և եղբայրներին և միանում համահայկական օժանդակության աշխատանքներին։ Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է Հայ օգնության միության Արցախի միավորի ատենապետուհի Լիլիթ Մարտիրոսյանը։

Նա նշել է, որ չնայած շրջափակման ծանր պայմաններին` Արցախի կառավարությունը, համագործակցելով Հայ օգնության միության Արցախի մասնաճյուղի հետ, որոշում է կայացրել միանալ համահայկական օժանդակության աշխատանքներին՝ կազմակերպելով դրամահավաք․ «Միայն մեր համազգային ամուր միասնականությամբ ու միմյանց սատար կանգնելու անկեղծ ջանքերով է հնարավոր հաղթահարել ինչպես բնության արհավիրքները, այնպես էլ՝ արհեստածին մարտահրավերները։ Ձեր նվիրատվությունները ՀՀ դրամով կարող եք կատարել «Արցախբանկ»-ում բացված հաշվեհամարին՝ 22300100156701»։

ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհու խոսքով՝ ՀՕՄ-ը շրջափակման օրերին շարունակում է հավատարիմ մնալ իր առաքելությանը և փորձում է ամեն կերպ նպաստել սոցիալական, կրթական, առողջապահական և այլ ոլորտների զարգացմանը։ «Շրջափակման պայմաններում առաջին հերթին փորձել ենք ուրախացնել երեխաներին։ Քանի որ շրջափակման պայմաններում հնարավոր չէր մեծ քանակությամբ նվերներ ձեռք բերել, օգտվել ենք պահեստներում առկա խաղալիքներից, հագուստից, որոնք ուղարկում են ՀՕՄ-ի տարբեր մասնաճյուղերը։ Մեր միավորը ԱՀ Ասկերանի շրջանի Խնապատ, Մարտունու շրջանի Խնուշինակ, Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ ու Գառնաքար համայնքների աշակերտների, Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի մանկապարտեզի մոտ 500 երեխաների համար ամանորյա անակնկալ է պատրաստել: Նշված համայնքների մանուկներն ու պատանիներն արժանացել են նվերների»,- ասել է Լ․ Մարտիրոսյանը:

Լիլիթ Մարտիրոսյանը խոսել է մեկ այլ ծրագրի մասին, որի օգտակարության մասին ևս մեկ անգամ համոզվել են հենց շրջափակման օրերին, երբ հոսանքի ու գազի հաճախակի անջատումներ էին լինում։

«Արցախի մի շարք համայնքներում 101 արևային ջրատաքացուցիչներ են տեղադրվել զոհված, հաշմանդամություն ունեցող, բազմազավակ ընտանիքների համար։ Մի քանի սարքեր դեռևս պիտի տեղադրվեն, ճանապարհի փակ լինելու պատճառով չեն հասել հասցեատերերին»,- ասել է Լ․ Մարտիրոսյանը՝ հավելելով, որ նախատեսվում է ծրագիրը շարունակել։

Հիշեցնենք, որ շրջափակման օրերին ՀՕՄ-ի Հայաստանի շրջանը շուրջ 10 տոննա պարենամթերք է հանձնել Արցախի Հանրապետության ներկայացուցչությանը։ Այս մարդասիրական օգնությունը ռուս խաղաղապահների միջնորդությամբ հասցվել է Արցախ:

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից այն տեսակավորվում և տրամադրվում է սոցիալական որոշ խմբերի ներկայացուցիչների (4 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներ, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքներ, հաշմանդամություն ունեցող անձինք, պատերազմի մասնակիցներ) և նախարարություն դիմած սոցիալապես անապահով ընտանիքներին:

Հայ օգնության միության Արցախի միավորի ատենապետուհի Լիլիթ Մարտիրոսյանը հանդիպում է ունեցել ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նորանշանակ նախարար Արմեն Մանգասարյանի հետ:

Արմեն Մանգասարյանը բարձր է գնահատել ՀՕՄ-ի հետ համագործակցությունը՝ նշելով, որ դեռևս ԱՀ բնակարանային կոմիտեի ղեկավարի պաշտոնում առիթ է ունեցել ծանոթանալու ՀՕՄ-ի գործունեությանը և պրակտիկ ու օպերատիվ գործելաոճին: Նա շնորհակալություն է հայտնել այս դժվար օրերին Արցախի կողքին գտնվող բոլոր կազմակերպություններին ու կառույցներին, այդ թվում՝ ՀՕՄ-ին:

Լիլիթ Մարտիրոսյանի առաջարկով՝ Արցախ հասած օժանդակությունից կհատկացվի նաև ՀՕՄ-ի Արցախի միավորին դիմում ներկայացրած սոցիալապես անապահով ընտանիքներին:

Տաթևիկ Աղաջանյան