կարևոր
1798 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-07 15:20
Հասարակություն

Շրջելու ենք բոլոր դպրոցներով․ «Որդիների Կանչ» ՀԿ անդամները՝ «Փառքի անկյունների» հետքերով

Շրջելու ենք բոլոր դպրոցներով․ «Որդիների Կանչ» ՀԿ անդամները՝ «Փառքի անկյունների» հետքերով

«Որդիների Կանչ» ՀԿ անդամները խրախուսելի նախաձեռնություն են իրականացնում։ Նրանք պատահական այցելում են Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներ՝ համոզվելու, որ Արցախյան պատերազմներում նահատակված հերոսներին նվիրված Փառքի անկյունները պահպանված են և որևէ կերպ չեն կարող վտանգվել։

«Լուրեր էինք ստանում, որ տարբեր դպրոցներից հանվում են Փառքի անկյունները՝ պատճառաբանելով, որ վերանորոգելուց հետո անկյունները կվերականգնեն։ Երեկ այցելել ենք Արմավիրի մարզի 4 դպրոց, կարելի է ասել՝ տպավորված ենք․ դպրոց կար, որ, վստահ եմ, Երևանում նման դպրոց չես տեսնի, թե ինչպիսի խնամքով են ստեղծել Փառքի անկյունն ու ինչ հոգատարությամբ ու մեծարանքով են վերաբերվում նահատակված տղաների հիշատակին»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Որդիների Կանչ» ՀԿ համահիմնադիր Արա Ռոստոմյանը՝  նշելով, որ իրենց այցերը լինելու են տարբեր դպրոցներ շարունակական ու անակնկալ։

«Խնդիրը հիմնականում այն է, որ մենք չենք ուզում, ինչպես միշտ է տեղի ունենում, շարժվել Նիկոլի օրակարգով, որպեսզի վերացնելուց հետո գնանք հետևանքների հետևից։ Այցելելու ենք պարբերաբար, շրջելու ենք և արձանագրենք մեր տեսածը։ Կոչս, հորդորս բոլոր ընդդիմադիր ուժերին, պատգամավորներին, քաղաքական ուժերին, հասարակական գործիչներին, եթե ոչ ամբողջ կազմով, գոնե մի քանի ներկայացուցիչներով միացեք մեզ, միավորվենք այս նախաձեռնության շուրջ, որպեսզի բացառենք ու կանխենք օրվա իշխանության հրահանգը։ Եթե մեր նահատակված հերոսների նկարները հանեն, վաղը  կփորձեն ջնջել ուրիշ բաներ, որպեսզի իրենց զրոյական կետով պատմությունը գրեն, իսկ իրենց պատմությունը 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի մասին է։ Իսկ մեր համար հայրենիքն ամբողջական է՝ Արցախով հանդերձ, որի համար մեր տղաներն իրենց կյանքը զոհեցին»,-ասաց Արա Ռոստոմյանը։

Հերմինե Զեյնալյան